Ցոր, Վելիջանի բերդ (Ցորաբերդ)
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Բերդ
Հատուկ անունը
Վելիջանի բերդ
Այլ անվանումներ
Ցորաբերդ, Ցորա ամրոց, Պերթ

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Ամրոցը հավանաբար հիմնադրվել է 1-2-րդ դարերում։ Համաձայն մատենագիտական տեղեկությունների՝ միջնադարում այն եղել է Ջալալյան տոհմի Վելիջան իշխանի նստավայրը։

2020 թվականի հոկտեմբերին Հադրութի շրջանը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։ 
Սկզբնական պատկանելությունը

Պահպանման միավորի անվանումը
Բերդ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ցոր

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 2,5 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ցոր գյուղից 900 մ հյուսիս-արևելք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1294 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի ավազանում՝ գետից 24 կմ դեպի հյուսիս։
Նկարագրություն
Հադրութի շրջանի Ցոր գյուղից 900 մ հյուսիս-արևելք՝ Դիզափայտի արևելյան լեռնաճյուղին՝ Վելիջան1 լեռան վրա, պահպանվել են համանուն ամրոցի ավերակները։
Այն առաջին անգամ հիշատակվել է 13-14-րդ դարերում2։ Գտչավանքի վանահայր Առաքել վարդապետ Կոստանդյանցը փոխանցել է մի ավանդազրույց, ըստ որի՝ ամրոցը կառուցել է Վելիջան իշխանը 15-րդ դարում։ Ամենայն հավանականությամբ ավանդազրույցը վերաբերում է 15-րդ դարում ամրոցի վերջին խոշոր վերակառուցման և ամրացման աշխատանքները։
Ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի փոխանցած տեղեկություններով՝ ամրոցը երեք կողմերից պարսպապատված է, իսկ հարավային կողմից անմատչելի ժայռեր են։ Արևելյան և արևմտյան կողմերում պահպանվել են դարպասների հետքերը։ Ամրոցի տարածքում հայտնաբերվել են մեծ կարասներ, տարբեր չափերի խեցեղեն, բրոնզե նետասլաքներ, դաշույններ, զանազան գործիքներ և կավե խողովակներ։ Հավանաբար ջուրն այստեղ է բերվել Շաղախ (Սարինշեն) գյուղի և համանուն ուխտավայրի մոտակայքից3։

Ամրոցի պարիսպներն ունեն 2-3 մ լայնություն։ Պատերի արտաքին կոպտատաշ քարերն առանձնանում են իրենց չափերի խոշորությամբ, իսկ վերջիններիս միջև առկա են տարբեր մեծության անկանոն, անմշակ քարեր։
Շարվածքի մեջ կրաշաղախի բացակայությունը և կառուցման առանձնահատկությունները թույլ են տալիս հուշարձանը թվագրել 1-2-րդ դարերով։ Տարածքում պահպանվել են կրաշաղախի և քարի համադրմամբ կառուցված ամբարների ավերակներ, ինչը փաստում է, որ ամրոցը միջնադարում ևս գործել է և շարունակել իր պաշտպանական գործառույթը։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Անտիկ շրջանից մինչև միջնադար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Ամրոցի մասին ներկայացրել է Գտչավանքի վանահայր Առաքել վարդապետ Կոստանդյանցն իր «Արցախի պատմության» մեջ։

Ցորի բերդը նկարագրել է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ (1895)։

Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Ամրոցը վավերացվել և չափագրվել է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է տարբեր չափերի անմշակ և կոպտատաշ քարերով։

Տիպը
Պաշտպանական կառույց
Չափերը` տարածքի մակերեսը
10,0 հա
Պահպանվածությունը`
Ավերակ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի պաշտպանական կառույցների, ինչպես նաև Դիզակի պատմության ուսումնասիրության համար։
----------------------------
1 Խորհրդային քարտեզներում լեռը նշված է Շիշդաղ անունով։
2 Տե՛ս Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ստ., Բարսեղյան Հ., 1986, էջ 163:
3 Տե՛ս Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 82-83։

Լուսանկարներ