Կարմիր շուկա, Մավասի վանք
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Վանք
Հատուկ անունը
Մավասի վանք
Այլ անվանումներ
Մամասեի վանք, Երեք մանկունք

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Սրբավայրը հայտնի է դեռևս 6-րդ դարից։ 13-րդ դարում այստեղ կառուցվել է վանական համալիր, որի եկեղեցին կանգուն էր ընդհուպ մինչև 19-րդ դարի վերջը և ծառայում էր որպես ուխտատեղի։

2023 թ․ սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Մավաս գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Վանական համալիր

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Վանք, եկեղեցի, գերեզմանոց, խաչքարեր, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Վարանդա գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Կարմիր շուկա

Տեղագրությունը
Գտնվում է Մարտունի քաղաքից 17 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր շուկայից 4,2 կմ հյուսիս-արևմուտք՝ Մավաս գյուղատեղիի հյուսիսային մասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1270 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի հովտում՝ գետից 4 կմ հյուսիս։
Նկարագրություն
Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղից 4 կմ հյուսիս գտնվող Մավաս գյուղատեղիի հյուսիսային կողմում՝ բլրի հարթ գագաթին է գտնվում Մավասի վանքը։ Երբեմնի վանական համալիրից մեզ են հասել կիսավեր վիճակում գտնվող եկեղեցին, գերեզմանոցը, ինչպես նաև տարբեր շինությունների և պարսպապատերի հիմքերի մնացորդներ։ Համալիրի անառիկ տեղանքը, շրջակա միջավայրի նկատմամբ գերիշխող դիրքը, ինչպես նաև ամրաշինական կառույցների հետքերը վկայում են, որ վանքն անհրաժեշտության դեպքում նաև պաշտպանական գործառույթ է իրականացրել։
Վանքի կառուցման մասին մանրամասն տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ այստեղ դեռևս 6-րդ դարում ամփոփված նահատակ սրբերի շիրիմները1 կարևոր սրբավայր և ուխտատեղի են եղել շրջակա բնակավայրերի հավատացյալների համար։ Հետագայում՝ 13-րդ դարում2, այստեղ կառուցվել են եկեղեցին և վանական համալիրի մյուս շինությունները։

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, եռանավ սրահ է՝ կիսաշրջան խորանով և կողային երկու նեղ ավանդատներով։ Բեմի տակ ամփոփված է սրբերի դամբարանը՝ չորս տապանաքարերով․ «Այս մատուռի Սեղանի տակ չորս խորանաձև շիրիմներ կան, որոնք կառուցված են Վեհիկի ժամանակներում գտնված սրբերի նշխարների վրա, ինչպես և ավանդաբար խոսում են բնակիչները` պատմության համաձայն»3։
Կողային նեղ նավերի թաղերը հենված են կենտրոնական զույգ մույթերին և հարավային ու հյուսիսային պատերին։ Կենտրոնական նավի թաղածածկը զգալիորեն բարձր է կողայիններից։ Թաղածածկի մեծ մասը ներկայումս փլված է։ Միակ մուտքը, որի աջ և ձախ կողմերում ագուցված են երկու խաչքարեր, բացվում է կառույցի արևմտյան կողմից։ Լուսամուտներից պահպանվել են միայն զույգ ավանդատներից բացվող երկու փոքր և նեղ բացվածքները։ Եկեղեցու ներսում, ինչպես նաև հարակից տարածքում առկա են բազմաթիվ խաչքարեր։ Պատերին ագուցված խաչքարերի բեկորները վկայում են ժամանակի ընթացքում կատարված տարբեր վերանորոգումների մասին։
Եկեղեցուն կից՝ արևմտյան կողմում, պահպանվել են ավերված գավթի հիմքերը և հատակի հարթ սալատապանները։

Վանքի շուրջը գտնվում է գերեզմանոցը, որտեղ առկա են տարբեր տիպի և տարբեր ժամանակաշրջանների տապանաքարեր։



Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 6-20-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Սրբավայրի թվագրմանն անդրադարձել է Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը։ Վանքի կառուցման թվագրությունը տալիս է պատմաբան Շահեն Մկրտչյանը։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Մավասի վանքի մասին մանրամասն ներկայացրել են Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» (1858 թ․) ուղեգրության, ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը «Արցախ» (1895) աշխատության մեջ և հուշարձանագետ Շահեն Մկրտչյանը «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» (1985) գրքում։

Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Եկեղեցին, գերեզմանոցը, խաչքարերն ու տապանաքարերը վավերացվել և չափագրվել են։


Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, եռանավ, թաղակապ սրահ է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք արևմտյան կողմում։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Պահպանվել են երկու լուսամուտ արևելյան կողմում։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ (չի պահպանվել)

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (չի պահպանվել)

Տիպը
Վանական համալիր
Չափերը` երկարությունը
11 մ
Չափերը` լայնությունը
4,73 մ
Չափերը` բարձրությունը
5 մ
Պահպանվածությունը`
Ավերակ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Մավաս գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

----------------------------
1 Ջալալյանց Ս., 2016, էջ 515։
2 Մկրտչյան Շ., 1985, էջ 149։
3 Ջալալյանց Ս., 2016, էջ 515։

Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն

Բարխուտարեանց Մ., 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։
Կիսիբեկյան Ա․, 2011 - Կիսիբեկյան Աբրամ, Յուշեր, հատոր Ա, Երևան, 2011։
Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։

.
Գ․Բ․