© monuments.nk.am (Արցախի հուշարձանների տեղեկատվական շտեմարան)
Կարմիր գյուղ (Դռնավարզ), Մեծ ճյուր աղբյուր
Հուշարձան
Տիպային անվանումը
Աղբյուր
Հատուկ անունը
Մեծ ճյուր
Այլ անվանումներ
Մեծ աղբյուր, Շենին աղբյուր
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1864 թվականին և անխափան գործել է մինչև գյուղի բռնազավթումը։ 2023 թ․ սեպտեմբերի 19-ի պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել է, անհայտ է հուշարձանի ներկայիս վիճակը։
Սկզբնական պատկանելությունը
Դռնավարզ (հետագայում` Կարմիր գյուղ)

Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդա)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմիր գյուղ։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Կարմի գյուղ։
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 18 կմ հարավ-արևելք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կարմիր գյուղի հին թաղամասում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1200 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածից 4 կմ հյուսիս։
Նկարագրություն
Մեծ ճյուր աղբյուրը կառուցվել է 1864 թվականին Աբգարանց Սարգսի կողմից։ Աղբյուրի ծորակի վերնամասում պահպանվել է շինարարական արձանագրությունը. «Յիշատակ է | աղբուրս այս | Աբգարեանց | Սարգիսի որ|դի Մուսաե|լին, – այնուհետև նույն պատի ճակատային հատվածում շարունակվում է, – ՌՅԺԳ | 1864 ամի | եւ ուստէն | դվէ 10 | մանէթ»։ 
 
Նավերը միացնող միջանկյալ պատի ճակատին՝ կամարակապ խաչաքանդակի տակ, փորագրված արձանագրությունը վկայում է, որ աղբյուրը վերանորոգվել է 1914 թվականին. «Հիշատակ կար|միրգյուղացի | Ասլան Մուսա|յելյանից | այս աղբույրը | նորոգեց 1914 թ.»։

Ջուրը մատակարարվում է կավե խողովակներով՝ 100-150 մ հեռավորության վրա գտնվող ջրավազանից։ 2015 թվականին աղբյուրը մասնակի վերանորոգվել է․ տեղադրվել է թիթեղյա ծածկ։ Համաձայն ավանդազրույցի՝ հենց այս վարարակն աղբյուրի պատճառով է, որ գյուղի հիմնադիր տեր Արտավազդը որպես գյուղատեղի է ընտրել այս տարածքը։

Աղբյուրի շինությունը կազմված է կիսակամար, սրբատաշ, պատի երկայնքով տարածվող մեկ երկար նավից, որը միջանկյալ պատով բաժանված է երկու անհավասար մասի։ Ձախ հատվածի չափերն են՝ 600x50x45 սմ, աջինը` 400x50x45 սմ։ Աղբյուրի ջրամատակարարումը նավի ձախ կողմից է, իսկ նավի հակառակ կողմում կա ջրահեռացման համար նախատեսված ևս մեկ փոքրիկ ավազան՝ 40x40 սմ չափերի։ Աղբյուրի ետնապատի ընդհանուր բարձրությունը 2 մ է։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
1864 թ․
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Աղբյուրի ծորակի վերնամասում պահպանվել է շինարարական արձանագրությունը։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)

Հուշարձանի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարել հուշարձանագետ-բանահավաք Սամվել Կարապետյանը։  Հեղինակի գիրք-ալբոմը հետմահու տպագրվել է 2023 թվականին «Հայկական աղբյուրներ» վերնագրով։

Հուշարձանին անդրադարձել է նաև «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագիրն իրականացնող monumentwatch.org կայքը։



Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Դեկորատիվ մոնումենտալ արվեստի մաս՝ հորինվածքը, գունային լուծումները
 


Աղբյուրի ձախակողմյան անկյունային պատին՝ ներսից կողմից, շինարարական արձանագրությունն է, իսկ երեսահայաց մասում՝ 1864 թվականի արձանագրությունից վեր, խորանի մեջ ընդգրկված խաչաքանդակն է։ Խորանի թե՛ կամարը, թե՛ սյուները՝ բացառությամբ խոյակների, հարդարված են պարզ գծանախշով։ Գծային լուծում ունի նաև Ծաղկած խաչը, որի հավասար թևերը եռաբողբոջ են, իսկ հիմքից դեպի վեր՝ դեպի խաչի հորիզոնական թևերն են տարածվում կենաց ծառի երկու ճյուղերը։ Խաչի կողմերը գծանախշ են, խաչաթևերը՝ եռաբողբոջ։ Ներքևի մասում արմավենու ճյուղեր են։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Դեղնավուն կրաքար, կրաշաղախ, սվաղ

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Աղբյուրը կառուցված է սրբատաշ կրաքարով և կրաշաղախով։

Տիպը
Բնակավայրի աղբյուր
Չափերը` երկարությունը
Կառույցի ընդհանուր երկարությունը շուրջ 12 մ է։
Չափերը` բարձրությունը
Ետնապատի բարձրությունը 2 մ է։
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Մեծ ճյուր աղբյուրը գյուղամիջյան միակ աղբյուրն էր, որն ուներ նաև տնտեսական և հասարակական կյանքի համար կարևոր նշանակություն։ Այն գյուղը խմելու ջրով ապահովող ամենախոշոր աղբյուրն էր, իսկ վերջին տարիների սակավաջրության արդյունքում՝ միակը։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կարապետյան Ս․, 2023, Սամվել Կարապետյան, Հայկական աղբյուրներ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, Երևան, 2023, էջ 40,41։

Ա.Հ․, Ա. Լ․-Ե.