Մարտունի, Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Ներսես Մեծ եկեղեցի
Այլ անվանումներ
Սուրբ Ներսես

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 2004 թվականին: Օծվել է 2005 թվականին, գործել մինչև 2023 թվականի Արցախի բռնազավթումը և հայաթափումը։

Համացանցի ադրբեջանցի օգտատերերի կողմից հրապարակված մի շարք տեսանյութերից և լուսանկարներից հայտնի է դարձել, որ եկեղեցին ենթարկվել է վանդալիզմի։ Պատերին կան կրակահերթի հետքեր, ջարդված են եկեղեցական իրերը, դուռը և լուսամուտները։

Սկզբնական պատկանելությունը
Մարտունի քաղաք

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդայի մելիքություն)։ Մարտունին` որպես Շուշվա գավառի փոստակայան, հիմնադրվել է 19-րդ դարում: 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Մարտունի

Տեղագրությունը
Գտնվում է Մարտունի քաղաքում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Ազատամարտիկների և Լեոնարդ Պետրոսյանի փողոցների խաչմերուկում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 384 մ։
Նկարագրություն
Եկեղեցին հիմնադրվել է 2004 թվականին։ Օծվել և գործել է 2005 թվականից։ Մուտքի բարավորին փորագրված է․ «Ս[ուր]բ Ներսես Մեծ եկեղեցիս | կառուցավ բարերարութեամբ | օրիորդ Ա(լիս) Օհանեանի եվ ի յառաջնորդու|թեան Պարգեվի Արքեպ[իսկոպո]սի եւ ի հայրա|պետութեան Գարեգ(ի)նի Բ կաթողիկոսի։ Յ(ամի) Տ(եառն) | ՍԴ (2004 թ․)»:

Հարկ է նշել, որ եկեղեցու արևելակողմ խորանը կառույցի արևելք-արևմուտք առանցքի արտասովոր շեղվածության պատճառով ուղղված է դեպի հյուսիս։ Եկեղեցու ճարտարապետական հորինվածքը կրում է հայկական եկեղեցաշինության տարբեր ավանդույթների և ճարտարապետական ձևերի ազդեցություններ՝ իրականացված ժամանակակից լուծումներով։ Բոլոր ճակատների կենտրոնական հատվածները վերնամասում ավարտվում են երկթեք տանիքով, որոնց հատման կետում տեղադրված է քառասյուն և բրգաձև վեղարով քարաշեն ռոտոնդան։ Տանիքը կղմինդրածածկ է և քարաշեն։

Խորանն առանձնանում է թույլ արտահայտված կիսաշրջան կառուցվածքով։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին կան փոքրաչափ պատրհաններ՝ նախատեսված եկեղեցական և ծիսական իրերի համար։ Խորանին կից զույգ ավանդատներն են։ Բարձրադիր բեմը երկու կողմերից ունի քառաստիճան սանդուղքներ։ Բեմի վրա տեղադրված է քարակերտ Սուրբ Սեղանը։

Միակ մուտքը բացվում է արևմտյան ճակատից։ Լուսավորվում է արևելյան ճակատից բացված երեք և արևմտյան մեկ փոքրաչափ լուսամուտով, ինչպես նաև հարավային կողմից բացված երեք ու հյուսիսային մեկ լայն և մեծ կամարակապ լուսամուտով։
Հյուսիսային պատի արևելյան հատվածում՝ կամարակապ խորշի մեջ, մկրտության ավազանն է։ Եկեղեցու ներքին հարդարանքը զուսպ է։ Կառույցի արտաքուստ հարդարանքի հիմնական և կարևոր տարրերն են հյուսիսային և հարավային լուսամուտները եզերող երկկամար և մուտքի հնգակամար, պարզ ծավալատարածական շրջանակները։ Ներսում՝ հյուսիսային և հարավային պատերին, փակցված են եղել մեծաչափ կտավների վրա պատկերված ավետարանական շարքի պատկերներ։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 21-րդ դար

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակադեղնավուն տրավերտին, մոխրագույն բազալտ, սպիտակ կրաքար, երկաթբետոն

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք արևմուտքից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի ութ լուսամուտ, որոնցից երեքական բացվում են արևելյան և հարավային ճակատներից, մեկական՝ արևմտյան և հյուսիսային։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք խաչաձև տանիք, կղմինդր, քար

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Երկաթբետոնե կառուցվածքով շինության հիմնային շարքերը երեսպատված են բազալտով, մյուս հատվածները՝ սրբատաշ տրավերտինով և կրաքարով։

Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Քաղաքային եկեղեցի
Չափերը` երկարությունը
21 մ
Չափերը` լայնությունը
11 մ
Հուշարձանի վիճակը մինչ հայաթափումը
Լավ
Արժևորումը
Եկեղեցին եղել է Մարտունի քաղաքի միակ հոգևոր կառույցը։

Լուսանկարներ
...
.
Ս․Դ․