Վանքասարի եկեղեցի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Վանքասարի եկեղեցի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 6-7-րդ դարերում։ Կիսավեր վիճակում պահպանվել է մինչև 20-րդ դարի վերջը։
1980-ական թթ․ սկզբին հուշարձանը ադրբեջանական վերանորոգման արդյունքում աղճատվել է։
2011-2012 թթ․ Արցախի Հանրապետության Զբոսաշրջության վարչությունը եկեղեցու տարածքում իրականացրել է մաքրման, ամրակայման և բարեկարգման աշխատանքներ։
2020 թվականի նոյեմբերի 20-ից տարածաշրջանն անցել է Ադրբեջանի հսկողության տակ, եկեղեցուց հանվել է խաչը։
Սկզբնական պատկանելությունը
Տիգրանակերտ, Տկռնակերտ
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Խաչքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Խաչեն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Սուրենավան։
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք` Վանքասար լեռան գագաթին՝ Արցախի Տիգրանակերտ քաղաքատեղիի մոտ։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Սուրենավան գյուղից 1,8 կմ արևմուտք՝ Ստեփանակերտից Մարտակերտ տանող մայրուղու ձախ կողմում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 653 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 1,1 կմ հեռավորությամբ։ Նկարագրություն
Վանքասարի եկեղեցին գտնվում է Արցախի Տիգրանակերտ քաղաքատեղիի արևմտյան կողմում վեր խոյացող համանուն լեռան գագաթին։ Պատմական անունը աղբյուրներում չի պահպանվել, և այն պայմանականորեն կրում է Վանքասարի եկեղեցի անունը։
Հուշարձանի կառուցման ժամանակաշրջանը (6-7-րդ դարեր), ինչպես նաև խաչաձև կենտրոնագմբեթ տիպի հորինվածքային առանձնահատկությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել ուսումնասիրողների շրջանակում։ Հոգևոր շինության մասին առաջին գրավոր հիշատակությունը թողել է Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը. «Լեռան գագաթին կա մենաստանի ավերակ, որի մասին ավանդում են, [թե այն] եղել է այս գավառի առաջնորդարանը»1։
Եղիշե ավագ քահանա Գեղամյանցը (Հայկունի) թեկուզև չի եղել հուշարձանի տարածքում, սակայն իր «Ուղեգնացական ակնարկներ» աշխատասիրության մեջ նշել է․ «․․․. Վաչագան Աղուանից թագաւորը իւր վերջին տարիներում եկաւ Շահբուլաղ։ Այնտեղ լերան գագաթին մի վանք շինեց, ուր և ճգնում էր․․․․ Այդ վանքը մինչև հիմայ կայ և մի փոքրիկ մատուռ է2: Վրան միայն Մ տառը կայ, ուրիշ ոչինչ»3։
1890-ականների սկզբներին հնավայր է այցելել նաև Խաչիկ վարդապետ Դադյանը, որը գծագրել է եկեղեցու հատակագիծը (չափերը նշված չեն), ընդօրինակել հարակից տարածքում գտնված խաչքարերից մեկի արձանագրությունը․ «ԵՍ ՇԱՀԱՆՇԱՀ ՈՐԴԻ ԱՇՈՏԱՅ ԿԱՆԳՆԵՑԻ ԶԽԱՉՍ ՀՈԳՒՈՅ ԻՄՈՑ, ՈՎ ԿԱՐԴԷՔ ՅԱՂԱՒԹՍ ՅԻՇԵՑԷՔ, ԹՎԻՆ ՉԺԲ (1263)»4։
Ֆրանսիական ծագմամբ շվեյցարացի հնագետ, ճանապարհորդ, ազգագրագետ և բնագետ Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերեն, 1830-ականներին այցելելով Վանքասար, նույնպես տեսել և գրի է առել Խաչիկ վարդապետ Դադյանի նկարագրած խաչքարն ու արձանագրությունը․ «Լեռան գագաթին՝ ծայր անկյունում՝ մոտ հազար ոտնաչափ բարձրության վրա, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Ղարաբաղն ու լեռների ստորոտները, հատկապես դեպի Խաչենիչայի (Խաչենագետ) հովիտը, ես հասա փոքրիկ հայկական եկեղեցու ավերակներին՝ կառուցված մշակված քարերով, եկեղեցին հավանաբար կառուցվել է տասնմեկերորդ կամ տասներկուերորդ դարում։ Եկեղեցու ներքին կառուցվածքը խաչաձև է․ թևերից երեքը կիսաշրջանաձև են, իսկ չորրորդը՝ բեմի դիմացինը՝ քառակուսի։ Մուտքի դռան կիսաշրջանաձև կամարը հենվում է երկու սյուների վրա, որոնք անվարժ ձևով ընդօրինակում են իոնական ոճը։ Եկեղեցու բոլոր տաշված քարերը՝ թե՛ ներսից, թե՛ դրսից, կրում են տարբեր նշաններ՝ երբեմն հայկական տառերով, երբեմն այլ խորհրդանիշերով, ինչպես Տիգրանակերտում և ինչպես հանդիպում է տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ դարերի Արևմտյան Շվեյցարիայի շինություններում։ Եկեղեցու կողքին կանգնեցված է Ջուղայի խաչքարերին նման հայկական մեծ խաչքար»5։
