Հանդաբերդի վանք
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Վանք
Հատուկ անունը
Հանդաբերդի վանք
Այլ անվանումներ
Անանուն վանք

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հանդաբերդի վանքը հիմնադրվել է հավանաբար 12-րդ դարում։ Իր ծաղկուն շրջանն է ապրել 13-14-րդ դարերում։ Հետագայում այստեղ հաստատված ադրբեջանցիները խորհրդային տարիների ընթացքում վանքի ողջ տարածքն ավերել են՝ մեծ վնասներ հասցնելով համալիրի կառույցներին։ Արցախի անկախության տարիներին վանական համալիրը պեղվել, ուսումնասիրվել և դարձել է Քարվաճառի կարևոր սրբատեղիներից մեկը։

2020 թվականի նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Սկզբնական պատկանելությունը
Վերին Խաչենի իշխանություն

Պահպանման միավորի անվանումը
Վանական համալիր

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, զանգակատուն, մատուռ-տապանատուն, խաչքարեր, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Վայկունիք գավառ (հետագայում՝ Վերին Խաչեն կամ Ծար)։ Մինչև 2023 թ․՝ Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան, Քնարավան

Տեղագրությունը
Գտնվում է Քարվաճառ քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քնարավան գյուղից 0,5 կմ արևելք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1054 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Լև գետի աջ ափից 0,5 կմ հարավ։
Նկարագրություն
Կիսավեր վանքը գտնվում է Քարվաճառի շրջանում՝ Լև գետի աջակողմյան լեռնաբազկի բարձրադիր բացատի եզրային հատվածում՝ Հանդաբերդի ամրոցից մոտ 0,8 կմ արևելք։ Այժմ այն պայմանականորեն կոչվում է Հանդաբերդի կամ Անանուն վանք, քանի որ վանական համալիրի պատմական անունը մեզ չի հասել։ Արցախի հուշարձանների գիտակ Սլավա Սարգսյանը, վկայակոչելով Անանիա Մոկացի կաթողիկոսի հավաստագիրը, առաջ է քաշում այն տեսակետը, որ Վերին Խաչենի երբեմնի նշանավոր այս վանական համալիրը կրել է «Խանդին վանք» անվանումը։ Ըստ Անանիա Մոկացու՝ Խաչենի եկեղեցական ժողովին, ի թիվս Աղվանից աշխարհի բազում հոգևոր հայրերի, եպիսկոպոսների և քահանաների, մասնակցել է նաև «Հայր Պողոս՝ Խանդին վանից վանականը»1։

Վանքն ամենայն հավանականությամբ հիմնադրվել է 12-րդ դարում՝ մի ժամանակաշրջանում, երբ այս տարածաշրջանը հոգևոր և մշակութային վերելք էր ապրում՝ պայմանավորված Զաքարյան իշխանական տան ազատագրական շարժմամբ։ Այս փուլը բնորոշվում է քաղաքական հարաբերությունների կայունացմամբ, տնտեսական կյանքի աշխուժացմամբ և մշակութային կյանքի հետևողական զարգացմամբ։ 13-րդ դարում՝ հատկապես 1270-ականներին, երբ վանքն իր առավել ակտիվ ու ծաղկուն շրջանն էր ապրում, այստեղ նշանակալի շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Դրա մասին են վկայում նաև փաստագրված արձանագրությունները, որոնց թվում ուշագրավ է ժամատան արևմտյան կողմում հայտնաբերված բարավորի արձանագրությունը․ «։ՉԻԵ։ (1276) թ․ | Ա[ստուծո]վ շինեցաւ ժամա|տունս եւ եկեղեցիքս Դ(աւի)թ վ(արդա)պ(ետ)ի | ձեռաւք։ Ազատեցին զս|ա հաթերքեցիքն յ(ամենայն) չարէ։ Ա[ստուա]ծ աւրհնի զնոսա։ Ով | խափանէ՝ դատի»2։

Հուշարձանախմբի ճարտարապետական հետազոտությամբ բացահայտվել է վանքի շինարարության ողջ ընթացքը, որն ըստ ամենայնի իրականացվել է կենտրոնական եկեղեցու նախնական շինության շուրջ։

Անդրադառնալով հուշարձանախմբին՝ Սամվել Կարապետյանն իր «Մռավականք» աշխատության մեջ գրել է․ «Համալիրը բաղկացած է ուղղանկյուն խորանով միջին չափի միանավ, թաղածածկ մեկ եկեղեցուց (արտաքին չափերը՝ 6,55 x 5,10 մ, կառույցների մեջ թերևս առաջինն էր), նրան արևմտյան ճակատում համահավասար դիրքով հյուսիսից և հարավից կից համահորինվածք, սակայն չափերով ավելի փոքր մեկական մատուռ-ավանդատնից, բոլոր այս երեքին արևմտյան կողմից կցված անսյուն կենտրոնաերդիկ հորինվածքով գավթից, սրան էլ արևմուտքից կից կրկնահարկ զանգակատնից, նույնպես և հյուսիսից կցված մի երրորդ մատուռ-ավանդատնից: Միմյանց կից վերոնշյալ կառույցներից զատ՝ շուրջ 10 մ հյուսիս-արևմուտք առկա է ևս թաղածածկ հորինվածքով փոքրաչափ մի մատուռ կամ մատուռ-տապանատուն»3։

