Լուսանկարը՝ Արմինե Հայրապետյանի
Մուշկապատ, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 17-րդ դարում, խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակով։ Ամբողջությամբ վերանորոգվել է 2014-2016 թվականներին։

Սկզբնական պատկանելությունը
Մուշկապատ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքար 1, խաչքար 2, խաչքար 3, գերեզմանոց, տապանաքարեր։

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Մուշկապատ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Մուշկապատ։ 2023թ․ սեպտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։

Տեղագրությունը
Գտնվում է Մարտունի քաղաքից 11 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մուշկապատ գյուղի կենտրոնում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1019 մ։
Նկարագրություն
Մուշկապատի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցման հստակ թվականը հայտնի չէ, սակայն ճարտարապետական ոճը, հորինվածքային առանձնահատկությունները, պատերին ագուցված խաչքարերը, գերեզմանոցի տապանաքարերը թույլ են տալիս եկեղեցին վերագրել 17-18-րդ դարերին։

Պարզ թաղակապ սրահ է, արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջան խորանով, որի հյուսիսային և հարավային պատերին առկա են երկու փոքրաչափ, կամարակապ խորշեր։ Երկայնական թաղը հենված է պատերի որմնամույթերից սկիզբ առնող սլաքաձև հինգ կամարների վրա։ Հյուսիսային պատին տեղադրված է մկրտության ավազանը՝ առնված քարե կամարակապ խորշի մեջ։ Միակ մուտքն արևմտյան ճակատից է։ Լուսավորվում է արևելյան, հարավային և արևմտյան կողմերում բացվող մեկական փոքր լուսամուտներով։ Սրահի արևմտյան պատի ստորին հատվածում՝ մուտքից անմիջապես աջ, թեքադիր ագուցված է նվիրատվական բնույթի արձանագիր մի խաչքար։ 

Եկեղեցու հարավային կողմում կցակառուցված է ուղղանկյուն հատակագծով, ոչ մեծ չափերի մատուռ-ավանդատունը։ Վերջինիս միակ մուտքը բացված է եկեղեցու հարավային պատին՝ խորանի հարևանությամբ։ Մատուռի հյուսիսային պատին՝ կամարակապ խորշի մեջ, պահպանվել է մկրտության ավազանը։ Ուշագրավ է վերջինիս ճակատային հատվածում միաձույլ քանդակված երեք խաչապատկերը և այնտեղ արձանագրված Ավազանս | Ահրյ[ա]համ|ին1 հիշատակագրությունը։ Մատուռը լուսավորվում է արևելյան և արևմտյան ճակատներից բացվող փոքր լուսամուտներով։ Մատուռի ուղղանկյունաձև խորանից բացված լուսամուտի ստորին հատվածում՝ փոքր խորշի մեջ, ագուցված է նվիրատվական բնույթի փոքրաչափ խաչքար՝ հետևյալ արձանագրությամբ՝ Խաչս | Համուտ|էն։ Ըստ Սարգիս Ջալալյանցի՝ մատուռը կրում է Սուրբ Վարդան անունը, որտեղ «բազմաթիվ ուխտավորներ էին հաճախում»2։
Եկեղեցին և մատուռը կառուցված են տեղական կիսամշակ և կոպտատաշ քարերով, շքամուտքի, լուսամուտների, որմնամույթերի եզրաքարերը, որմնասյուները և թաղակիր կամարները սրբատաշ են։ Եկեղեցու արևմտյան բակում գտնվող գերեզմանատունը ունի 18-19-րդ դարերի արձանագիր տապանաքարեր։

Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ 2014-2016 թթ․ ամբողջությամբ վերանորոգվել է, այդ ժամանակ էլ վերականգնվել է վեցասյուն ռոտոնդան։ Վերանորոգման ֆինանսավորումը իրականացրել են մուշկապատցի, մոսկվաբնակ բարերար Անդրեյ Մարտիրոսովը, «Արևելյան պատմական ժառանգություն հիմնադրամը» և Արցախի Հանրապետության կառավարությունը։

2023 թ․ սեպտեմբերի 19-ի պատերազմի հետևանքով Մուշկապատ գյուղն ամբողջությամբ հայաթափվել է։ Ներկայումս անհայտ է հուշարձանի վիճակը։



1Արձանագրությունն առաջին անգամ ընթերցել է Րաֆֆի Քորթոշյանը։
2Ջալալյանց Ս․, 2016, էջ 521։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Վարանդայի մելիքություն, Հայ Առաքելական եկեղեցի, ուշ միջնադար։
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Եկեղեցու ճարտարապետական հորինվածքը և կառուցվածքային մանրամասները, ինչպես նաև պատերին ագուցված արձանագիր և քանդակազարդ խաչքարերն ու ճարտարապետական դետալները, համեմատելով նույնատիպ հուշարձանների հետ, ենթադրել են տալիս, որ հուշարձանը կառուցվել է 17-18-րդ դարերում։
Պատմական համառոտ տեղեկանք
Մուշկապատի Սուրբ Աստվածածին եկեղեցուն անդրադարձել է եկեղեցական գործիչ, գրող, հնէաբան Սարգիս արքեպիսկոպոս Ջալայանցն իր «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» գրքում։
Եկեղեցու մասին հիշատակվում է նաև ազգագրագետ, բանահավաք Մակար Եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Եկեղեցին պարզ, ուղղանկյուն թաղակապ սրահ է՝ կիսաշրջանաձև խորանով և բարձրադիր բեմով։ Եկեղեցու հարավային կողմին կից կառուցված է ոչ մեծ մատուռ, որի միակ մուտքը եկեղեցու սրահի հարավային պատից է։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին առկա են երկու ոչ մեծ խորշեր։ Հյուսիսային պատին գտնվում է մկրտության ավազանը։ Սրահի կենտրոնական հատվածում վեր է բարձրանում զանգակատուն-ռոտոնդան։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն ավազաքար, կրաքար, շաղախ, սվաղ։

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Եկեղեցին ունի մեկ մուտք, որը բացվում է արևմտյան ճակատից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Եկեղեցին և նրան կից մատուռ-ավանդատունը ունեն հինգ լուսամուտ, որոնցից երեքը բացվում են եկեղեցու արևելյան, հարավային և արևմտյան ճակատներին, իսկ երկուսը տեղակայված են մատուռի արևմտյան և արևելյան կողմերում։
Տանիքը (նյութը, ձևը)
Եկեղեցին թաղակապ է՝ երկթեք ծածկով։ Տանիքը սկզբնապես կղմինդրապատ էր։ Խորհրդային տարիներին պատվել էր ասբեստե թիթեղով, վերանորոգումից հետո՝ կղմինդրով։
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցվել է տեղական քարով, ներսը սվաղված է։ Շքամուտքի և լուսամուտների եզրաքարերը, որմնասյուները, կամարները, բեմը և աստիճանները, Սուրբ սեղանը շարված են սրբատաշ քարերով։
Հարդարանքը
Եկեղեցու ներսում՝ պատերի մեջ, ագուցված է մի քանի նվիրատվական խաչքար։ Քանդակազարդ է մատուռի հյուսիսային պատին գտնվող մկրտության ավազանը։
Տիպը
Կամարակապ սրահ
Չափերը` երկարությունը
18,9 մ
Չափերը` լայնությունը
8,55 մ
Չափերը` բարձրությունը
6 մ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Մուշկապատ գյուղի, ինչպես նաև պատմական անցյալի ուսումնասիրման համար։
Լուսանկարներ