Ուլուպապ, Եղցու խաչ եկեղեցի, խաչքար № 6
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Նվիրատվական խաչքարը կերտվել է 11-12-րդ դարերում։ Ագուցված է Եղցու խաչ եկեղեցու արևմտյան պատին՝ բարավորից վերև։

2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Մաչի շեն գյուղ (Ուլուպապ)

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խաչեն, Ուլուպապ գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խաչեն գյուղից 3,3 կմ հյուսիս՝ Ուլուպապ գյուղից 700 մ դեպի հյուսիս-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 996 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետի հովտում՝ գետից 2 կմ դեպի հարավ։
Նկարագրություն
13-րդ դարում կերտված փոքրաչափ նվիրատվական խաչքարն ագուցված է Եղցու խաչ եկեղեցու արևմտյան պատին՝ մուտքի բարավորից վերև։ Խաչքարն ունի անսովոր հորինվածք․ այն ներկայացնում է մեկ ամբողջական քարի մեջ տեղադրված երկու՝ գրեթե հավասար, խորանաձև շրջանակներ։ Ձախ խաչախորանի ներքո քանդակված է գեղեցիկ ծաղկած խաչ, որի հիմքից դեպի վեր են բարձրանում պարզ ոճավորված արմավաճյուղերը։ Խաչաքանդակը, բացառությամբ թևերի եռաբողբոջ վերջավորությունների, զուրկ է նախշազարդերից։ Աջ խորանի ներքո զինավառ մարդու պատկերաքանդակ է։ Չնայած բարձրաքանդակի հողմահարվածությանը՝ հստակ տեսանելի է աշխարհիկ հագուստով, գլխի և մարմնի դիմահայաց դիրքով, ոտքերի դեպի աջ ուղղվածությամբ տղամարդու պատկեր, որի ձեռքին լարված նետ ու աղեղ է, իսկ գոտուց կախված է նետերի կապարճը։ Ներկայացված կերպարը կրում է երկարափեշ հանդերձանք, իսկ գլխին՝ գլխարկ։ Չի բացառվում, որ պատկերված է այն անձը, որի հոգու փրկության համար կերտվել է խաչքարը։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 13-րդ դար

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2009 թ․ Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կողմից Մաչի շեն գյուղատեղիի տարածքում իրականացվել են հուշարձանների հաշվառման և վկայագրման աշխատանքներ։ Եկեղեցին և շրջակա հուշարձանները ընդգրկվել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Դարչնագույն ավազաքար

Տիպը
Նվիրատվական խաչքար
Չափերը` լայնությունը
37 սմ
Չափերը` բարձրությունը
33 սմ
Պահպանվածությունը`
Միջին 
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Խաչենի մշակութային ժառանգության և մասնավորապես՝ խաչքարարվեստի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․