Արցախի ճարտարապետական դպրոցի միջնադարյան եկեղեցաշինական առանձնահատկությունների թվում հատկանշական են եկեղեցիների և մատուռների ուղղանկյուն խորանները։ Հանդաբերդի վանքի գլխավոր եկեղեցին, ինչպես նաև մատուռներն ունեն նմանատիպ ուղղանկյուն խորաններ։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ խորանները և դահլիճը ծածկված են մեկ միասնական թաղով։

Ճարտարապետ Լյուբա Կիրակոսյանը, անդրադառնալով համալիրի ճարտարապետական լուծումներին, հատկանշական է համարում այն հանգամանքը, որ Հանդաբերդի վանքում առկա է հինգ խորան և բեմ․ սա վկայում է վանքի ծավալուն գործունեության մասին4։

Հուշարձանախումբն ամբողջությամբ կառուցված է անմշակ և կիսամշակ տեղական մոխրագույն քարով։ Ունի անկանոն շարվածք՝ բացառությամբ կառույցի պատասխանատու հանգույցների, որոնք շարված են կիսամշակ քարով ու որոշակի կանոնավորությամբ։ Վանական համալիրի տարբեր կառույցների պատերին ագուցված են եղել ավելի վաղ շրջանի խաչքարեր ու տապանաքարեր։ Ծածկերը եղել են կղմինդրապատ, ինչի մասին են վկայում տեղում հայտնաբերված կղմինդրե մեծաքանակ բեկորները։

Խորհրդային տարիներին ադրբեջանցիների կողմից հուշարձանախմբի տարածքով միտումնավոր կերպով անցկացվել է շուրջ 4 մ լայնությամբ և 2 մ խորությամբ ավտոճանապարհ, որի հետևանքով լրջորեն վնասվել են համալիրի մի շարք կառույցներ։ Նույն միտումով անմիջապես գերեզմանոցի տարածքով ճանապարհ է բացվել դեպի մոտակա անտառը, որի արդյունքում ավերվել և ոչնչացվել է պատմական գերեզմանոցի զգալի հատվածը։ Տապանաքարերի մի մասը տեղահանվել և բեկորատվել է, իսկ որոշ տապանաքարեր պարզապես գլորվել են հարակից ձորը։
Այսուհանդերձ տարածքում պահպանվել են շինարարական և նվիրատվական բնույթի մի շարք արձանագրություններ, որոնց թվում առանձնահատուկ պատմամշակութային արժեք և գիտական նշանակություն ունի Աղվանից Ստեփանոս կաթողիկոսի տապանաքարը, որը տեղահանվել և վանքի հյուսիսային հատվածում է պահպանվել։ Հուշարձանի վրա փորագրված հնգատող, ցավոք անթվակիր արձանագրությունը հավաստում է, որ այստեղ ամփոփված է եղել Աղվանից կաթողիկոս Ստեփանոսի մարմինը․ «Այս է հանգի|ստ տ(է)ր Ստեփ|անոսի` Աղու|անից կաթող|իկոսի»5։
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, հաշվի առնելով տապանագրի գրչության առանձնահատկությունները, կարծում է, որ տվյալ շիրմաքարը պատկանում է 1262-1323 թթ. գահակալած Ստեփանոս Դ-ին6։

2005-2006 թթ․ վանական համալիրի տարածքում հուշարձանի ամրակայման աշխատանքներ են իրականացվել։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության
 
 
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
1985 թվականին հնավայրն առաջին անգամ այցելել և հուշարձանախումբը չափագրել է ճարտարապետ Մուրադ Հասրաթյանը: Նա ընդօրինակել է նաև տեղում գտնված արձանագրություններից երկուսը, որոնցից մեկը թարմ ջարդվածքի հետքեր էր կրում: 1994 թվականին հնավայր է այցելել և հուշարձանն առաջին անգամ մասնակի պեղումներով ու մաքրման զուգորդված աշխատանքներով ուսումնասիրել է հնագետ Հակոբ Սիմոնյանի արշավախումբը։ Նույն թվականին հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ընդօրինակել է վանքի վիմագրերը։

2004-2005 թթ․ վանքը հնագիտական ընդգրկուն պեղումներով ուսումնասիրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը՝ Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Հնագիտական մաս՝ շերտագրությունը, գտածոները
Պեղումների ընթացքում հայտնաբերվել են մետաղից և կավից պատրաստված բազմաթիվ առարկաներ, կղմինդրե արձանագիր կտորներ, խաչքարեր։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաքար, բազալտ, կրաշաղախ

Տիպը
Վանական համալիր
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Ավերակ
----------------------------
1 Արարատ ամսագիր, 1897, 3, էջ 134։
2 Պետրոսյան Հ․, Կիրակոսյան Լ․, Սաֆարյան Վ․, 2009, էջ 15, տես նաև Կարապետյան Ս․, 2019, էջ 272։
3 Կարապետյան Ս․, 2019, էջ 268-270։
4 Տե՛ս Պետրոսյան Հ․, Կիրակոսյան Լ․, Սաֆարյան Վ․, 2009, էջ 30։
5 Կարապետյան Ս․, 2019, էջ 273։
6 Տե՛ս նույն տեղը։

Չափագրություններ
Հանդաբերդի վանք
Չափագրությունը՝ Սամվել Կարապետյանի (RAA archive)
Լուսանկարներ