Այգեստան, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակի աղբյուր-հուշարձան
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Աղբյուր Հատուկ անունը
Հայրենական մեծ պատերազմում զոհված այգեստանցիների հիշատակի աղբյուր-հուշարձան Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հուշաղբյուրը կառուցվել է 1965 թվականին և անխափան գործել մինչև գյուղի հայաթափումը։2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր-հուշարձան
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 781 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Մեղրագետից 660 մ հյուսիս` գետի ձախափնյա հատվածում։ Նկարագրություն
Հուշարձանը գտնվում է Ասկերանի շրջանի Այգեստան (Բալլուջա) գյուղում։ Այն կառուցվել է 1965 թվականին՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված այգեստանցիների։
Աղբյուր-հուշարձանը կազմված է երկու հիմնական բաղադրիչներից՝ կիսանդրի-հուշարձանից և հայկական ավանդական ճարտարապետության նմանությամբ կառուցված ցածրադիր, զույգ սյուների վրա հենված, ատամնաշար քիվով պսակվող ճարտարապետական հորինվածքից։ Վերջինիս ստորին հատվածում՝ խոշոր երկրաչափական և ծաղկաքանդակ քառակուսու կենտրոնում, ջրի ծորակն է։ Վերին հատվածում՝ ուղղանկյունաձև շրջանակի մեջ, արձանագրված է. «Աղբյուր-հուշարձան | 1941-1945 թթ․ | Հայրենական մեծ պատերազմում | զոհված բալլուջեցի հայրենասեր, | խիզախ, անվեհեր մարտիկների | անմահ ու պայծառ հիշատակին։ | 9/V-65թ․»:
Արձանագիր շրջանակի ստորին կենտրոնական հատվածում քանդակված են դափնու և կաղնու ժապավենազարդ տերևափնջերով շրջապատված մուրճն ու մանգաղը։ Ճարտարապետական հորինվածքի ատամնաշար քիվի հարդարանքի մաս են կազմում վարդակակաչների բարձրաքանդակները։
Աղբյուրը յուրօրինակ պատվանդան է հանդիսանում Հայրենական պատերազմում զոհված Անհայտ զինվորին մարմնավորող քարե կիսանդրի-հուշարձանի համար։
Կառույցի և քանդակի հեղինակն ամենայն հավանականությամբ Արցախում հայտնի վարպետ Սիմոն Պետրոսյանն է։ Նրա հեղինակած նմանատիպ մի աղբյուր-հուշարձան էլ 1964 թվականին կանգնեցվել էր Հադրութ քաղաքում։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 1965 թվական
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Տրավերտին, բետոն
Տիպը
Հուշաղբյուր Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Միջին Արժևորումը
Կարևոր է Խորհրդային տարիներին կառուցված հուշարձանների ուսումնասիրության համար։ Աղբյուրը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին։
Լուսանկարներ
...
.
Ա․Հ․