Հողեր, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Սուրբ Աստվածածին եկեղեցին հիշատակվում է 1880-ական թվականներից։ Խորհրդային տարիներին չի գործել։ 1980-ական թվականներին Հողերի վերջին հայ բնակիչները տեղափոխվել են տարբեր բնակավայրեր։ Գյուղն ազատագրվել է 1992 թվականի մարտին։
2020 թվականի հոկտեմբերից Հողերը կրկին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Հողեր գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում Հողեր գյուղն ընդգրկվել է Դիզակ գավառի և համանուն մելիքության, այնուհետև մինչև 1938 թվականը՝ Հադրութի շրջանի կազմում։ 1938 թվականին կցվել է Ադրբեջանի Կորյագինի (1959 թվականից՝ Ֆիզուլի) շրջանին։ 1993 թվականից մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Ջրակուս, Հողեր գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 6,8 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ջրակուս գյուղից 1,5 կմ արևելք՝ Հողեր գյուղատեղիի հարավային եզրին՝ հին թաղամասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 781 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի հովտում՝ գետից 8 կմ հարավ։
Նկարագրություն
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Հադրութի շրջանի Հողեր գյուղի հարավային եզրին՝ հին թաղամասում՝ գերեզմանոցի հարևանությամբ։ Եկեղեցու կառուցման հստակ թվագրություն չկա, սակայն արխիվային վավերագրերում այն հիշատակվում է 1880 թվականից1։ Ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ (1895) գրում է, որ եկեղեցին դեռևս կիսակառույց է2։

Տեղական կոպտատաշ և անմշակ ավազաքարով կառուցված եկեղեցին միանավ, թաղակապ կառույց է, որն աչքի է ընկնում լայն աղոթասրահով։ Դեղնասպիտակավուն, սրբատաշ կրաքարով են պատված որմնասյուները և որմնակամարները, ինչպես նաև բացվածքների շրջանակներն ու անկյունաքարերը։ Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է՝ զույգ ավանդատներով։ Ավանդատների ցածրիկ մուտքերը զարդարված են գեղեցիկ, բայց պարզ շրջանակներով։ Բեմը քանդված է։ Խորանի կողապատերին կան երկու փոքրաչափ պատրհաններ։ Եկեղեցու հյուսիսային պատի արևելյան եզրին՝ ավանդատան մուտքին կից՝ փոքրաչափ որմնախորշի մեջ, տեղադրված է մկրտության ավազանը։ Այն ներառված է սպիտակ սրբատաշ քարերով ձևավորված յուրահատուկ շրջանակի մեջ, որը պսակվում է պարզունակ ելնդավոր խաչաքանդակով։
Սրահը լուսավորվում է վեց լուսամուտներով։ Դեպի ներս լայնացող նեղլիկ բացվածքները արտաքուստ հարդարված են սրբատաշ կրաքարից կերտված գեղեցիկ շրջանակներով, որոնց վերնամասում, ինչպես մկրտության ավազանի շրջանակի վերնամասում, պարզ ելնդավոր խաչեր են քանդակված։ Չի պահպանվել միայն հյուսիսային պատի արևմտակողմ լուսամուտի շրջանակը։ Եկեղեցու հիմնական հարդարանքը հյուսիսային պատի արևմտակողմ հատվածում բացված միակ մուտքի գեղեցիկ, սրբատաշ քարե շրջանակն է։ Վերջինիս կենտրոնում հատկապես ուշագրավ է մուտքի կամարաձև բարավորի քանդակազարդ հորինվածքը՝ կազմված բուսական և խաչաքանդակ զարդագոտիներից, որոնք շրջապատում են կենտրոնական հատվածում շինարարական արձանագրության համար նախատեսված չորս ժապավեններից բաղկացած տողերը։ Մեզ անհայտ պատճառներով նախատեսված արձանագրությունը չի փորագրվել։ Շրջանակի սրբատաշ քարերի մի մասը և կամարի քիվերը չեն պահպանվել։

Ընդհանուր առմամբ՝ եկեղեցին կանգուն է։ Մասամբ քանդված են արևմտյան պատի և թաղածածկի հատվածները։ Չեն պահպանվել նաև երկթեք տանիքի ծածկասալերը, որի պատճառով կտուրն ամբողջությամբ ծածկված է բուսականությամբ։

Եկեղեցու շուրջը տարածվում է գյուղի գերեզմանոցը։ Այստեղ պահպանվել են 19-20-րդ դարերի բազմաթիվ ուղղանկյունաձև տապանաքարեր։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Արխիվային վավերագրերում հիշատակված է 1880 թվականը։

Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Եկեղեցին հիշատակվում է ազգագրագետ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» (1895) աշխատության մեջ։
Կառույցի մասին մանրամասն տեղեկություններ է հաղորդում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում» գրքում (1999): Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանը վավերացվել և չափագրվել է։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ, թաղակապ սրահ է՝ կիսաշրջանաձև խորանով և երկու ավանդատներով։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հյուսիսային կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի վեց լուսամուտ, որոնցից երկուսը բացվում են հյուսիսային կողմից, երեքը՝ արևելյան, մեկը՝ հարավային։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ։

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)

Հարդարանքը
Հարդարված է միայն հյուսիսային կողմից բացված շքամուտքը։

Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
15,7 մ
Չափերը` լայնությունը
8,2 մ
Չափերը` բարձրությունը
5,5 մ
Պահպանվածությունը`
Վթարային
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Հողեր գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Տե՛ս Կարապետյան Ս․, 1999, էջ 238։
2 Տե՛ս Բարխուտարեանց Մ․, 1895, Էջ 71։

Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն

Բարխուտարեանց Մ., 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։


Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
.
Գ․Բ․