A l"angle extrême du sommet de la montagne, à la hauteur d"un millier de pieds, d"où l"on a une vue magnifique sur le Karabagh et sur l"intérieur des montagnes, principalement sur la vallée du Khatchintchaï, j"atteignis les ruines d"une petite église arménienne, en pierres de taille, qui remonte au onzième ou douzième siècle. L"intérieur est en croix; trois des bras sont en demi-cercle; le quatrième, à l"opposite de l"autel, est carré. Le plein-cintre de la porte d"entrée est supporté par deux colonnes imitant grossièrement le style ionique (4). Toutes les pierres de taille à l"intérieur et à l"extérieur, sont contre-marquées de signes, soit lettres arméniennes ou autres figures, comme à Tigranocerte et comme on le retrouve dans les constructions des dixième, onzième et douzième siècles de la Suisse occidentale։ A côté de l"église, s"élève une grande croix arménienne, de la forme de celles de Djoulfa, avec l"inscription suivante : «Moi, Chahin-Chah, fils d"Achod, j"ai érigé cette croix en mémoire de mon âme. Je demande la communion de vos prières. » Sur la tranche de la pierre, on lit la date 712 (1263 de J. C.).
Փորագրանկարը՝ Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերեի (1839-1843 թթ)
Ուշագրավ է ազգագրագետ, բանահավաք Մակար Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ Վանքասարի եկեղեցուն վերաբերող բաժնում ներկայացված ավանդությունները, որոնցից մեկի համաձայն՝ եկեղեցու կառուցումը վերագրված է Վաչե Բ գահերեց իշխանին (5 դար). «․․․․ Աղուանից Վաչէ Բ․ շինած է մի խաչաձև մենաստան, որի գլուխն այժմ խոնարհուած է ամբողջապէս»6:
Խորհրդային շրջանում Վանքասարի եկեղեցու մասին հոդված է հրապարակել Ադրբեջանի գիտության ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտաշխատող Զելիկ Յամպոլսկին։ Հոդվածում ընդգրկուն փաստագրական նյութի հետ միասին առաջին անգամ հրապարակվել են նաև հուշարձանի հատակագիծը և լուսանկարները։ Հեղինակը արձանագրել է տեղում պահպանված հայերեն կոթողային արձանագրության և հայատառ բազմաթիվ նշանագրերի առկայությունը՝ ընդգծելով կառույցի հորինվածքային ընդհանրությունները հայկական վաղ միջնադարյան մի շարք եկեղեցիների հետ։ Սակայն հետևելով այդ տարիներին Բաքվի գիտական շրջանակներում տարածված հայկական հուշարձանները աղվանական ներկայացնելու միտմանը՝ Յամպոլսկին անհիմն կերպով եկեղեցին վերագրել է աղվանական ճարտարապետական ավանդույթին։
Խնդրի էության մեջ որևէ նոր պարզաբանում չի մտցրել նաև Անատոլի Յակոբսոնը՝ Վանքասարի եկեղեցուն նվիրված իր ուսումնասիրության մեջ անդրադառնալով Հայաստանի և Կովկասյան Աղվանքի (Բուն Աղվանք) ճարտարապետական առնչություններին։
Արևմտյան մուտքի բարավորը եկեղեցու վերականգնումից առաջ (1986 թ) և հետո (1993 թ)։ | Լուսանկարը՝ Սամվել Կարապետյանի
