Կոտոր, Կոդրի բերդ
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Բերդ
Հատուկ անունը
Կոդրի բերդ
Այլ անվանումներ
Կոդրի, Կոտոր, Կոդոր, Ղոթուրլի, Ղալաբոյուն

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Բերդը, ամենայն հավանականությամբ, հիմնադրվել է անտիկ շրջանում։ Իր նշանակությունը պահպանել է մինչև միջնադար։

2020 թվականի դեկտեմբերին Քարվաճառի շրջանը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Պահպանման միավորի անվանումը
Բերդ
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Բերձոր (հետագայում՝ Վերին Խաչեն կամ Ծար) գավառ։ 1993-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան, Զուար, Կոտոր գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Քարվաճառ շրջկենտրոնից 24 կմ հարավ-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Կոտոր գյուղատեղիից 800 մ արևելք, իսկ Զուար գյուղից` 11 կմ հարավ:

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 2095 մ:
Ջրագրությունը
Գտնվում է Դուտխու (Դութխու) գետի աջակողմյան ավազանում։
Նկարագրություն
Քարվաճառի շրջանի պատմական Կոտոր գյուղը տեղակայված է Դուտխու գետի աջակողմյան հիմնական վտակներից մեկի ափին։ Բնակավայրի Կոդրի (Կոտոր) տեղանունը մեզ է հասել աղավաղված և մահմեդականացված տարբերակներով՝ Կոթուր, Ղոթուրլի։ Գյուղի վերաբերյալ ամենավաղ հիշատակությունը վերաբերում է 1259 թվականին։ Այն պահպանվել է Դադիվանքի գմբեթավոր եկեղեցու արևելյան պատի կենտրոնական կամարի եռատող արձանագրության մեջ․ «Ես՝ Յովանէս երէց Կոդրեցի, իմ հալալ արդեամբք միաբա|նեցա Ս(ուր)բ ուխտիս եւ սահմանեց(ին) ինձ ի յայտնութե(ան) ճրագալու|ցին ։Ա։ (1) պատարագ, ով խափանէ իմ մեղացս տէր (է) առաջի Ք(րիստոս)ի, ՉԸ (1259)»1։ Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը վերոնշյալ արձանագրության մեջ հիշատակված կոդրեցին վերծանել է Կոտարուց ձևով2։

Կոտոր (Ղալաբոյուն) գյուղատեղիից մոտ 800 մ հյուսիս-արևելք` համանուն լեռան գագաթին, տեղակայված է Կոդրի (Կոտոր) բերդը։ Բերդի տարածքում 1996 թվականին հետազոտական աշխատանքներ է իրականացրել հնագետ Հակոբ Սիմոնյանի ղեկավարած արշավախումբը, որի մասին նշվել է «Արցախի և ազատագրված տարածքների 1990-2005 թթ. հնագիտական հետազոտությունների հիմնական արդյունքները» հոդվածում։ Հեղինակի վկայությամբ՝ «Թութխունի աջակողմյան սարի վրա 1996 թվականին հայտնաբերվել է մինչ այդ անհայտ, հզոր ամրոց»3: Հիմք ընդունելով Դադիվանքի գրատան բարավորի արձանագրության մեջ հիշատակված Տպել տեղանունը` հեղինակն այն նույնացրել է Բաշ Տպել տեղանվան հետ, և բերդը ներկայացրել է Տպել անվամբ։
Հետագայում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը մատենագիտական, քարտեզագրական և արխիվային նյութերի ուսումնասիրության հիման վրա հստակեցրել է բերդի հին Կոտոր կամ Կոդրի անվանումը, և այն թվագրել 12-13-րդ դարերով4։ 2015 թվականին այստեղ իրականացված դաշտային ուսումնասիրությունների շնորհիվ Սամվել Կարապետյանը մանրամասն անդրադարձել է հուշարձանին իր «Մռավականք» աշխատության մեջ. «Բերդասարի գրեթե հարթ գագաթն արևելյան, հարավային և մասամբ նաև արևմտյան կողմերից շրջապատված է գահավեժ ժայռերով, սակայն ուղղանկյուն աշտարակներով հզորացված մինչև 280 մ երկարություն ունեցող պարսպապատը ձգվում է ոչ թե ժայռերի գլխով, այլ նրանից 80-100 մ ավելի հեռու, բայց և ավելի բարձր դիրքով։ Պահպանված հատվածներում պարսպապատերի առավելագույն բարձրությունը 1,5 մ է։ Շարվածքն իրականացված է տարբեր չափերի կիսակոփ, բայց առավելապես ուղղանկյունաձև քարակտորներով։ Ինչ վերաբերում է շաղախին, ապա կա՛մ այն ցածրորակ լինելու պատճառով ժամանակի ընթացքում քայքայվել ու լվացվել է, կա՛մ ի սկզբանե չի էլ եղել (համենայն դեպս, պարսպապատերի տեսանելի հատվածներում շաղախի հետքեր չենք նշմարել)։ Հիմք ընդունելով վերոնշյալը՝ հուշարձանը կարելի է թվագրել վաղ միջնադարով կամ նույնիսկ անտիկ շրջանով»5։
Ուշ միջնադարից գավառում հաստատված մահմեդական ցեղերի մոտ ամրոցը, ինչպես նաև լեռնագագաթը շրջանառվել է Ղալաբոյուն անվանաձևով, որից էլ անունը անցել է Կոտոր գյուղին։ 

