Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Կարմրակուճ, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Ամենափրկիչ
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1844 թվականին։ Գործել է մինչև 20-րդ դարի 30-ական թվականները, այնուհետև օգտագործվել տնտեսական նպատակներով։ Կրկին ուխտատեղի է դարձել 1990-ական թվականներին։ Հիմնովին վերանորոգվել է 2013 թվականին։

Սկզբնական պատկանելությունը
Կարմրակուճ (Կեմրակուճ) գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի 
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Կարմրակուճ։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Կարմրակուճ։ 2020 թ․ հոկտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 2,3 կմ հյուսիս-արևմուտք։։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմրակուճ գյուղի կենտրոնում՝ Եղցուն թաղ1 կոչվող թաղամասում՝ բարձր բլրի թեքության վրա։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 938 մ։
Նկարագրություն
Կարմրակուճի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին կառուցվել է 1844 թվականին: Խորհրդային տարիներին նախ օգտագործվել է որպես ակումբ, ապա 1963 թվականին գյուղացիների պարենային կարիքները ապահովելու նպատակով այստեղ տեղադրվել է էլեկտրական աղաց։ Մուտքի կամարի քարին կառուցման 1844 թվականին ավելացվել է նաև 1963 թվականը։ Ըստ կարմրակուճեցի Յաշա Հայրապետյանի՝ սա աղացի տեղադրման տարեթիվն է։ Տնտեսական նպատակներով օգտագործվել է նաև 1990-ական թվականներին։ 2013 թվականին ծագումով կարմրակուճեցի ռուսաստանաբնակ Կարեն Ալավերդյանի նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով հիմնովին վերանորոգվել է։
Եկեղեցին միանավ թաղակապ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջան խորանով և երկու ուղղանկյուն ավանդատներով։ Թաղածածկը հենված է որմնասյուներից բարձրացող զույգ կամարների վրա։ Միակ մուտքը բացվում է հարավային ճակատից։ Լուսավորվում է հինգ լուսամուտներով․ երեքն արևելյան ճակատին են, մեկը՝ հարավային, մեկը՝ արևմտյան։ Կառուցված է տեղական կիսամշակ կրաքարից, որմնասյուները, կամարները, պատերի անկյունաքարերը, լուսամուտների և մուտքի եզրաքարերը սրբատաշ են։
Բեմը բարձրադիր է, բեմառէջքի ճակատի հինգ ուղղահայաց քարերին քանդակված են անսովոր պատկերագրությամբ զանազան խաչապատկերներ և կենդանական պատկերներ։
Թաղի կենտրոնում վեր է խոյանում վեցասյուն ռոտոնդայով պսակվող զանգակատունը։ Զանգակատան նախնական տեսքի մասին տվյալները բացակայում են։ Ներկայիս զանգակատունը կառուցվել է 2013 թվականի վերանորոգման ժամանակ։
2020 թ․ հոկտեմբերից Կարմրակուճը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի վիճակի մասին տեղեկություններ չկան։


1Եղցուն թաղ, Արցախի բարբառով՝ եկեղեցու թաղ։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Եկեղեցու կառուցման թվականը՝ 1844, արձանագրված է մուտքի վերնամասի կիսակամարի հիմնաքարին։

Պատմական համառոտ տեղեկանք
Սուրբ Աստվածածին եկեղեցին հիշատակվում է Մ․ Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ2։
Եկեղեցուն հպանցիկ անդրադարձել է նաև Շ․ Մկրտչյանը «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները»3 գրքում։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Եկեղեցին ուղղանկյուն թաղակապ սրահ է։ Կիսաշրջանաձև խորանի երկու կողմերում ավանդատներն են։ Թաղը հենված է որմնասյուներից բարձրացող սլաքաձև կամարների վրա։ Բեմը բարձրադիր է։ Բեմառէջքին հետաքրքիր բովանդակությամբ խաչապատկերներ և կենդանական պատկերաքանդակներ են։

Դեկորատիվ մոնումենտալ արվեստի մաս՝ հորինվածքը, գունային լուծումները
Եկեղեցու դեկորատիվ լուծումները զուսպ են։ Խիստ առանձնանում է պատկերաքանդակներով բեմառէջքը։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ, սվաղ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք, որը բացված է եկեղեցու հարավային կողմում։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտներն ընդհանուր հինգն են․ երեքն արևելյան ճակատին են, մեկը՝ հարավային, մեկը՝ արևմտյան։

Տանիքը (նյութը, ձևը)
Եկեղեցին թաղակապ է, երկթեք տանիքը կղմինդրածածկ է։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է կոպտատաշ ու սրբատաշ քարով և կրաշաղախով։

Տիպը
Միանավ կամարակապ սրահ
Չափերը` երկարությունը
12,8 մ
Չափերը` լայնությունը
7,4 մ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Կարմրակուճ գյուղի պատմության ուսումնասիրման համար։
----------------------------
2Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895, էջ 69-70։
3Մկրտչյան Շ․, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985, էջ 137։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն

2․ Բարխուդարյանց Մ․, 1895 - Բարխուդարյանց Մակար, Արցախ, Բագու, 1895։
3․ Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։

Գ․Բ․