Դահրազ, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1862 թվականին։ Գործել է մինչև 1920-ական թվականները։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով։
2023 թվականի սեպտեմբերին գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։

Սկզբնական պատկանելությունը
Դահրազ գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ։ Հետագայում մաս է կազմել Վարանդայի մելիքության։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Դահրազ

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 8,8 կմ հարավ։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Դահրազ գյուղի կենտրոնում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1014 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Չայլաղ սեզոնային գետակի աջ ափին՝ գետից 200 մ հեռավորությամբ:
Նկարագրություն
Ասկերանի շրջանի Դահրազ գյուղի կենտրոնում կանգուն վիճակում պահպանվել է 1862 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Ուղղանկյուն հատակագծով, միանավ, թաղակապ սրահ է։ Արևելյան կողմում կիսաշրջան խորանն է, որի հարավային և հյուսիսային կողմերում ուղղանկյունաձև, ոչ մեծ չափերի երկու ավանդատներն են։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին կան մեկական կամարակապ պատրհաններ։ Ավանդատների մուտքերի կողմից դեպի բարձրադիր բեմ և խորան է ելնում եռաստիճան սանդուղքը։ Հյուսիսային պատին՝ կիսակամար վերնամասով խորշի մեջ, խաչաձև մկրտարանն է։ Թաղածածկը հենված է հյուսիսային և հարավային պատերին ձուլված, որմնասյուներից ձևավորվող զույգ սլաքաձև կամարների վրա։
Եկեղեցին լուսավորվում է վեց լուսամուտներով, որոնցից արևելյան երեք և արևմտյան մեկ լուսամուտները փոքրաչափ են, դեպի ներս լայնացող և արտաքինից խաչաձև կառուցվածքով։ Հարավային և հյուսիսային ճակատներին գտնվող համեմատաբար մեծ չափերով լուսամուտները ուղղանկյունաձև են և հավանաբար բացվել են եկեղեցու կառուցումից ավելի ուշ։ Միակ մուտքը հյուսիսային պատի արևմտյան կողմից է։ Մուտքի բարավորին քանդակված է եկեղեցու շինարարական արձանագրությունը․ «1862 ամի| Շնորհօք և ողորմու(թե)|ամբն Ա[ստու]ծ(ո)յ կառուցաւ Ս[ուր]բ | եկեղեցիս յանուն Ս[ուր]բ Ա[ստուա]ծածնին | արդեամբ արդար վասդակոց Հորից | բարիբաշտօն անձանց Յօհանէս Ադամեա|նց և Սարգիս Ադամեանց դահրազեցուց և եր|կուց հարազադ եղբարց Պաղտասարս և Սիմէօ|նի Գաբրիելեան Սողոմոնեանց, որոց յիշա|տակն օր(հ)նութ[եամ]բ եղեցի ամէն»։
Շքամուտքից վերև՝ արտաքուստ պատի մեջ, ագուցված է 17-18-րդ դարերին բնորոշ նվիրատվական մի խաչքար՝ «Խաչս| Բաղտաս|ար(ին)» արձանագրությամբ։ Եկեղեցու ներսի պատերին ևս կան ագուցված խաչքարեր։

Կառույցի հիմնական շարվածքն իրականացված է տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ են բացվածքների և խորշերի եզրաքարերը, որմնասյուները և կամարները։


Խորհրդային տարիներին եկեղեցին օգտագործվել է տնտեսական նպատակներով։ Սրահը սվաղվել է և սպիտակեցվել, երկթեք տանիքը ծածկվել մետաղյա թիթեղով։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար (1862 թ․)

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
 Ըստ շինարարական արձանագրության

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ թաղակապ սրահ է՝ կիսաշրջան խորանով և զույգ ավանդատներով։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, թերթաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հյուսիսային կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի վեց լուսամուտ, որոնցից երեքը բացվում են արևելյան կողմից, մեկը՝ հարավային, մեկը՝ հյուսիսային, մեկը՝ արևմտյան։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, թիթեղապատ

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ քարերով են շարված շինության անկյունները, բացվածքների շրջանակները, բեմառէջքը, որմնասյուներն ու կամարները։

Հարդարանքը
Զուսպ

Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
15 մ
Չափերը` լայնությունը
8,1 մ
Պահպանվածությունը`
Վթարային 
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Դահրազ գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