Վարազաբուն, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1757 թվականին։ Գործել է մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։
1992 թվականի հունիսի 12-ին գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից, ազատագրվել սեպտեմբերի 4-ին։ Եռամսյա գերության ժամանակ բնակավայրն ամբողջությամբ ավերվել է, վնասվել է նաև եկեղեցին։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Վարազաբուն գյուղը կրկին բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր, տապանաքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ։ Հետագայում մաս է կազմել Վարանդայի մելիքության։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 767 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Շոր աղբյուր սեզոնային գետակի ձախ ափին՝ գետից 170 մ հեռու։ Նկարագրություն
Ասկերանի շրջանի Վարազաբուն գյուղի արևմտյան եզրին՝ հին թաղամասում, կանգուն վիճակում մեզ է հասել 18-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Համաձայն սրահի արևելյան կողմի պատի ստորին հատվածում ագուցված քարի վրա փորագրված «ՌՄԶ» թվագրության1՝ ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է 1757-ին։
Կառույցն ուղղանկյուն հատակագծով, միանավ, թաղակապ սրահ է։ Արևելյան կողմում կիսաշրջան խորանն է, որի հարավային և հյուսիսային կողմերում ուղղանկյունաձև, ոչ մեծ չափերի երկու ավանդատներն են։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին կա մեկական կամարակապ պատրհան։ Դեպի բարձրադիր բեմ և խորան տանող աստիճանները քանդված են։ Հյուսիսային պատին՝ կիսակամար վերնամասով խորշի մեջ, մեկ ամբողջական քարից կերտված մկրտության ավազանն է։ Մկրտարանի պատին ագուցված է գեղաքանդակ մի խաչքար։
Թաղածածկը հենված է հյուսիսային և հարավային պատերին ձուլված որմնասյուներից ձևավորվող զույգ սլաքաձև կամարների վրա։ Որմնասյուների ուղղանկյունաձև խոյակները ծածկված են նուրբ զարդաքանդակներով։
Միակ մուտքը հյուսիսային ճակատի արևմտյան մասում է։ Լուսավորվում է յոթ լուսամուտներով, որոնցից արևելյան երեքը, արևմտյան մեկը և հարավային երկուսը փոքրաչափ են ու դեպի ներս լայնացող։ Հյուսիսային ճակատի համեմատաբար մեծ լուսամուտը արտաքինից ևս առանձնանում է վերնամասում կամարաձև ուղղանկյուն բացվածքով։
Եկեղեցու ներսում՝ պատերին, ագուցված են 17-18-րդ դարերին բնորոշ նվիրատվական խաչքարեր։ Կառույցի արտաքին հարդարանքի մաս է կազմում նաև հարավային պատի արևելյան անկյունաքարին քանդակված պարզատիպ արևային ժամացույցը։
Կառույցի հիմնական շարվածքն իրականացված է տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ են բացվածքների և խորշերի եզրաքարերը, որմնասյուները և կամարները։
Եկեղեցու հարավարևելյան կողմում կիսավեր վիճակում պահպանվել են եկեղեցապատկան աշխարհիկ կառույցներ, իսկ հյուսիսային պատի մոտ գտնվում է քահանա տեր Գրիգոր Եղիյանի տապանաքարը։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 18-րդ դար (1757 թ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Սուրբ Աստվածածին եկեղեցին հիշատակվում է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ (1895)։
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Եկեղեցին վավերացվել և չափագրվել է։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հյուսիսային կողմում։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի յոթ լուսամուտ, որոնցից երկուսը բացված են հարավային, երեքը՝ արևելյան, մեկական՝ հյուսիսային և արևմտյան ճակատներից։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)
Հարդարանքը
Զուսպ Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
16 մ Չափերը` լայնությունը
9,4 մ Չափերը` բարձրությունը
5,5 մ Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Վթարային Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Վարազաբուն գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Բալայան Մ․, Բալայան Վ․, Հովհաննիսյան Լ․, 2026, մաս Ա, էջ 188։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուտարեանց Մ., 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։
Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
.
Գ․Բ․