Խաչեն, Սուրբ Ստեփանոս եկեղեցի, խաչքար № 1
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 12-13-րդ դարերում։ Պատկանում է Ուլուպապ գյուղատեղիի միջնադարյան գերեզմանոցին։ Արցախի անկախության տարիներին խաչքարը տեղափոխվել է Խաչեն գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու բակ։ 2023 թվականի սեպտեմբերին բնակավայրը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Ուլուպապ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խաչեն (Սեյդիշեն), Ուլուպապ գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խաչեն գյուղի եկեղեցու բակում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 956 մ։
Նկարագրություն
12-13-րդ դարերի խաչքարը գտնվում է Խաչեն գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու արևմտյան պատի տակ՝ մուտքի ձախ կողմում։ Կոթողը զգալիորեն վնասված է, ջարդված են աջ կողմն ու ստորին արձանագիր հատվածը, ինչպես նաև մասնակիորեն քերված և կոտրված են վերին ու ձախ եզրերը։
Խաչքարի կենտրոնական մասում՝ կիսաշրջանաձև խաչախորանի ներքո, պատկերված է ամբողջությամբ հյուսկեն, մեծադիր ծաղկած խաչը՝ զույգ եռաբողբոջ խաչաթևերով, որոնց հատման կենտրոնում նկատելի է պարզ խաչաքանդակ։ Կենտրոնական խաչաթևի վերին զույգ ելուստներից և խաչախորանի կամարից սկիզբ առնելով՝ դեպի ցած են ուղղված հյուսածո ոճավորված բուսազարդեր։ Ուղղահայաց խաչաթևի ստորին կենտրոնական հատվածից դեպի աջ և ձախ են տարածվում խաչարմատի զույգ շրջանաձև ճյուղերը, որոնք իրենց վրա են կրում խաչաթևերի կրկնակի շրջանաձև ելուստներով ավարտվող մեկական խաչաքանդակ՝ յուրաքանչյուրն առնված առանձին հյուսկեն շրջանակի մեջ։ Կենտրոնական հորինվածքը աջ և ձախ կողմերից երիզված է եղել հյուսկեն լայն զարդագոտով, աջից այն չի պահպանվել, իսկ ձախից մասամբ վնասված է։ Խաչքարի վերին հատվածում շրջանակն ամբողջանում է պարանաձև հաստ գոտով, որը, ի տարբերություն խաչքարի հարթային զարդաքանդակների, ունի ծավալային լուծում։

Խաչքարի ստորին հատվածում տեսանելի է երեք տողանոց արձանագրություն, որից ընթեռնելի է հետևյալ հատվածը․ «Ք[րիստոս] Ա[ստուա]ծ ողորմի Գ․․․|․․․որո, որ գէրեզմա|․․․ս Թամար ամ․․․․»1։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Պահպանվածությունը`
Վատ
Արժևորումը
Կարևոր է Արցախի Ասկերանի շրջանի և Ուլուպապ գյուղատեղիի պատմամշակութային միջավայրի, ինչպես նաև խաչքարարվեստի ուսումնասիրության համար։

----------------------------
1 Արձանագրության ընթերցումը՝ Սասուն Դանիելյանի։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ա․ Լ-Ե․