Վերին Ղլիջբաղ, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1861 թվականին, գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ 2023 թվականի սեպտեմբերից Ասկերանի շրջանը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Վերին Ղլիջբաղ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի, գերեզմանոց, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ։ 1991-2020 թթ․` Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խնապատ, Վերին Ղլիջբաղ գյուղատեղի։

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 5,5 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խնապատ գյուղից 2,5 կմ հյուսիս-արևմուտք` Վերին Ղլիջբաղ գյուղատեղիի տարածքում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 970 մ։
Նկարագրություն
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Ասկերան քաղաքից 5,5 կմ հյուսիս-արևմուտք` Վերին Ղլիջբաղ գյուղատեղիում։ Եկեղեցու կառուցման վերաբերյալ հայտնի է միայն մուտքի խաչակիր բարավորին փորագրված հիմնադրման 1860 թվականը։ 
Թեև եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին, սակայն ներսից՝ մուտքի երկու կողմերում, որպես անկյունաքար օգտագործված զարդաքանդակ խաչքարերը վկայում են այստեղ եղած ավելի հին սրբավայրի գոյության մասին։ Եկեղեցին գործել է մինչ 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է տնտեսական տարբեր նպատակներով։ 1970-ականներին ջրի սղության պատճառով գյուղը լքվել է բնակիչների կողմից, սակայն եկեղեցին, որը կանգուն վիճակում է եղել, շարունակել է սրբավայր լինել տեղաբնակների համար մինչև 2023 թվականի սեպտեմբերը։

Միջին չափերի, ուղղանկյուն հատակագծով և կիսաշրջան խորանով միանավ, թաղածածկ շինություն է։ Խորանի երկու կողմերում փոքրաչափ ավանդատներն են, որոնց մուտքերը կառուցված են մեծ սրբատաշ քարերով և կամարաձև վերնամասով։ Բեմը չի պահպանվել։ Խորանի կողապատերին կա մեկական ուղղանկյուն փոքր պատրհան։ Թաղածածկը հենված է հարավային և հյուսիսային կողմերի երեքական մույթերի և նրանցից ձևավորվող զույգ որմնակամարների վրա։ Միակ մուտքը բացված է հարավից։ Լուսավորվում է հարավից բացված երկու մեծ, արևմտյան՝ մեկ և արևելյան՝ երեք փոքր լուսամուտներով։ Հարավային երկու լուսամուտների բացվածքները Խորհրդային տարիներին ձևափոխվել են տնտեսական նպատակներին ծառայելու համար։ Եկեղեցու երկթեք տանիքը ամբողջությամբ ծածկված է բուսականությամբ, ծածկը չի պահպանվել։ Առկա են ճաքեր տանիքին և խորանի հատվածում, կամարների կառուցվածքը խախտված է։

Եկեղեցուց 70 մ արևմուտք տարածվում է գյուղի գերեզմանատունը, որտեղ պահպանվել են մի քանի տասնյակի հասնող ուղղանկյունաձև, պատկերազարդ և արձանագիր տապանաքարեր։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Առաջին անգամ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն է անդրադարձել Ղլիջբաղ գյուղին և եկեղեցուն «Արցախ» աշխատության մեջ։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջան խորանով և զույգ ավանդատներով միանավ, թաղակապ կառույց է:

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, թերթաքար, ավազաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի վեց լուսամուտ, որոնցից երեքը բացվում են արևելյան կողմից, երկուսը՝ հարավային, մեկը՝ արևմտյան։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են միջին չափերի, կոպտատաշ տեղական քարերով։ Սրբատաշ ավազաքարով և կրաքարով են իրականացված բացվածքների շրջանակները, մույթերը, սյուները, որմնակամարները, ինչպես նաև արտաքին անկյունները։

Հարդարանքը
Զուսպ

Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
14 մ
Չափերը` լայնությունը
7 մ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Վերին Ղլիջբաղ գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