Դահրազ, Հռուսիմա բերդ
Հուշարձան
.
Հուշարձանի անձնագիր

Տիպային անվանումը
Բերդ-ամրոց
Հատուկ անունը
Հռուսիմա բերդ
Այլ անվանումներ
Հռուսմի կտոր, Հոռոմսիմ, Հոռոմսիմին գլուխ, Հոռոմսիմի բերդ, Հռուսիմա, Հռիփսիմեի բերդ, Դահրազի բերդ

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ։ Մեզ հասած շինությունները վերաբերում են 12-13-րդ դարերին։ Բերդը լքվել է 14-րդ դարում։ 2023 թվականի սեպտեմբերին գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ հայտնի չեն։

Սկզբնական պատկանելությունը
Խաչենի իշխանություն, Դահրազ

Պահպանման միավորի անվանումը
Բերդ-ամրոց

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ։ Հետագայում մաս է կազմել Վարանդայի մելիքության։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Դահրազ

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 8 կմ հարավ-արևելք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Դահրազ գյուղից 500 մ հյուսիս-արևելք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 960 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Չայլաղ սեզոնային գետակի ձախ ափին։
Նկարագրություն
Ասկերանի շրջանի Դահրազ գյուղի հյուսիսարևելյան մասում՝ Չայլաղ կոչվող սեզոնային գետակի ձախ ափին է գտնվում Հռուսիմա բերդը։ Տեղաբնիկների շրջանակում այն առավել հայտնի է Հոռոմսիմի բերդ անվամբ։

Հուշարձանը և հարակից տարածքը նախնական հետազոտության են ենթարկվել Արցախի Հանրապետության կրթության և մշակույթի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։
Այն թվագրվում է 12-13-րդ դարերով՝ ելնելով նույն շրջանի պաշտպանական կառույցների համեմատական վերլուծությունից։

Հռուսիմա բերդը տեղակայված է արտաքինից թերակղզաձև ժայռի վերնամասում։ Հարավային կողմում տարածքը եզերված է անանցանելի ժայռերով, մինչդեռ հյուսիսային, հյուսիսարևմտյան և մասամբ արևելյան թեքադիր լանջերը անտառածածկ են։ Արևմտյան եզրում ժայռային զանգվածը հատուկ պաշտպանական նկատառումներով հատվել է գրեթե 20 մ լայնությամբ և ավելի քան 25 մ երկարությամբ՝ ստեղծելով արհեստական խրամատ, որն ամրոցը արևմուտքից դարձրել է գրեթե անմատչելի։ Բերդի պատերը շարվել են հենց նույն փորված ժայռազանգվածի թերթաքարերով։ Հարավային կողմի պարիսպները չեն պահպանվել։ Արևելյան հատվածում տեսանելի են միայն հիմնապատերը։ Լավ պահպանվել են հյուսիսային պարսպաշարը և հյուսիսարևմտյան կողմում կիսաբոլորակ աշտարակը, որին արևմուտքից կից պահպանվել է աշտարականման, ուղղանկյունաձև շինության ավերակ։

Բերդի երկարությունը կազմում է մոտ 50 մ, միջին լայնությունը՝ շուրջ 24 մ, իսկ ընդհանուր մակերեսը՝ մոտ 1200 քմ։ Պարսպապատի ներսում հարթ տարածք է, նկատվում են նաև հողածածկ փոսորակներ, որոնք հավանաբար ներքին շինությունների ավերակ մնացորդներն են։
Բերդի հյուսիսարևելյան անկյունում պահպանվել է 1,5 մ լայնությամբ, դեպի ներս նեղացող մուտքը, որը նաև գաղտնուղու տպավորություն է թողնում։ Ներսում տեղի ունեցած փլուզման հետևանքով անցուղին անանցանելի է։
Հռուսիմա բերդը ռազմավարական նշանակալի դեր է ունեցել իր դիրքով՝ վերահսկելով արևելյան հարթավայրերից դեպի Արցախ տանող միջնադարյան ճանապարհը։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, 12-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ նույն շրջանի համանման պաշտպանական կառույցների համեմատական վերլուծության
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Թերթաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հյուսիսարևելյան կողմում։

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է տեղական անմշակ թերթաքարով և կրաշաղախով։

Տիպը
Պաշտպանական համալիր
Չափերը` երկարությունը
Առավելագույն երկարությունը՝ 50 մ
Չափերը` լայնությունը
Միջին լայնությունը՝ 24 մ
Չափերը` տարածքի մակերեսը
1200 քմ
Պահպանվածությունը`
Ավերակ

Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի միջնադարյան ամրոցաշինության և պաշտպանական համակարգի, ինչպես նաև տարածաշրջանի պատմական անցյալի ուսումնասիրության համար։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․