Ցրտնոտի կամուրջ
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Կամուրջ
Հատուկ անունը
Ցրտնոտի կամուրջ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կամուրջը կառուցվել է 13-14-րդ դարերում, վերանորոգվել է խորհրդային տարիներին։ Մինչ 2020 թվականի դեկտեմբերը կամուրջը կանգուն էր։ Այնուհետև Քարվաճառի շրջանն ամբողջությամբ բռնազավթվում է Ադրբեջանի կողմից։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախն ամբողջությամբ հայաթափվում է։ Ներկայումս արբանյակային պատկերների դիտարկումը ցույց է տալիս, որ Տրտու գետի շուրջը լայնացված է, շինարարական ծավալուն աշխատանքներ են իրականացվում, ինչի արդյունքում հնարավոր է, որ հուշարձանը վնասված լինի։

Սկզբնական պատկանելությունը
Ցրտնոտ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Կամուրջ

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Վայկունիք (Ծար) գավառ։ Հետագայում ընդգրկվել է Վերին Խաչենի իշխանության մեջ։
1993-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջան, Ծար, Ցրտնոտ գյուղատեղի

Տեղագրությունը
Գտնվում է Քարվաճառ քաղաքից 10 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ծար գյուղից շուրջ 3 կմ հարավ-արևելք, իսկ Ցրտնոտ գյուղատեղիից` 2 կմ հյուսիս-արևմուտք:

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1645 մ:
Ջրագրությունը
Գտնվում է Տրտու (Թարթառ) գետի վրա։
Նկարագրություն
Քարվաճառի շրջանի Ցրտնոտ1 գյուղատեղիից 2 կմ հյուսիս-արևմուտք՝ Տրտու (Թարթառ) գետի վրա, կանգուն վիճակում պահպանվել է Ցրտնոտի միջնադարյան կամուրջը։ Ելնելով ճարտարապետական և շինարարական առանձնահատկություններից՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն այն թվագրել է 13-14-րդ դարերով2։
Խորհրդային տարիներին կամուրջը ենթարկվել է շինարարական միջամտության, որին անդրադարձել է Սամվել Կարապետյանը․ «Ի դեպ, 1980-ականների կեսերին սոյուղբուլաղցի թրքացած քրդերն իրականացրել են իրենց եւ արտաքին աշխարհն իրար կապող հիմնական միջոցի՝ այս կամրջի «նորոգումը»․ բետոնի շերտով ծածկել են կամրջի անցուղու ամբողջ հատվածը՝ փաստորեն ավելացնելով թաղի ծանրությունը: Բարեբախտաբար, ամրակուռ այս շինությունը դիմացել է «հոգածության» այսօրինակ դրսեւորմանը»3:
Հետիոտնի և փոքր սայլերի երթևեկության համար նախատեսված միաթռիչք, կամարակապ կառույց է, որի երկու խելերը հիմնված են բնական ժայռի վրա։ Հիմնական շարվածքն իրականացված է կոպտատաշ և անմշակ քարերով, ամրացված կրաշաղախով։ Ի սկզբանե կամուրջը կարևոր դեր է կատարել Տրտու գետի աջափնյա բնակավայրերի, այդ թվում՝ Ցրտնոտ գյուղը իշխանանիստ Ծարի հետ կապելու համար։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Վերին Խաչենի կամ Ծարի իշխանություն, 13-14-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ համանման հուշարձաններին բնորոշ կառուցվածքային առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Կամուրջն ուսումնասիրել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Մանրամասն նկարագրությունը և չափագրությունը հրատարակվել է հեղինակի «Արցախի կամուրջները» գրքում (2009):

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միաթռիչք, կամարակապ

Շինանյութը (տեսակը, գույնը)
Բազալտ, գետաքար, կրաշաղախ

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է միջին չափերի կոպտատաշ, անմշակ քարերով և կրաշաղախով։

Տիպը
Հետիոտնային
Չափերը` լայնությունը
2,05 մ
Չափերը` բարձրությունը
4 մ
Թռիչքի երկարությունը
7,1 մ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի միջնադարյան կամուրջների և շինարարական արվեստի ուսումնասիրության համար։

----------------------------
1 Ցրտնոտ տեղանունը հիշատակվում է Դոփյան տոհմի ներկայացուցիչների՝ գավառի վանքերին իբրև սեփականություն տալու մասին մի վավերագրում (հավանաբար 14-րդ դար), Կարապետյան Ս․, 1999, էջ 54։

2 Կարապետյան Ս․, 2018, էջ 394։

3 Կարապետյան Ս․, 1999, էջ 55:

Չափագրություններ
Ցրտնոտի կամուրջ
Չափագրությունը՝ Սամվել Կարապետյանի (RAA)
Լուսանկարներ