Սառնաղբյուր, Սուրբ Գևորգ եկեղեցի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Գևորգ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1875 թվականին։ Գործել է մինչև 1930-ական թվականները։ Արցախյան առաջին պատերազմի տարիներին գյուղը հայտնվել է ռազմական գործողությունների գոտում, ենթարկվել հրթիռակոծության, որի հետևանքով վնասվել է նաև եկեղեցին։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Սառնաղբյուր գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։

Սկզբնական պատկանելությունը
Միրիշալու (Սառնաղբյուր) գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ։ Հետագայում մաս է կազմել Վարանդայի մելիքության։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Սառնաղբյուր

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 9 կմ հարավ-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Սառնաղբյուր գյուղի արևմտյան եզրին՝ հին թաղամասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 843 մ։
Նկարագրություն
Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի արևմտյան եզրին՝ գյուղի հին թաղամասում, կիսավեր վիճակում պահպանվել է 1875 թվականին կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին։ Այն ուղղանկյուն հատակագծով, միանավ, թաղակապ սրահ է։ Արևելյան կողմում գտնվում է ուղղանկյունաձև խորանը, որի հարավային և հյուսիսային կողմերում տեղակայված են ուղղանկյունաձև, ոչ մեծ չափերի երկու ավանդատներ։ Հյուսիսային ավանդատան մուտքի վերևում, որպես բարավոր, վերօգտագործված է միջնադարյան գեղաքանդակ խաչքար։

Խորանի հյուսիսային և հարավային պատերին կա մեկական պատրհան՝ կամարաձև վերնամասով։ Բեմը չի պահպանվել։ Հյուսիսային պատին գտնվող նմանատիպ կիսակամար վերնամասով խորշի մեջ տեղադրված է մկրտարանը, որի կողապատերի քարերը զարդարված են շրջանի մեջ առնված մեկական խաչաքանդակով։ Նմանատիպ երկու խաչաքանդակ զարդարում են նաև խորանի հյուսիսային և հարավային բարձրադիր անկյունաքարերի արևմտահայաց երեսները։
Թաղածածկը հենված է հյուսիսային և հարավային կողմերում գտնվող զույգ որմնասյուներից սկզբնավորվող կամարներին։ Եկեղեցին լուսավորվում է չորս լուսամուտներով։ Արևելյան պատի երեք լուսամուտները առանձնանում են իրենց արտաքին փոքր չափերով, ինչպես նաև արտաքուստ լուսամուտներին շրջանակ ծառայող քարերի մեջ արված նեղ, սրածայր բացվածքներով։ Լուսամուտները ներսից զգալիորեն լայնանում են և ունեն ուղղանկյան ձև։ Հյուսիսային ճակատից բացվող լուսամուտը նույնպես ուղղանկյունաձև է և չափերով անհամեմատ մեծ։ Եկեղեցու մուտքը հյուսիսային պատի արևմտյան կողմից է, որի սրբատաշ շրջանակով շքամուտքի բարավորին քանդակված է եկեղեցու շինարարական արձանագրությունը․ «Կառուցաւ Ս(ուր)բ Գևորգա եկեղեցիս փիրջամալցի Յարու(թ)իւն | Ծատուր, Անդրեաս, Ջումշուդ տեր Յարութունեան | յիշատակ իւր ծնողացն Միլքումին և Ազիզին | 1875 ամի»։
Բարավորից վեր՝ կամարի վրա, արձանագրված է․ «Միրիշալու»1։
Կառույցի հիմնական շարվածքն իրականացված է տեղական կոպտատաշ քարերով, թերթաքարով և կրաշաղախով։ Սրբատաշ են բացվածքների, խորշերի, պատերի եզրաքարերը, որմնասյուները և կամարները։

Արցախյան առաջին պատերազմի ընթացքում գյուղը հրետակոծվել է, ապա գրավվել ադրբեջանական զորքերի կողմից և ամբողջությամբ հրկիզվել։ Հրետանակոծությունից վնասվել է նաև եկեղեցին․ փլվել է թաղածածկը, պատերին առաջացել են խորը ճաքեր։ Բնակավայրի ազատագրումից հետո վերադարձած բնակիչների համար կիսավեր եկեղեցին դարձել է սրբատեղի։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Սառնաղբյուր գյուղը կրկին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
 Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար (1875 թ․)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Եկեղեցին վավերացվել և չափագրվել է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, միանավ, թաղակապ սրահ է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Թերթաքար, կրաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հյուսիսային կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի չորս լուսամուտ, որոնցից երեքը բացվում են արևելյան կողմից, մեկը՝ հյուսիսային։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ (չի պահպանվել)

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (չի պահպանվել)
Հարդարանքը
Եկեղեցու պատերին ներքուստ ագուցված են տարբեր ժամանակաշրջանների բնորոշ խաչքարեր և խաչաքանդակներ։

Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
16 մ
Չափերը` լայնությունը
8,5 մ
Պահպանվածությունը`
Վթարային
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Սառնաղբյուր գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

----------------------------
1 Սառնաղբյուր գյուղի հին անվանումը։

Լուսանկարներ