Եկեղեցին իր խաչաձև հատակագծային հորինվածքով պատկանում է վաղմիջնադարյան փոքր խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցիների եռախորան ենթատիպին: Հորինվածքի հիմքը կազմող գմբեթատակ քառակուսին ամփոփված է արևմուտքից ուղղանկյուն, մյուս կողմերից՝ կիսաշրջանաձև խաչաթևերով, որոնք արտաքինից ուղղանկյուն են: Արևելյան կողմում ձևավորված ուղղանկյուն խորանի ծածկը իրականացված է գլանաձև թաղով, իսկ կիսաշրջանաձև խորանները ծածկված են գմբեթարդներով։
Կառույցն ունի երեք մուտք, որոնք բացված են արևմտյան, հյուսիսային ու հարավային խաչաթևերից, որը եկեղեցու հատակագծային հորինվածքի ամենամեծ առանձնահատկությունն է՝ ի համեմատություն նմանօրինակ հուշարձանների: Մուտքերի նման քանակ այլ հուշարձաններում չի դիտարկվում: Բոլոր մուտքերի բացվածքներն իրար հավասար են (1,05 մ): Չնայած եկեղեցու փոքր չափերին՝ սրահը լուսավորվում է ութ լուսամուտներով, որոնցից չորսը բացված են յուրաքանչյուր խաչաթևի ճակատին, չորսն էլ՝ դրանցից վեր՝ գմբեթի թմբուկին։ Արևմտյան ճակատին նկատվում են սյունազարդ հորինվածքով վաղեմի շքամուտքից պահպանված հետքեր։
Անցյալ դարի 80-ականներին Խորհրդային Ադրբեջանի կառավարության նախաձեռնությամբ հուշարձանը վերանորոգման անվան տակ ենթակվել է լուրջ աղավաղումների՝ կրելով անվերադարձ վնասներ։ Ճարտարապետ Լյուբա Կիրակոսյանը Վանքասարի եկեղեցու վերաբերյալ իր հոդվածում, անդրադառնալով վերանորոգման ընթացքում պատճառված վնասներին, գրել է․ «Առաջին հերթին խաթարվել է հուշարձանի բնական միջավայրը և լանդշաֆտը․․․․ Տարածքը կառուցապատվել էր ժամանցի և զվարճանքի գործառույթ իրականացնող շենքերով․․․․ Վանքասարի եկեղեցու ծավալատարածական հորինվածքի մասին խոսելը բավական բարդանում է նաև այն պատճառով, որ նախնական հատակագծի վրա վերականգնվել է մի ծավալ, որը չի համապատասխանում նախնական կառույցին: Արդյունքում վաղքրիստոնեական այս նուրբ կառույցը վեր է ածվել անհեթեթ` այլափոխված մի զանգվածի` որպես վերականգնման և պահպանության անվան տակ իրականացված մշակութային յուրօրինակ վանդալիզմի դրսևորում․․․․ Այսպիսի ձևով վերականգնումը ոչ թե չիմացություն, այլ դիտավորություն է հետապնդել»7։
1986 թվականին՝ վերականգնման աշխատանքների ընթացքում, երբ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և ճարտարապետ Արմեն Ղազարյանը տեղում ուսումնասիրություններ էին կատարում, հուշարձանն արդեն զգալի չափով աղավաղված էր։ Եկեղեցու արևմտյան մուտքի հյուսիսային կողմում կիսաեղծ վիճակում հայտնաբերվել են երկու արձանագրություն: Եռատող արձանագրությունը, որ փորագրված էր մի պարզ խաչաքանդակի կողին, սկզբնամասից հողմահար էր։ Սամվել Կարապետյանը հրապարակել է այդ արձանագրություններն իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» աշխատության մեջ․ «…ՅԱ|ՂԱՒԹՍ ԻՇԵՍ|ՋԻՔ ՅՍ ՔՍ Ի ՏՐ»: Սրբատաշ երեսպատի քարերին՝ մեկ շարք ներքև՝ նախորդ վիմագրի տակ, երկու տողով փորագրված է. «… ՈՒ Ս(Ր)ԲՈՅ ԵԿ|(Ե)ՂԵՑԻՍ ՅԱՂ(ԱՒ)ԹՍ ԻՇԷՋԻՔ»8:
Բացի այս երկու վիմագիր արձանագրություններից, որոնց հնագրական առանձնահատկությունները թույլ են տալիս թվագրելու եկեղեցու կառուցման ժամանակաշրջանով, եկեղեցու պահպանված որմերին տեսանելի են նաև մի շարք այլ նշանագրեր: Վերջիններս բաժանվում են երկու խմբի, առաջինը՝ հայերեն տառաձևերով, երկրորդը՝ պատկեր-խորհրդանշաններով: Սամվել Կարապետյանն ու Արմեն Ղազարյանը տեղում չեն հայտնաբերել Խաչիկ վարդապետ Դադյանի նկարագրած 1263 թվականի խաչքարը: Ժամանակին եկեղեցու շուրջը կանգնեցված են եղել նաև այլ խաչքարեր, որոնցից 13-րդ դարի մի խաչքար հետագայում ադրբեջանցիները տեղափոխել են Ակնա (Աղդամ)՝ քարերի թանգարան։ Հետագայում՝ անկախության տարիներին, այն Ակնայից տեղափոխվել է Ասկերան և տեղադրվել Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։
