Ցոր, Սուրբ Լուսավորիչ անապատ
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Անապատ
Հատուկ անունը
Սուրբ Լուսավորիչ
Այլ անվանումներ
Անապատ, Նապատ

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Սրբավայրը գոյություն է ունեցել առնվազն 10-11-րդ դարերից։ 16-17-րդ դարերում կառուցվել է ներկայիս եկեղեցին և հավանաբար գործել մինչև 19-րդ դարի սկիզբը։

2020 թվականի հոկտեմբերին Ցոր գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Ցոր գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի (անապատ)
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքար, տապանաքար, դամբարան

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ (հետագայում՝ Դիզակ)։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ցոր

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 4 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ցոր գյուղից 1,5 կմ հարավ-արևմուտք՝ Նպատեն ձոր կոչվող տեղանքում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 987 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի ավազանում, գետից 23 կմ հեռավորությամբ։
Նկարագրություն
Հադրութի շրջանի Ցոր գյուղից մոտ 1,5 կմ հարավ-արևմուտք գտնվող Նպատեն ձոր կոչվող տեղանքում՝ թեքադիր լանջի հարթ տափարակին, կիսավեր վիճակում պահպանվել է Սուրբ Լուսավորիչ եկեղեցին, որը հայտնի է նաև Անապատ կամ Նապատ անվանումներով։ Անապատ անվանումը վկայում է, որ այստեղ գործել է վանական միաբանություն։ Այդ մասին նշում է նաև ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը․ «Փոքր տաճարիս շուրջն հանգստարան է, բայց երևում են խուցեր․ թուի թէ փոքրիկ միաբանութիւն եղած է այստեղ»1։

Սրբավայրի հիմնադրման վերաբերյալ տեղեկություններ չեն պահպանվել։ Եկեղեցուց արևելք գտնվում է գետնափոր դամբարան, որի ներսում առկա է անարձանագիր տապանաքար։ Ամենայն հավանականությամբ, դամբարանում ամփոփված է եղել սրբացված նահատակներից մեկը։ Եկեղեցին հետագայում կառուցվել է դամբարանի հարևանությամբ։ Մակար Բարխուդարյանցի վկայությամբ՝ այն կարևոր ուխտատեղի է եղել։

Եկեղեցու հարավային պատին՝ մուտքի ձախ կողմում, ագուցված է եղել 10-11-րդ դարերին բնորոշ խաչքար, որը հետագայում ընկել է և պահպանվել հարավային բակում։
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջան խորանով, միանավ, թաղածածկ կառույց է։ Խորանի երկու կողմերում եղել են ավանդատներ, որոնք ավերված են։ Հյուսիսային պատի կամարակապ խորշում տեղակայված է մկրտարանը, իսկ հարավային պատին՝ նույն ուղղությամբ, կա մեկ այլ խորշ։ Շինության միակ մուտքը գտնվում է հարավային կողմում։ Սրահը լուսավորվում է դեպի ներս լայնացող փոքր լուսամուտներով, որոնց հետքերը պահպանվել են արևմտյան, արևելյան և հարավային պատերին։ Թաղածածկը չի պահպանվել։

Կառույցի հիմնական շարվածքն իրականացված է տարբեր չափերի անմշակ, կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ են միայն շքամուտքի բարավորը և եզրաքարերը։ Բարավորի վերնամասում ներկագիր մի արձանագրություն է պահպանվել։

Եկեղեցու հարավային բակում գտնվում է ուշ միջնադարյան գերեզմանոց, որտեղ հիմնականում պահպանվել են հողով ծածկված մի քանի տապանաքարեր։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 10-17-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական և շինարարական լուծումների։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Եկեղեցու մասին կարևոր տեղեկություններ է հաղորդում ազգագրագետ, բանավահաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը «Արցախ» (1895) աշխատության մեջ։ Հուշարձանին անդրադարձել է նաև պատմաբան Շահեն Մկրտչյանը «Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները» (1985) գրքում։

Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ 
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով և կիսաշրջան խորանով միանավ, թաղակապ կառույց է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Գետաքար, ավազաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավային կողմից։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ (չի պահպանվել)

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (չի պահպանվել)

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են տարբեր չափերի անմշակ, կոպտատաշ քարերով և կրաշաղախով։
Հարդարանքը
Զուսպ

Տիպը
Վանք-անապատ
Չափերը` երկարությունը
12 մ
Չափերը` լայնությունը
7,90 մ
Չափերը` բարձրությունը
5,5 մ
Պահպանվածությունը`
Վատ (ավերակ)

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Ցոր գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

----------------------------
1 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 65։

Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուտարեանց Մ․, 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։
Մկրտչյան Շ., 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։

.
Գ․Բ․