Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Հադրութ, Սուրբ Հարություն եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Հարություն
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1621 թվականին։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ Որպես աղոթատեղի՝ սկսել է ծառայել 1990-ական թվականների կեսերից։

Սկզբնական պատկանելությունը
Հադրութ քաղաք

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց, տապանաքար № 1, տապանաքար № 2, տապանաքար № 3, տապանաքար № 4, տապանաքար № 5։

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակ), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Հադրութ քաղաք:
Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Հադրութ քաղաք։ 2020 թ․ հոկտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Տեղագրությունը
 Գտնվում է Հադրութ քաղաքի արևմտյան մասում՝ հին թաղամասում:

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հադրութ քաղաքում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 740 մ։
Նկարագրություն
Հադրութը Արցախի հարավային տարածաշրջանի կարևոր մշակութային և տնտեսական կենտրոններից է եղել առնվազն 17-րդ դարից, որի պատմությունը սկիզբ է առել անհիշելի ժամանակներից։
Բնակավայրի տարածքում հիշատակվել է երկու եկեղեցու մասին1, որոնցից պահպանվել է միայն Սուրբ Հարություն եկեղեցին, իսկ մյուսն ավերակ է։ Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է Հադրութ քաղաքի պատմական Ժամեն թաղ կոչվող հատվածում։ Բանահավաք, ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը վկայում է, որ համաձայն վիմագիր արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1621 թվականին2։ Պատմաբան, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը տալիս է կառուցման այլ թվական՝ ՌՃԲ (1653)3։ 
1819-ին եկեղեցին վերանորոգվել է, երկթեք տանիքին ավելացվել է զանգակատուն-ռոտոնդա4։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ 1999 թվականին ծագումով Հադրութի շրջանի Ազոխ գյուղից ռուսաստանաբնակ բարերար Միքայել Բաղդասարովի նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով եկեղեցին ամբողջությամբ վերանորոգվել է, բարեկարգվել է նաև եկեղեցու շրջակայքը, որի մասին վկայող արձանագիր ցուցանակ է տեղադրվել արևմտյան ճակատին՝ շքամուտքից վերև։ Որպես աղոթատեղի՝ եկեղեցին ծառայում էր ոչ միայն Հադրութ քաղաքի, այլև շրջակա գյուղերի բնակիչների համար։
Ուղղանկյուն հատակագծով թաղակապ սրահ է, որն արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջան խորանով։ Խորանի հարավային և հյուսիսային կողմերում երկու ոչ մեծ ավանդատներն են։ Գլանաձև թաղը հենված է որմնասյուներից բարձրացող երեք կամարների վրա։ Դահլիճի կենտրոնական մասում՝ շրջանաձև բացվածքի վրա, բարձրանում է զանգակատունը։ Տանիքն ամբողջությամբ ծածկված է քարե ծածկասալով։ Ուշագրավ է շքամուտքի հարդարանքը, որն աչքի է ընկնում բազմազան զարդաքանդակներով․ որմնասյուները և որմնախոյակները ունեն երկրաչափական հյուսվածազարդ, իսկ բարավորի կամարաձև շրջանակը պարանաձև է և շթաքարային հորինվածքներով։ Մուտքի բարավորը զարդարված է շրջանի մեջ առնված կենտրոնական, հավասարաթև փոքրիկ խաչով, որի երկու կողմերում դեպի կենտրոն ուղղված թեքադիր երկու խաչապատկերներ են, իսկ ավելի ցած՝ որմնախոյակների մոտ, ևս երկու ավելի փոքր խաչապատկերներ։ Բարավորի զարդաքանդակները լրացնում են նաև փոքրիկ վեցաթև աստղազարդերը։ Հարկ է նշել նաև, որ բարավորի կենտրոնական ստորին հատվածում՝ կամարի վրա, հատուկ խորադիր շրջանակ է նախատեսվել (հավանաբար արձանագրության համար), որը մնացել է անավարտ։
Եկեղեցու բակի արևմտյան հատվածում տարածվում է ուշ միջնադարյան գերեզմանատունը, իսկ հարավային կողմում՝ եկեղեցուն զուգահեռ, երիցատունը։

1Տե՛ս Давидбеков И., Село Гадрут Елизаветпольской губернии Джабраилского уэзда, Сборник материалов для описания местностей и племен Кавказа, N6, Тифлис, 1888, стр. 186․
2Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895, էջ 68։
3Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պրակ V, Արցախ, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1982, էջ 190։
4Մկրտչյան Ա., «Առաջին հիշատակությունները Հադրութի մասին», Կոլտնտեսական, թիվ 16, Հադրութ, 1987, էջ 3:
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
 
