Կաղարծի, Սրբոց Թարգմանչաց եկեղեցի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սրբոց Թարգմանչաց եկեղեցի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ 2000-2005 թթ․ վերանորոգվել է։
2023 թվականի սեպտեմբերին Կաղարծի գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Եկեղեցու ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ։ Հետագայում ընդգրկվել է Վարանդա գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան։
Տեղագրությունը
Գտնվում է Մարտունի քաղաքից 15 կմ արևմուտք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 905 մ։ Նկարագրություն
Մարտունու շրջանի Կաղարծի գյուղի կենտրոնում է գտնվում 19-րդ դարում կառուցված Սրբոց Թարգմանչաց եկեղեցին։
Ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի վկայությամբ՝ «Եկեղեցումս կայ մասն կենաց փայտից զետեղուած մի արծաթեայ խաչում» և մեծադիր, պատկերազարդ մի Ավետարան, որի հիշատակարանում նշված էր, որ այն ընդօրինակել է Հովհաննես գրիչը 1477 թվականին Աղթամար կղզում․ «Զաւրութեամբն Աստուծոյ կատարեցի զսուրբ աւետարանս զայս յաստուածախնամ կղզիս Աղթամար.. ի հայրապետութեան տեառն Զաքարիայի և ի թուաբերութեան Հայկազեանս տումարի ՋԻԶ․ ի դառն և ի նեղ ժամանակիս։ Արդ ես Յովհանէս ետու գծագրել զսուրբ աւետարանս․․»1:
Հետագայում Ավետարանը հայտնվել է թուրք նվաճողների մոտ, որոնցից էլ վեց հազար դահեկանով փրկագնվել է Թորոս երեցի կողմից և նվիրվել Գանձասարի կաթողիկոսությանը։
Սրբոց Թարգմանչաց եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, եռանավ, թաղածածկ սրահ է, որի արևելյան կողմում բարձրադիր կիսաշրջան խորանն է՝ զույգ ավանդատներով։ Խորանի հարավային, հյուսիսային և արևելյան պատերին կա մեկական ուղղանկյունաձև պատրհան։ Սրահի հյուսիսային պատի կամարակապ վերնամասով խորշի մեջ մկրտարանի խաչաձև ավազանն է։ Մկրտարանի խորշի կամարին փորագրված են Հովհաննու Ավետարանից հետևյալ խոսքերը․ «Եթէ ոչ ոք ծնցի ի ջրոյ եւ ի Հոգւոյ, ոչ կարէ մտանել յարքայութիւն Աստուծոյ» (Հովհ․ 3:5)։
Մկրտարանի հանդիպակաց հարավային պատին կա ևս մեկ ուղղանկյունաձև խորշ։ Ուշագրավ է, որ ավանդատներն ունեն երկրորդ մակարդակ, որոնց մուտքը սրահից է՝ ավանդատների մուտքից վեր տեղադրված փոքրիկ քառանկյուն բացվածքներից։
Թաղակապ ծածկը հենված է կենտրոնական չորս սյուներից և արևելյան ու արևմտյան պատկից զույգ որմնասյուներից բարձրացող կամարների վրա, իսկ կողային նավերինը` կենտրոնական չորս սյուներին և հյուսիսային ու հարավային պատերին հենվող կամարներին։
Գմբեթարդի կամարի վրա փորագրված են Հովհաննու Ավետարանի հետևյալ խոսքերը․ «Եւ զոր ինչ խնդրիցէք ի Հօրէ իմմէ յանուն իմ, տացէ ձեզ» (Հովհ․ 16:23)։
Արձանագրությունից վեր` գմբեթարդի կենտրոնում, տեղադրված է խաչաքանդակ։ Սրբատաշ քարերով կառուցված մեծ կամարակապ մուտքը կառույցի հարավային կողմից է։ Շքամուտքի կամարից վեր՝ կենտրոնական հատվածում, խաչաքանդակ հորինվածքով քար է ագուցված։ Լուսամուտները ութն են, որոնցից երեքը բացվում են արևելյան, մեկը՝ արևմտյան, երկուական էլ հարավային և հյուսիսային ճակատներից։
Եկեղեցու հիմնական շարվածքն իրականացված է տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով, սրբատաշ են սյուները, կամարները, բացվածքների և պատերի անկյունային եզրաքարերը։ Հատկանշական է, որ կառույցի ներսում թաղերի և լուսամուտների վերնամասերի շարվածքում օգտագործված է բացառապես տեղական թերթաքար:
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Սրբոց Թարգմանչաց եկեղեցու մասին ներկայացրել է ազգագրագետ, բանահավաք Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» (1895) աշխատության մեջ:
Եկեղեցուն անդրադարձել է պատմաբան Շահեն Մկրտչյանը «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» գրքում (1985)։
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Եկեղեցին վավերացվել և չափագրվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, եռանավ, թաղակապ սրահ է՝ արևելքից կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաքար, թերթաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավային կողմում։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի ութ լուսամուտ, որոնցից երեքը բացվում են արևելյան ճակատից, երկուսը՝ հյուսիսային, երկուսը՝ հարավային, մեկը՝ արևմտյան։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, մետաղյա թիթեղ
Հարդարանքը
Զուսպ Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
18,75 մ Չափերը` լայնությունը
12,6 մ Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Կաղարծի գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
.
Գ․Բ․, Ա․ Լ-Ե․