Երկաթավորք, Պահու բերդ
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Ամրոց
Հատուկ անունը
Պահու բերդ
Այլ անվանումներ
Բերդ, Ղալա

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Բերդը, ամենայն հավանականությամբ, հիմնադրվել է 9-10-րդ դարերում։ Իր պաշտպանական նշանակությամբ պարբերաբար ընդմիջումներով ծառայել է մինչև 17-րդ դարը։ 2020 թվականի աշնանը Քաշաթաղի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Կապանի (Սյունիքի) թագավորություն, Բաղք գավառ

Պահպանման միավորի անվանումը
Ամրոց 
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Սյունյաց աշխարհ, Բաղք գավառ։ 19-րդ դարում տարածքն ընդգրկվել է Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մեջ։ 1923-1930 թթ․ ներառվել է Խորհրդային Ադրբեջանի Կարմիր Քուրդիստանի գավառի կազմում, այնուհետև ընդգրկվել Խորհրդային Ադրբեջանի Ղուբաթլուի շրջանի մեջ։ 1993-2020 թթ․ ամրոցը ներառված է եղել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Դարբնոց համայնքի վարչական տարածքում։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Քաշաթաղի շրջան, Երկաթավորք, Պերտիկ1 (Բերդիկ) գյուղատեղի
Տեղագրությունը
Գտնվում է Բերձորից 35 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Քաշաթաղի Դարբնոց համայնքում՝ Երկաթավորք պատմական բնակավայրից 2,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Պերտիկ գյուղատեղիի արևելյան կողմում վեր խոյացող ժայռոտ բլրի վրա։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 662 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Որոտան գետի Քաշունի վտակի ձախ կողմում՝ ափից 160 մ հյուսիս։
Նկարագրություն
Քաշաթաղի շրջանի Որոտանի Դարբնոց համայնքում՝ Երկաթավորք բնակատեղիից 2,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Քաշունի գետի ձախ ափին, վեր է խոյանում ժայռոտ մի բլուր, որն իշխող դիրք ունի շրջապատի նկատմամբ։ Բլուրը երեք կողմերից եզերվում է ուղղահայաց և անմատչելի ժայռերով՝ դառնալով բնական պատնեշ։ Բերդասարի հարավային կողմն ունի մատչելի թեքություն, որի պատճառով ամրոցի հիմնական պաշտպանական կառույցները (պարիսպներ, բոլորաձև աշտարակներ և այլն) կենտրոնացված են հենց այս հատվածում։ Սա հնարավորություն է տալիս առավելագույնս օգտագործելու թե՛ բնական, թե՛ արհեստական պաշտպանական միջոցները՝ հնարավոր բոլոր վտանգները կանխելու համար: 
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ուսումնասիրությունների համաձայն՝ հենց այս ամրոցն է հանդիսանում պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն նահանգին Սիսական» աշխատության մեջ Մյուս Բաղք կամ Քաշունիք գավառի բերդերի ցանկում հիշատակված պատմական Պահու բերդը։ Ամրոցին անդրադարձել է նաև Ղևոնդ Ալիշանը՝ ներառելով այն Սյունյաց աշխարհի բերդերի ցանկում։

Ամրոցը բաղկացած է երկու հիմնական հատվածից՝ միջնաբերդից և արտաքին պաշտպանական պարսպատերից։ Ինչպես ամրոցի, այնպես էլ միջնաբերդի մուտքերը հարավարևելյան կողմից են։ Երկուսն էլ բացված են բրգաձև աշտարակների կենտրոնական հատվածից։ Պաշտպանական առումով շատ կարևոր է աշտարակների դիրքը, որը միաժամանակ վերահսկում է ինչպես դեպի ամրոց և միջնաբերդ տանող ելումուտը, այնպես էլ արևմտյան, հարավային ու արևելյան կողմերը։

Հնագետ Գագիկ Սարգսյանը դաշտային ուսումնասիրություններ է կատարել բերդի տարածքում, որի արդյունքների մասին «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցները» գրքում գրել է․ «Ամրոցի պաշտպանական համակարգը կազմակերպված է բարձրության տարբեր նիշերով միմյանց զուգահեռ գնացող երկու պարսպապատերով։ Ամրոցը ներառող առաջին պարսպագիծը գնում է ամրոցանիստ բլրի ստորոտից մի փոքր վերև ընկած հորիզոնով և արևելյան, հյուսիսային ու արևմտյան ճակատներում, տեղ-տեղ ընդհատվելով, ուղղահայաց ապառաժներով փակում է դեպի վեր տանող մոտեցման բոլոր հնարավոր ուղիները։ Երկրորդ պարսպապատը առաջինից 15-25 մ բարձր է և ամբողջովին ներփակում է միջնաբերդը կամ, այսպես կոչված, «դղյակը»։ Երկու պարսպապատերի գլխավոր մուտքերը տեղակայված են հարավային լանջի մի գծի վրա և անցնում են աջ ու ձախ կողմերում կանգնած կիսաբոլորակ, կոնաձև, սնամեջ հզոր աշտարակների միջով։ Մուտքերը կազմակերպված են այնպես, որ առաջինից մտնողը մինչև վերևի մուտքից անցնելը ազատ դիտարկվում ու հսկվում է երկու դարպասների բոլոր չորս աշտարակներից։ Աշտարակները ունեցել են դարպասներին նայող փոքր, կամարակապ պատուհաններ, որոնցից երկուսը պահպանվել են։ Ստորին պարսպաշարի երկու աշտարակները պահպանել են մինչև 8-10 մ բարձրություն։ Պարիսպների հաստությունը հասնում է 2,5-3 մ»4:

