Բանաձոր, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1639 թվականին, գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ 1991 թվականի մայիսին Բանաձոր գյուղը հայաթափվել է Խորհրդային զորքերի և ադրբեջանական ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների (ՕՄՈՆ) կողմից։ Հենց այդ ժամանակ էլ ավերվել է եկեղեցին։ 2020 թվականի հոկտեմբերին գյուղը կրկին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվել է։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Բանաձոր (Բանազուր) գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Սիսական ի Կոտակ գավառ։ Հետագայում մաս է կազմել Դիզակի մելիքության։1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Բանաձոր

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Բանաձոր գյուղի հյուսիսային եզրին՝ գյուղի հին թաղամասում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 844 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Արաքսի հովտում՝ գետից 21 կմ հեռավորության վրա։
Նկարագրություն
Հադրութի շրջանի Բանաձոր գյուղի հյուսիսային եզրին՝ գյուղի հին թաղամասում, կիսավեր վիճակում պահպանվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանի վկայությամբ՝ կառույցի շինարարական արձանագրությունը գտնվում էր մուտքի բարավորին, որը, սակայն, չի պահպանվել։

Եկեղեցին առաջին անգամ մատենագրության մեջ հիշատակվում է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի «Արցախ» աշխատության մեջ1։

Կառուցված է տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ են կամարները և բացվածքների եզրաքարերը։ Կառույցը ուղղանկյուն հատակագծով, եռանավ, թաղածածկ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջան խորանով և զույգ ավանդատներով։ Խորանի կողապատերին կան երկու փոքրաչափ պատրհաններ։ Եկեղեցին ներսից նույնպես ավերված է, պահպանվել է միայն բեմի մի հատվածը։ Կողային նեղ նավերի թաղերը հենված են հարավային և հյուսիսային պատերին և կենտրոնական չորս մույթերից բարձրացող կամարներին։ Կենտրոնական լայն նավի թաղածածկը սկզբնավորվում է նույն այդ մույթերից և հենված է կենտրոնական զույգ որմնասյուներից բարձրացող կամարներին։ Հարդարանքը զուսպ է։ Հետաքրքիր գեղարվեստական տեսք են հաղորդում երկգույն քարերով շարված կամարները։
Սրահը լուսավորվում է վեց լուսամուտներով, որոնցից երեքը բացվում են արևելյան ճակատից, երկուսը՝ հարավային, մեկը՝ արևմտյան։ Միակ մուտքը հարավից է։ 

Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ Կառույցի կենտրոնում՝ խորանի առջև, կառուցվել է ջրավազան, որտեղից խմելու ջուրը բաշխվել է գյուղացիներին։
1991 թվականի մայիսին Խորհրդային բանակի և Ադրբեջանի ոստիկանության հատուկ նշանակության ջոկատների կողմից իրականացված «Օղակ» գործողության հետևանքով Բանաձոր գյուղը բռնազավթվել, հայաթափվել և հրկիզվել է։ Նույն ժամանակ ավերվել է նաև եկեղեցին։ 1993 թվականի ամռանը գյուղն ազատագրելուց հետո սկսվել է գյուղի վերականգնումը և բնակիչների վերադարձը հարազատ օջախներ։ Ավերակ եկեղեցին գյուղ վերադարձած բնակիչների համար դարձել է սրբատեղի։

2020 թվականի հոկտեմբերին Բանաձորը կրկին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։


Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դար

Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Եկեղեցու շինարարական արձանագրությունը չի պահպանվել։ Պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանի վկայությամբ՝ այն գտնվում էր եկեղեցու մուտքի բարավորին։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, եռանավ, թաղակապ սրահ է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավային կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի վեց լուսամուտ, որոնցից երեքը բացվում են արևելյան կողմից, երկուսը՝ հարավային, մեկը՝ արևմտյան։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ (կիսավեր)

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (չի պահպանվել)

Հարդարանքը
Զուսպ
Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
18 մ
Չափերը` լայնությունը
11 մ
Պահպանվածությունը`
Կիսավեր
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Բանաձոր գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

----------------------------
1 Տե՛ս Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 64։

Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն

Բարխուտարեանց Մ., 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։

Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։

.
Գ․Բ․