Հացի, Բռի եղցի վանք
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Վանք
Հատուկ անունը
Բռի եղցի (եկեղեցի)
Այլ անվանումներ
Ավագ Սուրբ Նշան

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Համաձայն պահպանված արձանագրությունների՝ վանական համալիրի կառույցները հիմնականում թվագրվում են 12-13-րդ դարերով, սակայն տարածքում պահպանվել են նաև 5-7-րդ դարերի մի շարք վաղքրիստոնեական կոթողներ։

2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Խաչենի իշխանություն, Հացի գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Վանք
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանոց, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Հացի

Տեղագրությունը
Գտնվում է Մարտունի քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հացի գյուղի հյուսիսարևելյան կողմում՝ թեքադիր բլրի վրա։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 823 մ։
Նկարագրություն
Բռի եղցի վանական համալիրը Արցախի միջնադարյան ճարտարապետության ամենաընդարձակ հուշարձանախմբերից մեկն է։ Այն առանձնանում է համալիրի տարածահորինվածքային սփռվածությամբ: Կառուցապատումն իրականացված է տեղանքի ռելիեֆին համապատասխան և ընդգրկում է բլրի գագաթից մինչև ստորոտն ընկած լանդշաֆտային գոտին: Հուշարձանախումբը բաղկացած է բլրի գագաթին կառուցված մատուռ-եկեղեցուց, դրանից դեպի արևելք գտնվող մեկ միասնական գավիթ ունեցող երկու եկեղեցիներից, բլրի ստորոտում տեղադրված չորրորդ եկեղեցուց և դրանց միջակայքում կառուցված երեք որմնափակ խաչքարերից: Տարածքում պահպանվել են նաև 5-7-րդ դարերի մի շարք վաղքրիստոնեական կոթողներ ու 12-19-րդ դարերի գերեզմանոցը։ Ամենահին եկեղեցու շինարարությունը, որից միայն հիմքերն են պահպանվել, կապվում է Հայոց Աղվանքի արքա Վաչագան Բարեպաշտի շինարարական գործունեության հետ։

Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցն իր «Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան» գրքում Հացի գյուղի վերոնշյալ տարածքի վերաբերյալ գրում է․ «Այս շենից ոչ հեռու մեծ գյուղաքաղաքի ավերակ է, որտեղ կան պատվելի իշխանների գեղեցկաքանդակ մահարձաններ և կոփածո քարով կառուցված բազմախորան եկեղեցի։ Թեև քաղաքի կառուցողն անհայտ է, բայց տեղադրությունը ցույց է տալիս, որ հնում իշխանական բնակավայր է եղել»1։

Վանական համալիրը Հայոց Աղվանից թագավորության հետ է կապում ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը․ «Հանգստարանիս մէջ կայ երկու մատուռ, երեք բեմ2 և երկու եկեղեցի։ Մատուռների և եկեղեցեաց մէջ նստած են յատկապէս վանահայրեր։ Կարծում ենք որ Աղուանից թագաւորազների և իշխանազների մարմիններն ամփոփուած լինին այս առանձնապէս պատրաստուած շինութեանց մէջ և աղօթաւոր վարդապետներ կարգուած պաշտօնապէս»3։
Հակադարձելով Մակար Բարխուդարյանցին՝ Սեդրակ Բարխուդարյանը գրում է․ «Մ․ Բարխուդարյանցն այս դեպքում մոռանում է, որ հենց իր գրքի մեջ տեղ գտած հուշարձանների պատերին եղած արձանագրությունների մեջ Աղվանից ոչ մի թագավորի ու իշխանազնի մասին հիշատակություն չկա և չի էլ կարող լինել, քանի որ արձանագրությունները և հուշարձանները վերաբերում են XIII դարին, երբ Աղվանից թագավորներ չկային, աշխարհիկ իշխանների տիտղոսի մեջ Աղվանք անունը վերացել էր և այն միայն հոգևոր իշխանության բաժին էր մնացել»4։
19-րդ դարի վերջին վանական համալիրի տարածք է այցելել Եղիշե ավագ քահանա Գեղամյանցը, որն իր «Ուղեգնացական ակնարկներում» այսպես է նկարագրում․ «Աւերակները բաղկացած են երկու եկեղեցուց և չորս մատուռներից: Դոքա միմեանցից հեռու են ոչ պակաս 20-100 սաժէնից: Մատուռներից մինի ճակատին քանդակուած են երկու հանդիպակաց քնարահաւեր և հետևեալ արձանագրութիւնը. զԽաչէնցի վարդապետ սրբոյ եկեղեցւոյ յաղաւթս յիշեցէք ի Քրիստոս Յիսուս5։ ․․․․ Այս սրբազան աւերակներին տեղացիք անվանում են Աւագ սուրբ Նշան և հաւատացնում, որ յիշեալ մասունքը յիշեալ եկեղեցումն պահուելիս է եղել, յետոյ փոխադրված է Կղարծի գիւղը, ուր և մնում է ցարդ»6։ 

