Հացի, Անահիտի աղբյուր
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Աղբյուր
Հատուկ անունը
Անահիտի աղբյուր
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Ամենայն հավանականությամբ Անահիտի սրբացված աղբյուրն ունի հեթանոսական ծագում և նվիրված է եղել Անահիտ դիցուհուն։ Միջնադարում, ինչպես մի շարք հեթանոսական սրբավայրեր, այն վերաիմաստավորվել է քրիստոնեական ավանդության համաձայն և վերագրվել Աղվանից Վաչագան թագավորի կնոջը՝ Անահիտին։
1909 թվականին Խոսրով Ավթանդիլյանի կողմից միջնադարյան աղբյուրը վերակառուցվել է և անխափան գործել։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Հացի գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Խաչքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Հացի

Տեղագրությունը
Գտնվում է Մարտունի քաղաքից 13,5 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հացի գյուղի հարավարևմտյան եզրին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 877 մ։
Նկարագրություն
Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղի հարավարևմտյան եզրին է գտնվում Անահիտի աղբյուրը։ Թեև այն իր ներկայիս տեսքը ստացել է 20-րդ դարի սկզբին, սակայն ըստ ժողովրդական ավանդազրույցի՝ անվան ծագումը կապվում է 6-րդ դարի նշանավոր պետական գործիչ Աղվանից Վաչագան Գ Բարեպաշտ թագավորի (Առանշահիկների տոհմից) կնոջ՝ Անահիտի հետ։ Ավանդության համաձայն՝ թագավորի և հասարակ շինականի դստեր՝ Անահիտի հանդիպումը տեղի է ունեցել հենց այս աղբյուրի մոտ, երբ ամռան մի օր շոգից ու ճանապարհից հոգնած երիտասարդ Վաչագանը աղբյուրի պաղ ջուր է խնդրել աղջկանից։ Անահիտը, տեսնելով երիտասարդի շոգատանջ վիճակը և գիտակցելով աղբյուրի սառնորակ ջրի անցանկալի հետևանքները խիստ ծարավ մարդու համար, փորձել է նրան զերծ պահել սառը ջուրն անմիջապես խմելուց։ Ժամանակ շահելու համար աղջիկն անընդհատ լցրել ու դատարկել է սափորը՝ թույլ չտալով նրան անմիջապես սառը ջուրը խմել։ Այս արարքը, որ բնութագրում է Անահիտին որպես հոգատար անձ, խորհրդանշում է նաև ժողովրդական իմաստնությունը։ Ասում են, որ հենց այդ օրն էլ Վաչագան թագավորը սիրահարվել է գեղեցիկ Անահիտին և որոշել կնության առնել նրան։ Այսպես ժողովուրդը վերափոխել և վերաիմաստավորել է հեթանոսական Անահիտ աստվածուհու պաշտամունքը և սրբավայրը վերագրել վաղ քրիստոնեական տեղական ավանդազրույցի հերոսուհուն՝ շինականի աղջիկ Անահիտին։ Վաչագանի և Անահիտի ժողովրդական ավանդությանն առաջին անգամ անդրադարձել է Ղազարոս Աղայանն իր «Անահիտ» հեքիաթում։
Հատկանշական է, որ Արցախյան տեղանվանաբանության մեջ «Անահիտի աղբյուր» անվանումը հանդիպում է նաև այլ բնակավայրերում և սրբատեղիներում, ինչպես օրինակ՝ Կիչանի անապատի և Եղիշե Առաքյալի վանական համալիրների տարածքում։

1909 թվականին Խոսրով Ավթանդիլյանի կողմից աղբյուրը վերանորոգվել է, որի մասին պահպանվել է հիշատակագրական արձանագրություն․ «Այս աղբիւրս կառուցեց Հացի գիւղացի | ուստա Խոսրով Գր. Աւթանդիլեանց | իւր եւ իւր կին Գիզի Գր. Աւթանդիլե(ա)նի | յիշատակին, 1909»1:
Միակտոր արձանագիր քարն ագուցված է աղբյուրի ձախ կողմում՝ տարբեր ջրամանների համար նախատեսված հարթակի առջևի պատին։

Շինությունը կազմված է երկայնական ետնապատից և առջևում քարե մեծ նովից, որոնք ավարտվում են կիսաշրջանաձև ետնապատով ու շրջանաձև փոքր նովով, որտեղից էլ իրականացվում է ջրահեռացումը։ Ետնապատը շարված է սրբատաշ, կոպտատաշ և այդ տարածքին յուրահատուկ շերտաքարերով, սվաղված է։ Նովը կազմված է խոշոր ուղղանկյուն քարերից։ Ջրի ափաձև ակը գտնվում է ձախ կողմում։ Վերջինիս աջ մասում՝ աղբյուրի ետնապատի ուղղանկյունաձև խորշի մեջ, ագուցված է 13-րդ դարի խաչքար։ Այն պահպանում է հուշարձանի սրբազան գործառույթը։ 

Հնավայրի մասին պատմաբան Շահեն Մկրտչյանն իր «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» գրքում նշում է․ «․․․․ Անահիտի աղբյուրի մոտ, կան մի հրաշալի խաչքար և հին տաճարի ավերակներ։ Խաչքարի վիմագրության համաձայն այն XIII դարում կերտել է վարպետ Սահակը»2։

Վերջին շրջանում ակի ետնապատին տեղադրվել է ժամանակակից խաչքար։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
13-20-րդ դարեր
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Աղբյուրի վերաբերյալ հակիրճ տեղեկություն կա հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հեղինակած «Հայկական աղբյուրներ» գիրք-ալբոմում։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, շերտաքար, կրաշաղախ

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է սրբատաշ, կոպտատաշ քարերի և կրաշաղախի համադրմամբ։

Տիպը
Աղբյուր-սրբատեղի
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին
Արժևորումը
Աղբյուրը կենսական նշանակություն ուներ գյուղի բնակչության համար։ Կարևոր է նաև գյուղի պատմության, ավանդույթների և հավատալիքների ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն

Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
.
Ա․Հ․