Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի (RAA archive)
Հադրութ քաղաքի Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը
Հուշարձան
Տիպային անվանումը
Հուշարձան
Հատուկ անունը
Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան
Այլ անվանումներ
Հուշարձան
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1975 թվականին՝ ի հիշատակ 1941-1945 թթ․ Հայրենական մեծ պատերազմում զոհված հադրութցիների։ Ծառայել է իր նպատակին մինչև 2020 թվականի հոկտեմբեր ամիսը։

Սկզբնական պատկանելությունը
Հադրութ քաղաք

Պահպանման միավորի անվանումը
Հուշակոթող
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառ, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Հադրութ քաղաք։

Հասցե
 Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Հադրութ քաղաք։ 2020 թ․ հոկտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի Հանրապետության կողմից։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հադրութ քաղաքի մեջ։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 695 մ։
Նկարագրություն
Հայրենական մեծ պատերազմում զոհված հադրութցիների հիշատակի հուշարձանը կառուցվել է 1975 թվականին։ Հուշարձանի ստեղծման համար միջոցները հանգանակել են Արցախում և ԽՍՀՄ տարբեր վայրերում ապրող հադրութցիները։ Երևանում կազմակերպչական աշխատանքները իրականացրել են ծնունդով հադրութցիներ, Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության այդ ժամանակի ճանապարհաշինարարության նախարար Գեորգի Մելքումովը, քաղպաշտպանության շտաբի պետ Մուրիկ Սահակյանը և գեներալ Մուրիկ Մուրադյանը։ Տեղում կազմակերպչական հարցերով զբաղվել է Հադրութի խորհտնտեսության (սովխոզ) նախկին ղեկավար Արշակ Մելքումովը:

Հուշարձանը նարնջագույն տուֆով կառուցված ուղղանկյուն հուշապատ է, որի դիմաց տեղադրված է որդեկորույս մոր ծնկադիր արձանը։ Հուշապատի դիմային հատվածն առանձնանում է պատի ընդգծված ռուստիկ շարվածքով, որի աջ կողմում ընդգրկված են երեք զինվորների դիմաքանդակներ։ Վերջիններս թերևս Հայրենական պատերազմին մասնակցած երեք սերունդների նահատակների խորհրդանիշներն են։
  
Լուսանկարը՝ Սասուն Դանիելյանի (RAA archive)

Որդեկորույս մոր քանդակը ներկայացնում է պատերազմում հինգ որդի կորցրած հադրութցի Սաթենիկ Ստեփանյանին, որը խորհրդանշում է արցախցի մոր և կնոջ հավաքական կերպարը՝ ընդգծված ազգային տարազով։ Պղնձակոփ արձանը կերտվել է Երևանում (հեղինակի անունը ճշտվում է)։
 

 





Հուշապատի հակառակ կողմը ամբողջությամբ ծածկված է հայրենական պատերազմում զոհված շուրջ երկու հարյուր հադրութցիների անուններով։ 1975 թվականի մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը տեղի ունեցավ հուշարձանի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին Սաթենիկ Ստեփանյանը և ԽՍՀՄ հերոս, օդաչու, ծնունդով Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղից Աշոտ Գասպարյանը (Կասպարով), որոնց տրված էր հանդիսավոր արարողությունն իրականացնելու պատիվը1
Հուշարձանի hետնամասը: Lուսանկարը՝ Լիաննա Պետրոսյանի:
 
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
ԽՍՀՄ, 1975 թ․։
Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Տեղեկությունը տրամադրել է հուշարձանի բացմանն ականատես Թաղասեռ գյուղի բնակիչ Էդուարդ Դավթյանը։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանի վերաբերյալ առաջին ուսումնասիրությունը հրապարակվել է 2023 թվականին՝ «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում»  ծրագիրն իրականացնող monumentwatch.org կայքում։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Նարնջագույն տուֆ, պղինձ

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Ռուստիկային և սրբատաշ շարվածք, տուֆ, պղնձակոփ քանդակ։

Տիպը
Հուշակոթող
Չափերը` երկարությունը
Հուշապատի երկարությունը 9 մ
Չափերը` բարձրությունը
Հուշապատի բարձրությունը մոտ 4 մ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Նշանակալից կոթողային հուշարձան է։
----------------------------
1Ըստ Թաղասեռ գյուղի բնակիչ Էդուարդ Դավթյանի տրամադրած տեղեկությունների։




Լուսանկարներ
...
.
Գ․Բ․