Բռի եղցի հուշարձանախմբի վիմագրական ժառանգությունը արժեքավոր տեղեկություններ է հաղորդում համալիրի կառուցապատմանը մասնակցած վարպետների վերաբերյալ։ Պահպանված արձանագրություններում հիշատակվում են երկու ճարտարապետների անուններ՝ Խաչենիկ Անեցի և Շահեն։ Համալիրի հուշարձանների հորինվածքային և կառուցողական նմանությունները հիմք են տալիս ենթադրելու, որ վերոհիշյալ վարպետները կառուցել են ոչ միայն իրենց անունները պահպանած հուշարձանները, այլև գործուն մասնակցություն են ունեցել վանական համալիրի մյուս շինությունների կառուցման գործում։

Ըստ ճարտարապետ Մուրադ Հասրաթյանի՝ հայկական ճարտարապետության Արցախի դպրոցի ստեղծագործական կապերի բացահայտման համար բացառիկ նշանակություն ունի Բռի եղցի վանքը․ «Հայաստանի մայրաքաղաք Անիից հրավիրված ճարտարապետի մասնակցությունն արցախյան վանքի եկեղեցու ու կոթողի կառուցմանն իր հետ բերել է շինությունների ճակատների ձևավորման մեջ «գեղատեսիլ ոճի» կիրառմանը»7։

Համալիրի բոլոր հուշարձանները կառուցված են տեղական քարով։ Որպես հիմնական շինանյութ՝ օգտագործվել է սպիտակ կրաքարի շերտավոր, սալանման տեսակը, որը կիրառվել է աղյուսի շարվածքով։ Սա վկայում է տեղական հումքի արդյունավետ օգտագործման և շինարարական որոշակի վարպետության մասին։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 5-7-րդ և 12-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Բռի եղցի վանական համալիրի մասին մանրամասն ներկայացրել են ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը «Արցախ» (1895) աշխատության մեջ, հուշարձանագետ Շահեն Մկրտչյանը «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» (1985) գրքում և ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը «Հայկական ճարտարապետության Արցախի դպրոցը» աշխատասիրության մեջ։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Թերթաքար, կրաքար, ավազաքար, կրաշաղախ

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է սրբատաշ, կոպտատաշ քարերի և կրաշաղախի համադրությամբ։

Տիպը
Վանական համալիր
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Վթարային
Արժևորումը
Կարևոր է Հայոց Արևելից կողմանց հոգևոր ու աշխարհիկ պատմության և Արցախի ճարտարապետական դպրոցի առանձնահատկությունների ուսումնասիրման համար։

----------------------------
1 Ջալալեանց Ս․, 1885, տե՛ս 2016, էջ 520։
2 Մակար Բարխուդարյանցը որմնափակ խաչքարերը ներկայացնում է որպես բացօթյա բեմեր։
3 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 125։
4 Բարխուդարյան Ս․, 1963, էջ 100։
5 Հարկ է նշել, որ Գեղամյանցի կողմից արձանագրության թյուրընթերցում կա։
6 Գեղամյանց Ե․, 2010, էջ 82-83։
7 Հասրաթյան Մ․, 1992, էջ 77։

Չափագրություններ
Հացի, Բռի եղցի վանք
Չափագրությունը՝ Շահեն Մկրտչյանի և Սամվել Կարապետյանի |

 Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985:
Լուսանկարներ