Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Քարագլխի (Հադրութի շրջան) Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը
Հուշարձան
Տիպային անվանումը
Հուշարձան
Հատուկ անունը
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1950-ական թվականների վերջին։ Կանգուն է եղել մինչև 1991 թվականը։ Ավերվել է ադրբեջանական ոստիկանության զորքերի կողմից գյուղի բռնազավթման ժամանակ։ 2013 թվականին ամբողջությամբ վերականգնվել է։ 2020 թվականի սեպտեմբերից Քարագլուխը կրկին բռնազավթվեց Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ճակատագիրը ներկայումս անհայտ է։
Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր-հուշարձան

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Սիսական ի Կոտակ գավառ (հետագայում՝ Դիզակի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Քարագլուխ։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Քարագլուխ։

Տեղագրությունը
Գտնվում է շրջկենտրոն Հադրութ քաղաքից 8,5 կմ հարավ-արևմուտք՝ Քարագլուխ գյուղում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քարագլուխ գյուղի հյուսիսարևմտյան եզրին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1082 մ։
Նկարագրություն
Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանը կառուցվել է 1950-ական թվականների վերջին1՝ քարագլխեցիների հանգանակությամբ։ 1991-1992 թվականներին ադրբեջանական ոստիկանության զորքերի (ՕՄՕՆ2) կողմից «Օղակ» գործողության ժամանակ գյուղը բռնազավթվել է և ենթարկվել համատարած ավերածությունների, ինչի արդյունքում հուշարձանը տապալվել է՝ հարավային և հյուսիսային կողմերին գամված մարմարե չորս ցուցատախտակներով հանդերձ, որոնց վրա եղել են զոհված հայրենակիցների անունները։ 2013 թվականին քարագլխեցի ռուսաստանաբնակ ճարտարապետ Մաքսիմ Աթայանցի նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով հուշարձանը վերականգնվել է իր նախնական տեսքով՝ բացառությամբ մարմարե փշրված սալերի։
Հուշարձանը ուղղանկյունաձև սլացիկ կառույց է, որը պսակվում է քիվերով կազմված երկթեք ծածկով։ Վերջինիս կազմած ճակտոնի կենտրոնական հատվածում քանդակված է դափնեպսակի մեջ առնված հնգաթև աստղը։ Նույն մասում՝ արևելյան ճակատի միջնահատվածում, փորագրված է՝ Հայրենիքի ազատության և անկախության համար զոհված քարագլխեցիների հիշատակին, 1941-1945։
Հուշարձանի ստորին հատվածում՝ կամարաձև վերնամասով խորշի մեջ, աղբյուրն է։ Կամարակապ խորշը երիզված է գլանաձև շրջանակով, որը վերնամասում գալար է կազմում՝ ընդգրկելով անմոռուկ ծաղկազարդը։



Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 1950-ական թվականներ

Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ Մաքսիմ Աթայանցի վկայության
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Տեղական սպիտակ և վարդագույն տրավերտին, սպիտակ մարմար

Տիպը
Հուշարձան-աղբյուր
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Հատկապես խորհրդային տարիներին՝ ամեն հիշատակի օր, հուշարձանն իր շուրջ էր համախմբում տարբեր վայրերում հաստատված համագյուղացիներին։
----------------------------
 1Ըստ ճարտարապետ Մաքսիմ Աթայանցի տեղեկության։
 2ОМОН (отряд милиции особого назначения)․



Լուսանկարներ
...
.
Գ․Բ․