Ուլուպապ, Մաչի շենի Եղցու խաչ եկեղեցի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Եղցու խաչ եկեղեցի, Մաչի շեն եկեղեցի Այլ անվանումներ
Մաչի շենի եղցե
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Համաձայն շինարարական արձանագրության՝ Մաչի շեն գյուղատեղիի եկեղեցին վերանորոգվել է 1345 թվականին։ Թե խորհրդային տարիներին , և թե Արցախի Հանրապետության անկախությունից հետո, ժողովրդական հին ավանդույթների ազդեությամբ ու հիշողությամբ, եկեղեցին ծառայել է որպես ուխտատեղի։
2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Մաչի շեն գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր, տապանաքարեր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խաչեն, Ուլուպապ գյուղատեղի
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 14 կմ հյուսիս-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խաչեն գյուղից 3,3 կմ հյուսիս՝ Ուլուպապ գյուղից 700 մ հյուսիս-արևմուտք։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 996 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետի հովտում՝ գետից 2 կմ դեպի հարավ։ Նկարագրություն
Եկեղեցին գտնվում է Ուլուպապ գյուղատեղիից 700 մ հյուսիս-արևմուտք՝ Խաչենագետի աջակողմյան անտառապատ սարալանջին՝ Մաչի շեն միջնադարյան բնակատեղիի տարածքում։ Համաձայն եկեղեցու մուտքի բարավորի արձանագրության՝ 1345 թվականին՝ Հասանի իշխանության շրջանում և Տեր Դավթի հայրապետության օրոք, ծագումով Կապանից Հայրապետ երեցի կողմից եկեղեցին վերանորոգվել է․ «Թվ(ին) ՉՂԴ (1345) | պարոն Աթաբակին ու ամ|իր Հասանայ իշխանութ[եամ]բ ու | Տ[ե]ր Դաւթի հայրապետութ[եամ]բ, ես՝ | Հայրապետ երէց Կապանեցի, որ|դի Ճարայ եւ եղբայրք իմ Կոստանդ եւ | Շարաբտատ ու զաւակաւն մերովք նոր|ոգեցաք զեկեղեցիս ․․․ յաղաւթս յիշեցէք Ա[ստուա]ծ»1։
Եկեղեցու թաղակապ ծածկը փլված է։ Կառույցի արևելյան կողմում տեղակայված է ուղղանկյունաձև խորանը։ Վերջինիս հյուսիսային և հարավային պատերին առկա են փոքր քառանկյուն պատրհաններ։ Բեմն ավերված է։ Արևմտյան կողմից բացված միակ մուտքը հարդարված է միակտոր, ուղղանկյունաձև բարավորով, որի կենտրոնական մասում շինարարական արձանագրությունն է՝ ներփակված կամարաձև, զարդանախշ ժապավենով։ Բարավորի կամարաձև զարդագոտու աջ և ձախ կողմերում քանդակված է խաչքարային հորինվածքով մեկական խաչաքանդակ՝ զույգ բողբոջաձև խաչաթևերով ու բուսազարդերով։ Խաչաքանդակներից ցած՝ բարավորի աջակողմյան ստորին հատվածում՝ կամարաձև շրջանակի ներքո, հասակով մեկ կանգնած մարդու պատկերաքանդակ է։ Վերջինս պատկերված է աշխարհիկ հագուստով, գլխի և մարմնի դիմահայաց դիրքով, ոտքերը դեպի ձախ ուղղված։ Ձախ ձեռքում սափոր է, իսկ աջով` պահում է գավաթը։ Ներկայացված կերպարը կրում է երկարափեշ հանդերձանք, իսկ գլխին գլխարկ։ Բարավորի ձախակողմյան ստորին հատվածում ծաղկազարդ վարդյակ է քանդակված։
Միակ լուսամուտը արևելյան կողմից է։ Եկեղեցու արևմտյան պատին ագուցված են բազմաթիվ նվիրատվական և հիշատակագրական բնույթի խաչաքանդակներ, որոնց զգալի մասը բարավորի նույն դարչնագույն քարից են։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-14-րդ դարեր
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Համաձայն բարավորի արձանագրության՝ վերանորոգվել է 1345 թվականին։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
2009 թ․ Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության կողմից Մաչի շեն գյուղատեղիի տարածքում իրականացվել են հուշարձանների հաշվառման և վկայագրման աշխատանքներ։ Եկեղեցին և շրջակա հուշարձանները ընդգրկվել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ սրահ
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաքար, գետաքար, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք արևմուտքից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ լուսամուտ արևելյան կողմից։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ (թաղը չի պահպանվել)
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (չի պահպանվել)
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը կառուցված են միջին չափի կոպտատաշ և կիսամշակ տեղական քարերով և կրաշաղախով։
Հարդարանքը
Եկեղեցու արևմտյան պատը հարդարված է նվիրատվական ու հիշատակագրական խաչքարերով։
Տիպը
Մատուռ-եկեղեցի Չափերը` երկարությունը
6,8 մ Չափերը` լայնությունը
4,4 մ Չափերը` բարձրությունը
4-5 մ Պահպանվածությունը`
Վթարային
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Խաչենի իշխանության ժամանակաշրջանում տարածքի հոգևոր և աշխարհիկ պատմության ուսումնասիրության համար։
----------------------------
1 Արձանագրության ընթերցումը՝ Արսեն Հարությունյանի։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Հուշարձանի մասին մատենագիտական տեղեկություններ չկան։
.
Ա․Հ․