Պլեթանց, Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Ստեփանոս
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1651 թվականին։ Գործել է մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։


2020 թվականի հոկտեմբերին Պլեթանց գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Պլեթանց գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, տապանաքար

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում տարածքն ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության կազմում։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Պլեթանց

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 5 կմ հյուսիս-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Պլեթանց գյուղի կենտրոնում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 741 մ։
Նկարագրություն
Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Պլեթանց գյուղի կենտրոնական հատվածում։ Համաձայն մուտքի բարավորի արձանագրության՝ կառուցվել է 1651 թվականին1։
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, եռանավ, թաղակապ շինություն է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին բացված են կամարաձև վերնամասով, սրբատաշ քարերով երիզված երկու պատրհաններ։ Բեմը կիսավեր է։ Հյուսիսային պատին՝ սլաքաձև կամարակապ խորշի մեջ, պահպանվել է մկրտության ավազանը։
Եկեղեցին լուսավորվում է արտաքուստ նեղ, դեպի ներս լայնացող հինգ լուսամուտներով, որոնցից երեքը բացվում են արևելյան ճակատից, երկուսը՝ հարավային։ Արևելյան պատի կենտրոնական լուսամուտն արտաքուստ առանձնանում է քարի սլաքաձև շրջանակով։
Միակ մուտքը բացվում է հարավային ճակատի արևմտյան հատվածում։ Այն եզերված է կրաքարից կերտված, գլանաձև զույգ կողային որմնասյուներով, որոնց վրա է հենվում նմանատիպ գլանաձև հորինվածքով կամարը։ Կամարի ներքո՝ կիսաշրջանաձև բարավորին քանդակված խորանաձև շրջանակի մեջ, փորագրված է եկեղեցու կառուցման թվականը․ «Թ(վի)ն ՌՃ»։ Հետագայում եկեղեցու քահանաներից մեկը այս թվագրությոինից ներքև ավելացրել է խազագիր մի արձանագրություն․ «Ես Տ[ե]ր ․․․ իս գր[ե]ցի թվ(ին) ՌՃՀ (1721) էր»2։

Կառույցի հիմնական շարվածքն իրականացված է տեղական տարբեր անմշակ և կոպտատաշ քարերով ու կրաշաղախով։ Ուշագրավ է արտաքին պատերի ստորին հատվածներում օգտագործված մեծածավալ քարերից կազմված շարվածքը, մինչդեռ վերին հատվածում պատերը շարված են փոքրաչափ թերթաքարերով։ Սրբատաշ քարերով են իրականացված բացվածքների եզրերը, կամարակիր մույթերը, կամարները և պատերի արտաքին անկյունները։ Երկթեք տանիքը, որը չի պահպանվել, ի սկզբանե եղել է կղմինդրածածկ։
Եկեղեցու հարավային բակում՝ մուտքից աջ, պահպանվել է 1854 թվականի տապանաքար։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դար (1651 թվական)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության


Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Սուրբ Ստեփանոս եկեղեցին հիշատակվում է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» (1895) աշխատության և Սարգիս արքեպիսկոպոս Ջալայանցի «Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան» (1856) գրքի մեջ։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, եռանավ, թաղակապ սրահ է՝ արևելքից կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, թերթաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավային կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի հինգ լուսամուտ, որոնցից երեքը բացվում են արևելյան կողմից, երկուսը՝ հարավային։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)
Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
17,2 մ
Չափերը` լայնությունը
8,7 մ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Պլեթանց գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրման համար։

----------------------------
1 Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը նշում է կառուցման ՌՃԽԵ (1696) թվականը։
2 Արձանագրության ընթերցումը՝ Սասուն Դանիելյանի։

Չափագրություններ
Պլեթանց, Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի
Լուսանկարներ