Շահմասուր, ժայռափոր խաչքար
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր
Տիպային անվանումը
Ժայռափոր խաչքար Հատուկ անունը
Շահմասուրի խաչքար Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կերտվել է 1181 թվականին։ 2023 թվականի սեպտեմբերից Շահմասուր գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Շահմասուր Պահպանման միավորի անվանումը
Ժայռափոր խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մեծ Իրանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտակերտի շրջան, Շահմասուր
Տեղագրությունը
Գտնվում է Մարտակերտ քաղաքից 27 կմ դեպի հարավ-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Շահմասուր գյուղից մոտ 3 կմ դեպի հյուսիս՝ Տկողնուտ թալա կոչվող գյուղատեղիում։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 2,8 կմ հյուսիս։ Նկարագրություն
Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղից 3 կմ դեպի հյուսիս՝ Տկողնուտ թալա կոչվող հին գյուղատեղիում, գտնվում է խաչքարային հորինվածքով միջնադարյան մի խաչապատկեր՝ քանդակված միակտոր, անմշակ ժայռի հարավային հարթ, ուղղաձիգ մակերեսին։ Ժայռաբեկորի մեջ քանդակված ուղղանկյուն հարթության վրա կենտրոնական մեծ ծաղկած խաչն է՝ պարփակված յուրովի խաչախորան ստեղծող ժապավենաձև շրջանակով։ Կենտրոնական խաչի հիմքից դեպի աջ և ձախ են տարածվում խաչարմատի երկու ճյուղերը, որոնք իրենց վրա են կրում մեկական փոքրիկ խաչաքանդակ։ Ուշագրավ է, որ վերջիններս տարբերվում են կենտրոնական խաչից խաչաթևերի զույգ կլոր ելուստներով։ Խաչարմատի և կենտրոնական խաչի ողջ դաշտը մշակված է շղթայաձև հյուսվածազարդով, իսկ զույգ խաչերը ծածկված են գծանախշերով։ Ուշագրավ է նաև, որ կենտրոնական խաչը բարակ ժապավենով զատված է խաչարմատի ճյուղերին հենված զույգ խաչերից։
Խաչաքանդակ հորինվածքից ցած փորագրված է․ «Թիվ ՈԼ (1181) Յանուն Ա(ստուծո)յ, ես Խորեշահ | կանգնեցի զխաչս ի բարեխաւս | հոգոյ իմու եւ զաւակաց | իմոց բարեխաւս առ | Ք(րիստո)ս: Աղաւթս յիշեցէք»:
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 12-դ դար (1181 թ․)
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ արձանագրության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արձանագրությունն առաջին անգամ ընթերցել է վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանը, որը հրատարակվել է «Դիվան հայ վիմագրության» հինգերորդ՝ «Արցախ» հատորում1։ Հարկ է նշել, որ այստեղ հիշատակված Խորիշահի անունը հանդիպում է նաև Մեծառանից Սուրբ Հակոբավանքի նվիրատվական արձանագրության մեջ՝ թվագրված 1212 թվականին։ Այս տվյալը հիմք է տալիս ենթադրելու, որ Սեդրակ Բարխուդարյանի առաջարկած 1481 թվականը («Թիվ ՋԼ») 1181 թվականի («Թիվ ՈԼ») թյուրընթերցում է։
Հետագա տարիներին hուշարձանն ուսումնասիրել են մի շարք մասնագետներ, ինչպիսիք են՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, մշակութաբան Համլետ Պետրոսյանը և այլք։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքարե ժայռ
Տիպը
Ժայռափոր խաչքար Չափերը` երկարությունը
Մոտ 1,2 մ Չափերը` բարձրությունը
Մոտ 70 սմ Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Խաչենի իշխանության և Շահմասուր գյուղի պատմության, ինչպես նաև հայկական խաչքարարվեստի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Բարխուդարյան Ս., 1982, էջ 87:
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուդարյան Ս., 1982 - Բարխուդարյան Սեդրակ, Դիվան հայ վիմագրության, պրակ 5․ Արցախ, Երևան, 1982։
.
Գ․Բ․, Ա․ Լ-Ե․