Պատարա, Պատարայի բերդ
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Բերդ
Հատուկ անունը
Պատարայի բերդ
Այլ անվանումներ
Պյորթ, Բերթ

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Ամենայն հավանականությամբ ամրոցը հիմնադրվել է 12-13-րդ դարերում։ Միաժամանակ բերդաժայռի ստորոտում ձևավորվել է նաև բնակավայր, որի մասին են վկայում պահպանված մատուռն ու բնակելի տների հետքերը։

2023 թվականի սեպտեմբերին Պատարա գյուղը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Խաչենի իշխանություն (Պտրեցիք գյուղ)

Պահպանման միավորի անվանումը
Բերդ
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Բնակատեղի, մատուռ

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա (Պտրեցիք)։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա (Բադարա)

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 16 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Պատարա գյուղից 3 կմ հարավ-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1353 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Պատարա գետի աջ կողմում գտնվող Բերդ լեռան գագաթին՝ ափից 1,9 կմ հարավ։
Նկարագրություն
Պատարա գետահովտի ամենաքիչ ուսումնասիրված պատմամշակութային հուշարձաններից է 12-13-րդ դարերին վերագրվող միջնադարյան ամրոցը, որը հայտնի է Պատարայի բերդ կամ ժողովրդական լեզվով՝ Պյորթ անվանմամբ։ Այն գտնվում է Պատարա գետի աջ ափին վեր խոյացող անտառապատ լեռան ժայռոտ գագաթին։
Ազգագրագետ, բանահավաք Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ ամրոցի մասին գրել է․ «Գիւղի հարավային հանդէպ գետակի աջ կողմում մի լեռնակի գլխին փոքրիկ և հին բերդակ, որից գետնափոր ական կայ մինչև գետակն»1։
Արցախի հուշարձանների գիտակ Սլավա Սարգսյանը տարածքի դիտարկումներ կատարելիս որևէ ական (ստորգետնյա ուղի) չի հայտնաբերել․ «․․․․ մեր կողմից կատարված տեղազննության ընթացքում նման անցք չի հայտնաբերվել։ Կարծում ենք, ամրոցից մինչև գետ (1,5 կմ) գետնափոր ական հազիվ թե լիներ։ Հնարավոր չէ մի ողորկ քարաժայռ փորել այդքան երկարությամբ։ Սովորաբար Արցախի գրեթե բոլոր բարձրադիր (այդ թվում ավելի հզոր) ամրոցներում կառուցվում են ջրամբարներ, որտեղ հեղուկը կուտակվում էր անձրևաջրերից կամ ձնհալքերից։ Չի բացառվում նման ջրամբարի առկայությունը նաև այս ամրոցում, սակայն ներկայիս վիճակը (ավերված ու մացառուտներով ծածկված) հնարավորություն չի տալիս պարզելու խնդիրը»2։

Բերդաժայռի գագաթը զբաղեցնում է շուրջ 200 քմ մակերես (24×9 մ), ընդ որում՝ տեղանքը հիմնականում անհարթ է, իսկ հարավային ուղղությամբ՝ նաև թեքադիր իջվածքով։ Այն գրեթե բոլոր կողմերից շրջապատված է եղել մոտ 1,2 մ հաստությամբ հզոր պարսպապատերով, որոնցից պահպանվել են միայն կիսավեր հատվածներ։ Պաշտպանական կառույցի կարևոր տարրերից էին անկյուններում տեղադրված աշտարակները: Ամրոցի մուտքը գտնվել է արևմտյան կողմում, որը ներկայումս ավերված է։ Սլավա Սարգսյանը նկարագրում է, որ բերդից «Համեմատաբար լավ են պահպանվել արևելյան և հարավարևելյան հատվածները։ Արևելյան պատի պահպանված հատվածը ունի շուրջ 7 մ երկարություն և 1,8 մ բարձրություն։ Պարսպի ստորին մասում մոտ 1,1 մ լայնությամբ կամարակիր անցք է բացված, որը նման է Կաչաղակաբերդի նույնատիպ անցքին»3։
Հատակագծային հորինվածքի և շինարարական առանձնահատկությունների վերլուծության հիման վրա ենթադրվում է, որ ամրոցը կառուցվել է 12-13-րդ դարերում։
Խաղաղ ժամանակաշրջանում այն ծառայել է որպես դիտակետ՝ վերահսկելով Պատարա գետահովիտը և Խաչեն-Քաշաթաղ հաղորդակցական ուղին։

Ըստ Սլավա Սարգսյանի՝ Ելիզավետպոլի նահանգի 1904 թվականի քարտեզում նշված Գասմախպերթ տեղանունը վերաբերում է Պատարայի բերդին4։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, միջնադար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ շինարարական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ, կազմվել է վկայագիր։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաշաղախ, ավազաքար

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մեկ մուտք՝ արևմտյան կողմից։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է կոպտատաշ, անմշակ տեղական ավազաքարով և կրաշաղախով։

Տիպը
Պաշտպանական կառույց
Չափերը` տարածքի մակերեսը
200 քմ
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Ավերակ
Արժևորումը
Պատմամշակութային առումով բերդը շատ կարևոր է Արցախի միջնադարյան ամրոցաշինության և Խաչենի իշխանության ինքնապաշտպանության պատմության ուսումնասիրության համար։

----------------------------
1 Բարխուդարյանց Մ․, 1895, էջ 157։
2 Սարգսյան Ս․, 2006, էջ 18։
3 Սարգսյան Ս․, 2002, էջ 34։
4 Նույն տեղը, էջ 35։

Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն

Բարխուտարեանց Մ., 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։

Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։


Սարգսյան Ս․, Առաքելյան Յու․, 2006 - Սարգսյան Սլավա, Առաքելյան Յուրի, Պատարա, Երևան, 2006։

.
Ա․Հ․