Լուսանկարը` Արմինե Հայրապետյանի
Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց, տապանաքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Տապանաքար
Հատուկ անունը
Չունի
Այլ անվանումներ
Տեր Ոհհանի (Օհան) տապանաքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանաքար
Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Տապանաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ: 1991-2022 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի։ Գյուղը բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թ․ մարտի 24-ին, ինչի հետևանքով հուշարձանի ճակատագիրն անհայտ է։

Հասցե
Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 6,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիի Կուճիր շալ1 տեղամասում։





Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քարագլուխ գյուղատեղիից մոտ 0,5 կմ հարավ-արևելք՝ նորահայտ գերեզմանոցի տարածքում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1012 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4 կմ հարավ՝ Շիկաքար լեռան արևելյան անտառապատ լանջին։
Նկարագրություն
Քարագլուխ գյուղատեղիի Կուճիր շալ տեղամասի գերեզմանոցի լավ պահպանված և արձանագիր տապանաքարերից մեկն է։ Պարզատիպ, միջին չափերի (160×50×29 սմ), հարթ, ուղղանկյունաձև սալատապան է՝ մասամբ խրված հողի մեջ։ Կերտված է սպիտակամոխրագույն կրաքարից։ Տապանի ողջ մակերեսը երիզված է լայն երկգոտի շրջանակով, որի մեջ ընդգրկված է երկտող արձանագրություն` Այս է հանգիստ | Տ(է)ր Ոհհանին, թվ(ին) ՌՃԴ (1655)2։ Տողերն իրարից բաժանում է քարի ողջ երկայնքով քանդակված Տեր Ոհհանի եպիսկոպոսական գավազանը՝ գեղեցիկ զարդանախշ գլխով։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, Հայ Առաքելական Եկեղեցի, ուշ միջնադար (1655 թ․)։

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ տապանաքարի մակերեսին փորագրված արձանագրության։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Ճարտարապետ Մանվել Սարգսյանը 1980-ական թթ․ նախնական ուսումնասիրման նպատակով այցելել և լուսանկարել է գերեզմանոցը, դաշտային հետագա ուսումնասիրությունները իրականացվել են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։

Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։


Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Բաց մոխրագույն կրաքար

Տիպը
Գերեզմանասալ, շիրմաքար, ուղղանկյունաձև սալատապան
Չափերը` երկարությունը
160 սմ
Չափերը` լայնությունը
50 սմ
Չափերը` բարձրությունը
29 սմ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Հատկապես կարևորվում է թվակիր և անվանակիր արձանագրության առկայությամբ, որը փաստագրական նոր տեղեկություն է հաղորդում Քարագլուխ գյուղի պատմության ուսումնասիրության համար։
----------------------------
1 Կուճիր շալ, Արցախի բարբառով՝ փոքր, հարթ տարածք։
2 Արձանագրությունն առաջին անգամ ընթերցվել է 2021 թվականին՝ դաշտային աշխատանքների ժամանակ, Սլավա Սարգսյանի և Արմինե Հայրապետյանի կողմից։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կուճիր շալի գերեզմանոցը մատենագրության մեջ հիշատակված չէ։
Հրապարակվում է առաջին անգամ։


Ա․Հ․