Լուսանկարը՝ Սարգիս Աղաջանյանի
Մադաթաշեն, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
.
Վավերացված հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 19-րդ դարավերջին։ Խորհրդային տարիներին վերածվել է պահեստի։ Շինությունը դարձել է վթարային, քանդվել է ծածկը։ Արցախի անկախության տարիներին հաշվառվել է պատմական հուշարձանների պետական ցանկում։2020 թվականի նոյեմբերին Մադաթաշեն գյուղը բռնազավթվել և հայաթափվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Մադաթաշեն Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայքի Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում ընդգրկվել է Վարանդայի իշխանության և համանուն գավառի կազմում։ 1868-1918 թթ․ Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառ։ 1991- 2023թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 26 կմ հարավ։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1036 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Վարանդա գետի ակունքամերձ հատվածում, Լանջի գետ և Շռշռան վտակների միջև։ Նկարագրություն
Եկեղեցին կառուցվել է տեղական դեղնասպիտակավուն կրաքարով և կրաշաղախով։ Այն ունի 19-20-րդ դարերում Արցախում, հատկապես Շուշիում տարածում գտած քաղաքային ճարտարապետության ազդեցությունը։ Պատերը շարված են միջին չափերի անկանոն կիսամշակ քարերով։ Սրբատաշ են միայն արտաքին անկյունները, բացվածքների շրջանակները, ինչպես նաև որմնասյուները և կամարները։ Միանավ թաղակապ (չի պահպանվել) սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով։ Սրահը լուսավորվում է յոթ լուսամուտներով։ Արևելյան երեք և արևմտյան մեկ լուսամուտներն ունեն փոքր, դեպի ներս լայնացող անցքեր։ Համեմատաբար մեծ են հարավային պատից բացվող երեք լուսամուտները։ Եկեղեցու միակ մուտքը, որը բացված է արևմտյան ճակատի կենտրոնական հատվածից, առնված է կամարակապ և անզարդ քիվով ներփակված շրջանակի մեջ։ Վերջինիս վերնամասում տեղադրված է քարե ելնդավոր խաչաքանդակ։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական առանձնահատկությունների Պատմական համառոտ տեղեկանք
Ազգագրագետ, բանահավաք Մակար Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ գյուղը հիշատակում է Ալամանց գոմեր անունով․ «ԱԼԱՄԱՆՑ ԳՈՄԵՐ. Շինուած է նոյն ջրաձորի վերայ․ բնակիչք բնիկ, հողն բէկական եւ բարեբեր. նոյն տեղական բերքերն, օդն, կլիման եւ այլն. եկեղեցին Ղեւոնդեանց անապատն եւ քահանան նորա վանահայր քահանան։ Գիւղումս ծնուած է բանաստեղծ Պետրոս Մատաթեանցն, վասնորոյ կոչուում է եւ Մատաթ-քեանդ։ Ծուխ 35. ար. 115. իգ. 92»1։
Սա փաստում է, որ եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի վերջին և օծվել 20-րդ դարի սկզբին։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ սրահ
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, կրաշաղախ, սվաղ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Մեկ մուտք՝ արևմտյան կողմից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Յոթ լուսամուտ՝ երեքն արևելյան, երեքը հարավային և մեկն արևմտյան կողմերից։
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ (չի պահպանվել)
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (չի պահպանվել)
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է միջին չափերի կիսամշակ և սրբատաշ քարերով։
Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
16,7 մ Չափերը` լայնությունը
9,5 մ Պահպանվածությունը`
Վատ (կիսավեր)
Արժևորումը
Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի պատմամշակութային և հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար։
----------------------------
1 Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895, էջ 93-94։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուտարեանց Մ․, 1985 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։
.
Ս․Դ․