Հարկ է նկատել, որ նույն անվամբ բերդ կար նաև Վասպուրականի Անձախաձոր (Անձախիձոր) գավառում` Կոտուր գետի ափին։ Կան կարծիքներ, որ Կոտոր տեղանունը ծագում է աքքադերեն kudurru բառից, որը նշանակում է սահման6։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Անտիկ շրջանից մինչև միջնադար

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և կառուցվածքային առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
1996 թվականին բերդը ուսումնասիրվել է հնագետ Հակոբ Սիմոնյանի կողմից։ Բերդի վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են «Արցախի և ազատագրված տարածքների 1990-2005 թթ. հնագիտական հետազոտությունների հիմնական արդյունքները» հոդվածում։

Բերդին անդրադարձ է կատարել նաև հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ իր «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» աշխատության մեջ։ 2015 թվականին հուշարձանագետի ղեկավարությամբ դաշտային ուսումնասիրություններ են իրականացվել, որի արդյունքները հրապարակվել են «Հայաստանի պատմություն» գրքաշարի «Մռավականք» հատորում։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ճեղքված ժայռաքար

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հյուսիս-արևելքից։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է տարբեր չափերի կիսամշակ քարերով։

Տիպը
Բերդ, բնակելի, պաշտպանական համալիր
Չափերը` երկարությունը
Ընդհանուր երկարությունը՝ 250 մ
Չափերը` լայնությունը
Միջին լայնությունը՝ 110 մ
Չափերը` տարածքի մակերեսը
2,3 հա
Պահպանվածությունը`
Ավերակ

Արժևորումը
Կոտորի բերդը կարևոր նշանակություն ունի վաղ շրջանի հայկական ամրոցաշինության և պաշտպանական կառույցների, ինչպես նաև պատմության ուսումնասիրության համար։

----------------------------
1 Արձանագրությունն առաջին անգամ ընթերցել և հրատարակել է ազգագրագետ Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը (1858, էջ 226), ապա վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը (ԴՀՎ․, 1982, էջ 204), վերջին հրատարակությունը լույս է տեսել 2019 թվականին հուշարձանագետ Սամվել Կարապետյանի Մռավականք աշխատության մեջ, որն ընդգրկում է նաև արձանագրության մանրակրկիտ գրչագիր ընդօրինակումը (2019, էջ 322-323):

2 Ջալալյանց Ս․, 2016, էջ 415:

3 Սիմոնյան Հ․ 2007, էջ 6-7։

4 Կարապետյան Ս․, 1999, էջ 73։

5 Կարապետյան Ս․, 2019, էջ 238-239:

6 Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ստ., Բարսեղյան Հ., 1986, էջ 227:






Չափագրություններ
Կոտոր, Կոդրի բերդ
Չափագրությունը՝ Աշոտ Հակոբյանի (RAA)
Լուսանկարներ