Ախպերքան, Նահատակ եկեղեցի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Նահատակ եկեղեցի
Այլ անվանումներ
Սուրբ Գրիգոր, Ըխպրքանի Նահատակ եղցի, Ախպրքանի Նահատակ

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում միջնադարյան ավելի հին սրբատեղիի տարածքում։ Այդ մասին են վկայում ներկայիս կառույցի պատերին ագուցված և շուրջը պահպանված 12-13-րդ դարերի գեղաքանդակ խաչքարերը և տապանաքարերը։

Խորհրդային տարիներին եկեղեցին չի գործել, իսկ Ախպերքան գյուղը 1970-ականներից լքվել է։ Բնակչության մեծ մասը վերաբնակվել է հարևան Չլդրանում, իսկ եկեղեցին շարունակել է լինել ուխտատեղի մինչև 2023 թվականի Արցախի բռնազավթումն ու հայաթափումը։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Ախպերքան գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք կամ Մեծիրանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Չլդրան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Ախպերքան գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 15,5 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Չլդրան գյուղից 2 կմ հյուսիս-արևելք՝ Ախպերքան գյուղատեղիում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1170 մ։
Նկարագրություն
Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղից 2 կմ հյուսիս-արևելք՝ անտառապատ լեռան հարավահայաց մեղմաթեք լանջին, տարածվում է Ախպերքան (Ըխպրքան) գյուղատեղին։ Բնակավայրը լքվել է 1970-ական թվականներին։ Նահատակ եկեղեցուց բացի այստեղ պահպանվել են նաև բնակելի շինությունների ավերակներ և 9-20-րդ դարերի գերեզմանոցը։

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, միանավ, թաղակապ սրահ է։ Կառուցված է տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Թաղածածկը հենվում է հարավային և հյուսիսային պատերին կից որմնասյուներից բարձրացող կամարի վրա և սահուն կերպով ձուլվում է պատերի հարթությանը։
Խորանը կիսաշրջանաձև է, իսկ բեմը՝ բարձրադիր։ Խորանի կողային պատերին բացված է մեկական փոքրիկ ուղղանկյուն պատրհան, իսկ ձախ կողմում տեղակայված է դեպի բեմ տանող քարե սանդուղքը՝ կազմված երեք աստիճանից։ Եկեղեցու հյուսիսային պատի խորշում գտնվում է մկրտարանը։ Սրահը լուսավորվում է արևելյան և արևմտյան ճակատներին բացված մեկական փոքրիկ, դեպի ներս լայնացող, ուղղանկյուն լուսամուտով։ Եկեղեցու միակ մուտքը բացվում է արևմտյան ճակատից և կազմված է չորս մեծածավալ, միակտոր, սրբատաշ քարերից։ 

Եկեղեցու հարդարանքը զուսպ է։ Պատերին, որպես շինաքար, օգտագործված են 12-13-րդ դարերի գեղաքանդակ խաչքարեր և խաչքարերի բեկորներ։ Երկատված, սակայն ամբողջական մի խաչքար էլ կանգնեցված է խորանի մոտ՝ հենված բեմառէջքին։

Եկեղեցու շուրջը տարածվում է 13-20-րդ դարերի գերեզմանոցը։



Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-17-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական առանձնահատկությունների, ինչպես նաև տարածքում պահպանված արձանագիր կոթողների ուսումնասիրության
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ, թաղակապ սրահ

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կայծքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք արևմտյան կողմում։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի երկու լուսամուտ արևելյան և արևմտյան կողմերում։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է տեղական կոպտատաշ և անմշակ կայծքարով, ավազաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ են միայն մուտքի եզրաքարերը։

Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
12,3 մ
Չափերը` լայնությունը
7 մ
Պահպանվածությունը`
Միջին (վթարային)

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Ախպերքան գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։ Նահատակ եկեղեցին եղել է Չլդրանի հիմնական սրբատեղիներից մեկը, առանձնահատուկ տեղ է զբաղեցրել բնակչության կրոնական և ծիսական կյանքում։

Չափագրություններ
Չլդրան, Ախպերքանի Նահատակ եկեղեցի
Չափագրությունը՝ Սամվել Կարապետյանի
Լուսանկարներ
...
.
Ս.Դ․