Լուսանկարը` Արմինե Հայրապետյանի (2021թ․)
Կարկաժան, Կարմիր քերծ բնակատեղիի գերեզմանոց, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Չունի
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանային կոթող

Սկզբնական պատկանելությունը
Պատկանում է Կարմիր քերծ բնակատեղիի Խաչ (Կարմիր Ավետարան) կոչվող միջնադարյան գերեզմանոցին։

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Հարճլանք (հետագայում՝ Վարանդա) գավառ, Կարկաժան (Կրկժան) գյուղի տարածք, որը ազատագրումից հետո միավորվել է Ստեփանակերտ քաղաքին։
Հասցե
Ստեփանակերտ, Կարկաժան, Կարմիր քերծ1 բնակատեղի


1Քերծ, Արցախի բարբառով՝ ժայռ, ժայռազանգված։

Տեղագրությունը
Գտնվում է Ստեփանակերտից հարավ-արևմուտք՝ Կարմիր Քերծ կոչվող բարձր ժայռազանգվածի տակ գտնվող սարահարթին։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ստեփանակերտի Կարկաժան թաղամասից 1,6 կմ հարավ-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1130 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարարակն գետից 1,8 կմ արևելք։
Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Կարմիր Ավետարան եկեղեցուց 30 մ հարավ՝ միջնադարյան գերեզմանոցի տարածքում։
Հուշարձանը տեղաշարժված է, պատվանդանից հանված և հենած ծառին։ Սպիտակամոխրագույն կրաքարից կերտված և դեպի վեր լայնացող անկանոն ուղղանկյունաձև խաչքարի ստորին հատվածում պահպանվել է պատվանդանի մեջ կանգնեցնելու նպատակով նախատեսված ելուստը։
Խաչքարի հորինվածքի կենտրոնում մեծադիր ծաղկած խաչն է, որի թևերն ավարտվում են երկակի բողբոջաձև կլորավուն երեքտերևուկներով։ Խաչը, ինչպես նաև խաչի հիմքում ընկած վարդյակը եզրագծված են եռապարան ժապավենով։ Խաչքարը երիզված է պարանահյուս լայն զարդանախշ գոտով, որից ներս ընկած է խաչի խորանը։ Վերջինիս աջ և ձախ վերին անկյուններում քանդակված են խաղողի ողկույզներ, իսկ ստորին հատվածում մարդկային պատկերաքանդակներ են՝ երկու կողմից դեպի խաչն ուղղված։ Քարի հողմահարված լինելու պատճառով դրանց պատկերագրական մանրամասներն ընթեռնելի չեն, այնուհանդերձ դեռևս տեսանելի է, որ աջից քանդակված կերպարը ձեռքին սափոր ունի, իսկ ձախինը՝ գավաթ։ Երկուսն էլ պատկերված են երկար, մինչև սրունքները հասնող հանդերձանքով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, միջնադար, 12-13-րդ դարեր, Խաչենի իշխանություն

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանի մասին նշում է Սամվել Կարապետյանն իր «Արցախի մանրատեղանունները» գրքում2։
Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանձնարարականով՝ հուշարձանի դաշտային ուսումնասիրությունները կատարել են Գագիկ Սարգսյանը և Լեռնիկ Հովհաննիսյանը3։


2Կարապետյան Ս․, Արցախի մանրատեղանունները, Երևան, 2022, էջ 243։
3ԱՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի պահպանական գոտի։


Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակամոխրագույն կրաքար

Տիպը
Խաչքար, գերեզմանակոթող
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Այս խաչքարը, ինչպես նաև նույն վայրում գտնվող մյուս խաչքարերն ու գերեզմանակոթողները կարևոր պատմամշակութային նշանակություն ունեն Ստեփանակերտի շրջակայքի պատմական միջավայրի և հայկական միջնադարյան կոթողների ուսումնասիրման համար։
----------------------------

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․