Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Ճանկաթաղ, Սուրբ Գևորգ եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Գևորգ եկեղեցի Այլ անվանումներ
Չունի Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 17-րդ դարի սկզբին։ Խորհրդային իշխանության տարիներին պայթեցվել է։ Հիմնովին վերակառուցվել է 2018 թվականին։ Սկզբնական պատկանելությունը
Ճանկաթաղ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, մատուռ, խաչքար №1, խաչքար №2, խաչքար №3, խաչքար №4, խաչքար №5, խաչքար №6։ Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք գավառ (հետագայում Խաչեն), մինչև 2023թ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Ճանկաթաղ։ Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Ճանկաթաղ։ 2023 թ․ սեպտեմբերից բռնազավթված է Ադրբեջանի կողմից։
Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք՝ Ճանկաթաղ գյուղում։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ճանկաթաղ գյուղի հյուսիսային մասում՝ Փոքր թաղ կոչվող հատվածում։ Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 759 մ։ Նկարագրություն
Ճանկաթաղի Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1609 թվականին։ Կառուցման թվականը արձանագրված է եղել եկեղեցու բարավորին, որը տեսել և վավերագրել է բանահավաք, ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը․ «Թվին ։ՌԾԸ։ (1609) յիշատակ է Ղուկասի որդի Գրիգորի1»։
Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցին զոհ է դարձել հակակրոնական գաղափարախոսությանը և պայթեցվել է, պահպանվել է միայն հյուսիսային պատի մի հատվածը։ Հենց այդ ժամանակ էլ հավանաբար անհետացել է նաև բարավորի շինարարական արձանագրությունը։
Թեև եկեղեցին թվագրվում է 17-րդ դար, սակայն տարածքում պահպանված ավելի վաղ շրջանի բազմաթիվ խաչքարերը վկայում են, որ այստեղ սրբատեղի է եղել առնվազն զարգացած միջնադարից։ Եկեղեցու արևմտյան կողմում պահպանված գերեզմանոցն ամփոփում է տասնյակից ավելի գերեզմանաքարեր։ Մակար Բարխուդարյանցն արձանագրում է․ «Տաճարիս դրան ամփոփուած են տասնևմի քահանաներ, որք են նախկին բնակչաց հոգևոր հովիւներն»2։
Եկեղեցու պատին ագուցված նվիրատվական խաչքարերը։ Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի։
Եկեղեցու բակի տապանաքարերից։ Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Ծնունդով ճանկաթաղցի ռուսաստանաբնակ բարերար Էդուարդ Սարգսյանի նախաձեռնությամբ և նրա ընտանիքի ֆինանսական աջակցությամբ 2011 թ․ սկսվել են եկեղեցու վերականգնման աշխատանքները։ Շինարարությունն ավարտվել և եկեղեցին վերաօծվել է 2018 թ․ հունիսին։
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով պարզ թաղակապ սրահ է։ Թաղը հենված է երկու զույգ պատկից որմնասյուներից բարձրացող սլաքաձև կամարների վրա։
Մկրտության ավազանը։ Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Արևելքից կիսաշրջանաձև խորանն է, որին զուգահեռ երկու ավանդատներն են։ Հյուսիսային պատին պահպանվել է մկրտության ավազանը։
Սրահի արևմտյան հատվածի ուղղությամբ վեր է բարձրանում քառասյուն զանգակատունը։ Հյուսիսային որմնակամարների ստորին հատվածներում և որմնասյուներին ագուցված են խաչքարեր ու տապանաքարեր։ Արևմտյան պատին արտաքուստ ագուցված են արձանագիր և անարձանագիր ոչ մեծ չափսի մի քանի խաչքար։ Միակ մուտքը բացված է արևմտյան ճակատից։ Եկեղեցին լուսավորվում է հինգ լուսամուտներով, որոնցից երկուսը հարավային կողմում են, երկուսը՝ արևելյան, մեկը՝ արևմտյան։
Լուսանկարը՝ Գայանե Բուդաղյանի
Եկեղեցու մուտքի նորակերտ բարավորի վրա արձանագրված է վերակառուցման տարեթիվը․ «Ի հայրապետութեան Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգնի Բ կաթողիկոսի եւ յառաջնորդութեան Տ[է]ր Պարգեւի Արքեպիսկոպոսի վերակառուցաւ Ս[ուր]բ Գեւորգ եկեղեցիս արդեամբ Տէր Էդուարդ Սարգսեանի յամի տեառն ՍԺՀ 2018»։
Եկեղեցին կառուցված է տեղական կիսամշակ քարից, լուսամուտների և մուտքի եզրագոտիները, պատերի անկյունաքարերը սրբատաշ են։ Տանիքը կղմինդրածածկ է։ Եկեղեցու արևելյան մասում կառուցված է փոքր մատուռ։
2023 թ․ սեպտեմբերի 19-ից Ճանկաթաղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական եկեղեցի, 17-րդ դար։ Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Եկեղեցու բարավորի վրա առկա շինարարական արձանագրությունը տեսել և գրի է առել Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը․ «Թվին ։ՌԾԸ։ (1609) յիշատակ է Ղուկասի որդի Գրիգորի»։ Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Եկեղեցին ուղղանկյուն թաղակապ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջան խորանով և երկու ավանդատներով։ Թաղածածկը հենված է որմնասյուներից բարձրացող որմնակամարների վրա։ Արտաքուստ երկթեք տանիք ունի, որը կղմինդրապատ է։
Դեկորատիվ մոնումենտալ արվեստի մաս՝ հորինվածքը, գունային լուծումները
Եկեղեցու արևմտյան պատին՝ շքամուտքի աջ և ձախ կողմերում, արտաքուստ ագուցված են թվով ութ նվիրատվական բնույթի փոքրիկ խաչքարեր։ Գեղաքանդակ մի խաչքար թեքված դիրքով տեղադրված է մկրտության ավազանի որմնախորշում։ Ուշագրավ են եկեղեցու որմնասյուներին ագուցված տապանաքարերը և որմնակամարների ստորին հատվածների արձանագիր խաչքարերը։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Դեղնասպիտակավուն կրաքար և ավազաքար։
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք, որը բացված է եկեղեցու արևմտյան ճակատի կենտրոնական հատվածում։ Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Լուսամուտները հինգն են՝ երկուական արևելյան և հարավային կողմերում, մեկը՝ արևմտյան։
Տանիքը (նյութը, ձևը)
Եկեղեցին թաղակապ է, երկթեք տանիքը պատված է կղմինդրով։
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է կոպտատաշ ու սրբատաշ կրաքարով, ավազաքարով և շաղախով, ներսը սվաղապատ է։
Տիպը
Պարզ թաղակապ սրահ Չափերը` երկարությունը
16 մ Չափերը` լայնությունը
8,35 մ Չափերը` բարձրությունը
9 մ Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր է Ճանկաթաղ գյուղի պատմական անցյալի ուսումնասիրման համար։ ----------------------------
1Բարխուտարեանց Մ․, Արցախ, Բագու, 1895, էջ 214։2Նույն տեղում։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
1․ Բարխուտարեանց Մ․, 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։
2. Բարխուդարյան Ս., 1982 - Բարխուդարյան Սեդրակ, Դիվան հայ վիմագրության, պրակ V, Արցախ, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1982։
Գ․Բ․