Դիզակի մելիքություն, Հայ Առաքելական Եկեղեցի, 1621 թ․։ 


Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895, էջ 68։

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հիմնվել է 17-րդ դարում։ ԽՍՀՄ տարիներին չի գործել։ Վերանորոգվել և վերսկսել է գործվել 1990-ական թվականների կեսերից։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ից Հադրութ քաղաքը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Մեդիա տիրույթում հայտնված բազմաթիվ տեսանյութեր վկայում են, որ ադրբեջանական իշխանություններն իրենց պաշտոնական կեղծարարության թիրախ են դարձրել նաև Սուրբ Հարություն եկեղեցին։ Բազմիցս ուդիական համայնքի «հոգևորական» ներկայացուցիչներն այստեղ կազմակերպել են այցելություններ և կեղծ կրոնական ծեսեր՝ նպատակ ունենալով եկեղեցին, ինչպես նաև գերեզմանոցը ներկայացնելու որպես աղվանական։ 2023 թ․ դեկտեմբերին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, որի համաձայն Հադրութի հին թաղամասում և Սուրբ Հարություն եկեղեցու շուրջը պետք է կատարվեն հնագիտական պեղումներ, այնուհետև «կվերականգնվի» Սուրբ Հարություն եկեղեցին, իսկ նրա հարավային կողմում գտնվող երիցատունը5 պետք է վերածվի աղվանական մշակույթը ներկայացնող թանգարանի։

5Հադրութցիները այս շինությունը անվանում են դերունց տուն, որը տեղի բարբառով նշանակում է երիցատուն (երեցի տուն) կամ քահանայատուն (քահանայի, տերտերի տուն)։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)

Պատմական համառոտ տեղեկանք
 
Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի

Սուրբ Հարություն եկեղեցին հիշատակված է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ6։
1882-ին եկեղեցուն անդրադարձել է Հադրութի երկդասյա վարժարանի տեսուչ Ի․ Դավիդբեկովը՝ «Ելիզավետպոլի նահանգի Ջաբրայիլ գավառի Հադրութ գյուղը» հոդվածում7։
Պատմական անդրադարձ է կատարել և եկեղեցու չափագրությունը տվել հուշարձանագետ Շահեն Մկրտչյանը՝ «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները» գրքի հայերեն (1985)8 և ռուսերեն (1989)9 տարբերակներում։
Ազգագրագետ, Հադրութի երկրագիտական թանգարանի տնօրեն, ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը «Առաջին հիշատակությունները Հադրութի մասին» հոդվածում10 խոսում է 1819 թ․ եկեղեցու վերանորոգման և գմբեթի տեղադրման մասին։

7Давидбеков И., Село Гадрут Елизаветпольской губернии Джабраилского уэзда, Сборник материалов для описания местностей и племен Кавказа, N6, Тифлис, 1888, стр. 186․
8Մկրտչյան Շ․, «Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները», Երևան, 1985, էջ 133։
10Մկրտչյան Ա., «Առաջին հիշատակությունները Հադրութի մասին», Կոլտնտեսական, թիվ 16, Հադրութ, 1987, էջ 3:
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Կառույցը ուղղանկյուն թաղակապ սրահ է՝ կիսաշրջան խորանով և զույգ ավանդատներով։ Բեմը բարձրադիր է։ Թաղակալ կամարները սլաքաձև են և հենված են պատկից սյուների վրա։
Դեկորատիվ մոնումենտալ արվեստի մաս՝ հորինվածքը, գունային լուծումները
Եկեղեցին ունի զուսպ հարդարանք։ Աչքի է ընկնում գեղեցիկ ու նուրբ զարդաքանդակներով շքամուտքը։ Զարդահյուս են նաև որմնասյուների կամարների միացման հատվածները։ Եկեղեցու պատերին ներքուստ ագուցված են մի քանի պարզատիպ խաչաքանդակ։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Տեղական դեղնավուն կոպտատաշ և սրբատաշ քար, կրաշաղախ, սվաղ։
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի արևմտյան կողմում բացվող մեկ մուտք։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի հինգ լուսամուտ, որոնցից երկուսը բացվում են արևելյան, երկուսը՝ հարավային, մեկը՝ արևմտյան կողմում։
Տանիքը (նյութը, ձևը)
Տանիքը թաղակապ է, երկթեք ծածկը կառուցված է հարթ, կիսագլանաձև ծածկասալերով։
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցվել է կոպտատաշ, սրբատաշ քարերով և կրաշաղախով։ Ներսը սվաղված է։ 
Տիպը
Կամարակապ սրահ
Չափերը` երկարությունը
18,35 մ
Չափերը` լայնությունը
9,4 մ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Հուշարձանը կարևոր նշանակություն ունի Հադրութ քաղաքի պատմության ուսումնասիրման համար։
Չափագրություններ
Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու հատակագիծը
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի _ (Мкртчян Ш., Историко-архитектурные памятники Нагорного Карабаха (второе издание), Ереван, 1989, стр. 109․)
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
1․ Ամիրջանյան Ս․, - Ամիրջանյան Սերգեյ, Դիզակ, Երևան, 2006:
4․ Մկրտչյան Ա․ - Մկրտչյան Արթուր, Առաջին հիշատակությունները Հադրութի մասին, Կոլտնտեսական, թիվ 16, Հադրութ, 1987, էջ 3:
5․ Մկրտչյան Շ․ - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985:
6․ Ջալալեանց Ս․ - Ջալալեանց Սարգիս, Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս Բ, Տփխիս, 1858:
7․ Давидбеков И.. - Давидбеков И., Село Гадрут Елизаветпольской губернии Джабраилского уэзда, Сборник материалов для описания местностей и племен Кавказа, N6, Тифлис, 1888, стр. 186.

Գ․Բ․