Պարսպի պաշտպանական նկատառումներից ելնելով՝ ամրոցի հյուսիսային բարձրադիր, սակայն մատչելի հատվածներում տեղ-տեղ կառուցվել են հենապատեր, որոնք ձուլվում են բնական ժայռերին։ Ամրոցի ներսում նկատվում են շինությունների մնացորդներ, որոնց պատերի լայնությունը հասնում է մինչև մեկ մետրի։ 
Միջնաբերդի հյուսիսային պարսպի վրա պահպանվել են երկու քառանկյուն դիտակետ-աշտարակների ավերակներ, որոնց առաջին հարկերում եղել են ամրոցը ջրով ապահովող ջրամբարներ։ Բոլոր շինությունները կառուցված են անմշակ քարերով՝ ճեղքված բերդաժայռից, և կրաշաղախով։ Աշտարակների ներսում նկատվում են սվաղի հետքեր։

Ըստ հնագետ Գագիկ Սարգսյանի՝ ամրոցի վերգետնյա հատվածից հայտնաբերված խեցեղենը բնորոշ է զարգացած և ուշ միջնադարին, ինչը վկայում է, որ այն որոշակի ընդմիջումներով իր պաշտպանական գործառությամբ ծառայել է մինչև 17-րդ դարը։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Սյունիքի թագավորություն, 9-17-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական առանձնահատկությունների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը


Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Ամրոցն առաջին անգամ ուսումնասիրվել է Քաշաթաղի շրջանի ազատագրումից հետո՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կողմից։ Ամրոցի լուսանկարները ընդգրկվել են վերջինիս «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» աշխատության մեջ։
2016-2020 թթ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտական խումբը՝ հնագետ Գագիկ Սարգսյանի ղեկավարությամբ, իրականացրել է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցների համակարգված ուսումնասիրություն, որի շրջանակում ուսումնասիրվել և չափագրվել է նաև Պահու բերդը։ Կատարված դաշտային և գիտահետազոտական աշխատանքների արդյունքները հրապարակվել են Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու և Լևոն Մկրտչյանի համահեղինակությամբ լույս տեսած «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցները» մենագրության մեջ։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Հնագիտական մաս՝ շերտագրությունը, գտածոները



Շինանյութը (տեսակը, գույնը)
Քվարցային ավազաքար, կրաշաղախ, սվաղ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի երկու մուտք միջնաբերդի և արտաքին պարսպի հարավարևելյան կողմերից։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Չեն պահպանվել։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է անմշակ, միջին չափերի քարերով՝ ճեղքված բերդաժայռից, և կրաշաղախով։

Տիպը
Պաշտպանական համալիր
Չափերը` երկարությունը
130 մ
Չափերը` լայնությունը
80 մ
Չափերը` տարածքի մակերեսը
Բերդաժայռը զբաղեցնում է 0,7 հա տարածք։
Պահպանվածությունը`
Ավերակ
Արժևորումը
Պահու բերդը Սյունիքի արևելյան պաշտպանական միջնադարյան համալիրներից է։ Այն կարևոր է հայկական ամրոցաշինության և պաշտպանական կառույցների ուսումնասիրության համար։

----------------------------
1 Պերտիկը Տաթևի վանքի հարկատու գյուղերից էր, որը հետագայում մահմեդականների կողմից վերանվանվել է Ներքին Խոջամսախլու։
2 Օրբելյան Ս․, 1910, էջ 519։
3 Կարապետյան Ս․, 1999, էջ 193։
4 Սարգսյան Գ․, 2022, էջ 170-171։


Չափագրություններ
Երկաթավորք, Պահու բերդ
Սարգսյան Գ․, Գնունի․ Ա․, Մկրտչյան Լ․, 2022- Սարգսյան Գագիկ, Գնունի Արտակ, Մկրտչյան Լևոն, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցները, Երևան 2022:
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն

Օրբելյան Ս․, 1910 - Օրբելյան Ստեփանոս, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, 1910։
.
Ա․Հ․, Ս․Դ․