Շոշ, Լալիկ աղբյուր
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Աղբյուր Հատուկ անունը
Լալիկ աղբյուր Այլ անվանումներ
Լալեգյ Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Աղբյուրը կառուցվել է 1866 թվականին և գործել է անխափան։ 2012 թվականին հուշարձանը վերանորոգվել և մասամբ վերակառուցվել է։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Շոշ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդայի մելիքություն)։ 1868-1918 թթ․՝ Ելիզավետպոլի նահանգ, Շուշվա գավառ։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Շոշ
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 18,5 կմ հարավ։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Շոշ գյուղի կենտրոնական մասում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1016 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Կարկառ գետի վերին հոսանքի ձախ կողմում։ Նկարագրություն
Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ներքե1 թաղ կոչվող տեղամասում կառուցված Լալիկ2 աղբյուրը Արցախի մշակույթին բնորոշ պաշտամունքային աղբյուր-հուշարձաններից է։ Այս թեմայի ուսումնասիրության մեջ հատկապես ուշագրավ է հայ նշանավոր ազգագրագետ Երվանդ Լալայանի վկայությունը, որը մանրամասն անդրադարձել է Արցախի և մասնավորապես՝ Վարանդայի բնակչության ծեսերին՝ կապված ջրի և պաշտամունքային աղբյուրների հետ․ «Մեղք են համարում ջրի վրայ թքել և կամ նախատինքով վերաբերուիլ։ Նորահարսը առաջին անգամ աղբիւրի մօտ գալով, զոհ է բերում նրան ցորեն։ Կիրակի օրերը մոմեր են վառում սուրբ համարուած աղբիւրների առաջ։ Առողջութիւն հայցող հիւանդը մոմեր է վառում, աքաղաղներ զոհում, երկրպագում և աղօթում աղբիւրին։ Աղբիւրներից մի քանիսը ամենայն տեսակ, իսկ միւսները մի մի որոշ հիւանդութիւնների բուժիչ սրբատեղիներ են համարւում։ Առաջիններից նշանաւոր են Շօշու գիւղում, ձորակի մէջ գտնուողը․․․․»3:
Լալայանի գրառումից պարզվում է, որ Արցախում ջուրը ոչ միայն կենսական անհրաժեշտություն էր, այլև ուներ սրբազան խորհուրդ։ Բազմաթիվ աղբյուրներ և ակունքներ համարվում էին սուրբ, և դրանց շուրջ ձևավորվում էին ժողովրդական հավատալիքներ, ու կազմակերպվում ծիսական արարողություններ։
Լալիկ աղբյուրը կառուցվել է 1866 թվականին` Բուխան և Ավետիս եղբայրների կողմից։ Աղբյուրի անվան շուրջ գոյություն ունեն մի շարք ավանդազրույցներ, որոնցից առավել տարածվածը շոշեցի Յաշա Թադևոսյանի վերապատումն է։ Վերջինս պատմում է, որ Շոշ գյուղում ապրում էր մի ընտանիք, որն ուներ համր աղջիկ։ Օրերից մի օր աղջկա հայրը երազ է տեսնում․ Աստծո հրեշտակը մոտենում է նրան և ասում, որ եթե նա աղբյուր կառուցի, ապա աղջկա լեզուն կբացվի։ Հայրը աղբյուր է կառուցում, և աղջկա լեզուն բացվում է։ Ժողովուրդը աղբյուրի անունը դնում է Լալիկ։
Համաձայն մեկ այլ ավանդազրույցի՝ մի համր աղջիկ աղբյուրի տեղում հողով խաղալիս է լինում, հողը փորում է և փորած տեղից ջուր է ժայթքում։ Հենց այդտեղ էլ կառուցվում է աղբյուրը, և աղջկա պատվին անվանվում Լալիկ։ Այս զրույցը հիմք է հանդիսացել նաև տեղական այն հավատալիքի համար, ըստ որի՝ աղբյուրն ուներ բուժիչ ուժ համրերի համար, նաև ուշ խոսող կամ չխոսկան երեխաներին աղբյուր էին բերում՝ ջուր խմելու և «լեզուն բացելու» համար։ Մեկ այլ վկայություն վերաբերում է ջրի հանգիստ ու անձայն թափվելուն, որի համար էլ աղբյուրը ստացել է Լալիկ անվանումը, և մինչ օրս շոշեցիների մոտ տարածված է «Աղբյուրը լալեգյ, աղջկերքը լուզվանեգյ»4 թևավոր խոսքը։
Մեծ չափերի այս աղբյուրն ի սկզբանե կառուցված է եղել սրբատաշ քարով և կրաշաղախով։ Շինությունը բաղկացած էր սրբատաշ, երկայնական ետնապատից և առջևում երկու մասից բաղկացած քարե մեծ նովերից (գուռ)։ Ջրի երկու ծորակները ետնապատի հյուսիսահայաց կողմից են։ Կառուցման թվականը փորագրված է ձախակողմյան ծորակի վերևի մասում՝ փոքրիկ խաչազարդ հորինվածքի կողքին։
2012 թվականին շոշեցի Բորիկ Ստեփանյանի կողմից աղբյուրը վերակառուցվել է, տարածքը՝ բարեկարգվել։ Այդ մասին է վկայում հենապատի հարավային կողմում ագուցված արձանագիր ցուցանակը․ «Պատերազմ եղավ ահեղ, ու տոնվեց հաղթանակ | հերոսներ տվեց Շոշը ու ջահելներ նահատակ | նորոգվեց “Լալիկը” նրանց ի հիշատակ | Ստեփանյանների կողմից գալիքին կտակ։ | Լալիկ աղբյուրը կառուցվել է 1866 թվականին։ | Վերակառուցվել է Շոշ գյուղացի | Բորիկ Ստեփանյանի ընտանիքի | միջոցներով՝ 2012 թվականին»։
Վերանորոգման ժամանակ շինությունը լրացվել է․ ծորակների դիմաց ավելացվել է երեք սյուների վրա հենվող երկկամար կառույց։ Սալիկապատվել է հենապատի ստորին հատվածը։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար, 1866 թվական
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության
Հեղինակը (հեղինակները)- անունը, ազգանունը, մասնագիտությունը
Բուխան և Ավետիս եղբայրներ Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 1866 թվականին։ 2012-ին աղբյուրը վերանորոգվել և վերակառուցվել է։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Աղբյուրի վերաբերյալ հակիրճ տեղեկություն կա հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հեղինակած «Հայկական աղբյուրներ» գիրք-ալբոմում5։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, տրավերտին
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է սրբատաշ և կոպտատաշ քարերի համադրմամբ։ Պատերն ամրացված են կրաշաղախով։
Տիպը
Գյուղական աղբյուր Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Աղբյուրը կենսական նշանակություն ուներ գյուղի բնակչության համար։ Այն հայկական ուշ միջնադարյան աղբյուրաշինության յուրօրինակ նմուշներից է։
----------------------------
1 Ներքե, Արցախի բարբառով՝ ներքևի։
2 Լալիկ (Լալեգյ), Արցախի բարբառով՝ համր, լալ։
3 Լալայան Ե․, 1897, էջ 196:
4 Արցախի բարբառով՝ Աղբյուրը՝ համր, աղջիկները՝ լեզվանի։
5 Կարապետյան Ս․, 2023, էջ 58։
Լուսանկարներ