Մեծ Թաղեր, Եղցուն արտի գերեզմանոց
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Գերեզմանոց
Հատուկ անունը
Եղցուն արտի գերեզմանոց
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանոցը ձևավորվել է 9-13-րդ դարերի ընթացքում։ 2020 թվականի հոկտեմբերից Մեծ Թաղեր գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
 Իշխնեցեք գյուղ 

Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Տապանաքարեր,  խաչքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում մաս է կազմել Վարանդայի և Դիզակի մելքությունների։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մեծ Թաղեր

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մեծ Թաղեր գյուղից 5,5 կմ արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 978 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի աջ ափին՝ գետից 200 մ հեռավորության վրա։
Նկարագրություն
Եղցուն արտի1 գերեզմանոցը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից շուրջ 5,5 կմ դեպի արևմուտք՝ Իշխանագետի աջ և ձախ ափերին տարածվող Իշխնեցեք կոչվող հին գյուղատեղիի տարածքում։ Հին բնակավայրը զբաղեցնում է գետի երկու ափերը, որոնք նախկինում իրար են կապվել կամրջով, որից ներկայումս պահպանվել են միայն երկու խելերը։

Գետի աջ ափին՝ մոտ 3,9 հա մակերես զբաղեցնող Եղցուն արտ անունով հայտնի տեղամասում, տեղակայված է հին բնակավայրի երկու գերեզմանոցներից մեկը, որը հենց տարածքի անվանումով էլ կոչվում է Եղցուն արտի գերեզմանոց։ Այստեղ պահպանվել են հին գյուղատեղիի տարբեր շերտերի հետքերը, գերեզմանոցը, ինչպես նաև ոչ մեծ չափերի եկեղեցու պատերի հիմքերի մնացորդները։

Գերեզմանոցը մանրամասն հնագիտական ուսումնասիրության չի ենթարկվել։ Տապանաքարերի մեծ մասը մասամբ կամ ամբողջությամբ ծածկված են հողով, ինչն էականորեն դժվարացնում է դրանց թվագրումն ու ամբողջական բնութագրումը։ Տապանաքարերի մի մասի վրա նկատվում են խաչաքանդակներ, որոնք բնորոշ են միջնադարյան հայկական շիրմաքարերին։ Գերեզմանոցի կենտրոնական հատվածում առանձնանում է համեմատաբար լավ պահպանված, պատկերաքանդակ ունեցող, ուղղանկյունաձև տապանաքար, որն ունի գեղարվեստական և պատմական արժեք։

Եկեղեցու տարածքում իրականացված հողային աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են երեք խաչքարեր։ Դրանցից երկուսը Մեծ Թաղեր գյուղի Մարշալ Արմենակ Խամփերյանցի անվան տուն-թանգարանի տնօրեն Արծվիկ Լալայանի նախաձեռնությամբ տեղափոխվել և պահվել են թանգարանում, իսկ երրորդ խաչքարը Մեծ Թաղերի բնակիչ Շուրա Աբաղյանի կողմից տեղափոխվել և տեղադրվել է նրա տան բակում։

Այս խաչքարերը կարևոր աղբյուր են տարածքի միջնադարյան մշակութային և կրոնական կյանքի ուսումնասիրության համար։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 13-17-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ խաչքարերի և տապանաքարերի պատկերագրական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։ Գերեզմանոցը վավերացվել և չափագրվել է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Չափերը` տարածքի մակերեսը
0,5 հա
Պահպանվածությունը`
Ավերակ
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Դիզակի իշխանության, ինչպես նաև Իշխնեցեք գյուղատեղիի ու Մեծ Թաղլար գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

----------------------------
1 Եղցուն արտ, Արցախի բարբառով՝ եկեղեցուն պատկանող հարթ տարածք։

Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն

Աբրահամյան Ե․ , 2009 - Աբրահամյան Երվանդ, Մեծ Թաղեր, Ստեփանակերտ, 2009։
.
Գ․Բ․