Վանքասարի եկեղեցին տուժել էր նաև Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Արևմտյան ճակատին՝ բարավորից վերև, արկի հարվածի հետևանքով բացված մեծ խոռոչը մեծապես սպառնում էր պատի կայունությանը։ 2011 թվականի աշնանը Արցախի Հանրապետության Զբոսաշրջության վարչությունը մաքրման, ամրակայման և բարեկարգման աշխատանքներ է իրականացրել այստեղ։ Վերաշարվել է արևմտյան ճակատի քանդված մասը։ Մասնակի ամրակայման աշխատանքներն ավարտվել են 2012 թվականի հունվարին, և եկեղեցու գմբեթին խաչ է տեղադրվել։ Ինչպես նշում է հուշարձանը մանրամասն ուսումնասիրած ճարտարապետ Լյուբա Կիրակոսյանը, Վանքասարի եկեղեցու հորինվածքը ոչ միայն հայկական, այլև համաքրիստոնեական ճարտարապետության մեջ ուշագրավ երևույթ է:
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 6-7-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական ոճի և առկա խաչքարերի պատկերագրական քննության Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 6-7-րդ դարերում։ 1985-1986 թթ․ վերակառուցվել է Ադրբեջանի կողմից։ 2011-2012 թթ․ իրականացվել են հուշարձանի ու տարածքի ամրակայման և վերանորոգման աշխատանքներ։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
1890-ականների սկզբներին հնավայր է այցելել Խաչիկ վարդապետ Դադյանը, նա գծագրել է եկեղեցու հատակագիծը։ 1960 թվականին հուշարձանի ուսումնասիրության արդյունքների մասին հոդվածով հանդես է եկել Զելիկ Յամպոլսկին, այնուհետև անդրադարձել է նաև Անատոլի Յակոբսոնը։ 1985 թվականին Վանքասարի եկեղեցու տարածքում ուսումնասիրություններ են կատարել հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և ճարտարապետ Ա․ Ղազարյանը։ Վերջին տարիներին Վանքասարի եկեղեցու ճարտարապետությանն ու կառույցի կրած փոփոխություններին անդրադարձել է ճարտարապետ Լյուբա Կիրակոսյանը։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Խաչաձև կենտրոնագմբեթ
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի երեք մուտք, որոնք բացված են հյուսիսային, հարավային և արևմտյան կողմերից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի ութ լուսամուտ։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Գմբեթավոր
Տիպը
Եկեղեցի Չափերը` երկարությունը
10,5 մ Չափերը` լայնությունը
9,15 մ Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ Արժևորումը
Կարևոր է Խաչենի վաղ միջնադարյան շրջանի հոգևոր պատմության ուսումնասիրության համար։
----------------------------
1 Ջալալյանց Ս․, 2016, էջ 525։2 Հեղինակը, որպես ծանոթագրություն, հավելում է․ «Ես ժամանակ չունեցայ այդ մատուռը տեսնելու: Նրա մասին տուած այս տեղեկութիւնը ինձ հաղորդած էր Մակար վ․ Բարխուդարեանցը: Բայց պ. Նիկողայոս Տէր-Աւետիքեանցն էլ («Քնար խօսնակի» հեղինակը) ինձ յայտնեց, որ յիշեալ մատուռը մի գեղեցիկ շինութիւն է և լի արձանագրութիւններով, որոնք մի ժամանակ պ. Գ. Խոջամիրեանցն արտագրել է իբր»։
3 Գեղամեանց Ե․, 2010, էջ 39։
4 Կարապետյան Ս․, 1999, էջ 223։
5 Դյուբուա դը Մոնպերե Ֆ․, 1840, էջ 101-102։
6 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 414։
7 Կիրակոսյան Լ․, 2013, էջ 121-124։
8 Կարապետյան Ս․, 1999, էջ 224։
Չափագրություններ
Վանքասարի եկեղեցի
Վերակազմությունը` ճարտարապետ Արմեն Ղազարյանի (RAA archive, 1986 թ)
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուտարեանց Մ., 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։
Ямпольский З., 1960 - Ямпольский Зелик, Памятники Кавказской Албании на горе Бешидаг, «Советская археология», 1960, 2, с. 246-250.
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․