Մեծ Թաղեր, Մարխաթուն եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Մարխաթուն
Այլ անվանումներ
Մար Խաթուն

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 16-17-րդ դարերում։ Ըստ ազգագրագետ, բանահավաք Մակար Բարխուդարյանցի՝ 19-րդ դարավերջին Մարխաթուն գյուղն արդեն լքված էր։ 2020 թվականի հոկտեմբերից Մեծ Թաղեր գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Մարխաթուն գյուղ (Մեծ Թաղեր)

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց, խաչքարեր, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ (հետագայում ընդգրկվել է Վարանդայի մելիքության կազմում)։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Մեծ Թաղեր

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 12,5 կմ հյուսիս-արևմուտք։։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Մեծ Թաղեր գյուղից 1,5 կմ հյուսիս։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1183 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետ և Վարանդա գետերի ջրբաժան անտառապատ լեռնաշղթայի հարավային կողմում՝ Մարխաթուն լեռան վրա՝ Իշխանագետից 3 կմ հեռավորությամբ։
Նկարագրություն
Մար Խաթուն լեռան անտառապատ լանջին՝ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից 1,5 կմ դեպի հյուսիս, գտնվում է համանուն գյուղատեղին, որտեղ պահպանվել են եկեղեցին և գերեզմանոցը։ Եկեղեցու հիմնադրման վերաբերյալ պատմական ստույգ տեղեկություններ հայտնի չեն։ Տեղի բնակչության կողմից այն կոչվել է Մարխաթուն1։ Հավանաբար լեռը և բնակավայրը իրենց անվանումն ստացել են սրբավայրի անունից։ 19-րդ դարում եկեղեցու դեռևս պահպանված շինարարական արձանագրությունն ընթերցել են երկու մեծանուն ազգագրագետներ՝ Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը և Երվանդ Լալայանը։ Առաջինն այն վերծանել է՝ թվագրելով 1603 («Թվ(ին) ՌԾԲ»)2 , իսկ երկրորդը՝ 1563 («Թվ(ին) ՌժԲ»)3։
Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով, միանավ, թաղակապ շինություն է։ Պատերը շարված են կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ կրաքարից են եղել կամարները, որոնցից պահպանվել է միայն խորանի ձախակողմյան մի հատվածը և բացվածքների անկյունները։ Խորանը կիսաշրջանաձև է, որի հյուսիսային և հարավային պատերին կան երկու փոքրիկ պատրհաններ։ Բեմը բարձրադիր է, մասամբ՝ քանդված։ Թաղածածկը հենված է հյուսիսային և հարավային պատերի որմնասյուներից բարձրացող երկու կամարների վրա, որոնցից արևելյանը բաժանում է խորանը սրահից։ Տանիքը երկթեք է, ծածկասալերը չեն պահպանվել։
Միակ մուտքը բացվում է արևմտյան պատի կենտրոնական հատվածից։ Կառույցը լուսավորվում է արևմտյան և արևելյան ճակատներից բացվող մեկական լուսամուտներով։ Եկեղեցու պատերին ժամանակին ագուցված են եղել նվիրատվական բնույթի փոքրաչափ խաչքարեր։ Պահպանվել են միայն վերոնշյալ խաչքարերից երկուսը, որոնցից մեկը դրված է խորանում, իսկ մյուսը մեծթաղերցիների կողմից տեղափոխվել է գյուղի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։

Մարխաթուն եկեղեցին գտնվում է վթարային վիճակում․ տանիքին և պատերին կան փլուզված հատվածներ։ Կառույցի շուրջը տարածվում է գերեզմանատունը։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 16-17-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ մատենագիտական աղբյուրների
Եկեղեցու կառուցման շինարարական արձանագրությունը տեսել և գրի են առել ազգագրագետ, բանահավաք Մակար Բարխուդարյանցը և ազգագրագետ Երվանդ Լալայանը։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, միանավ, թաղակապ սրահ է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ոնի մեկ մուտք արևմուտքից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի երկու լուսամուտ արևմուտքից և արևելքից։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)

Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
8,8 մ
Չափերը` լայնությունը
5 մ
Չափերը` բարձրությունը
5,5 մ
Պահպանվածությունը`
Վթարային
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Մարխաթուն գյուղատեղիի, ինչպես նաև Մեծ Թաղերի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրման համար։

----------------------------

1 Արցախի բարբառով մայր բառը արտասանվում է մար, իսկ տիրուհի բառին համարժեք է խաթունը։ Մայր և տիրուհի բառերի իմաստների համադրմամբ կազմվել է Մայր խաթուն տարբերակը, որը արցախյան բարբառի հնչողությամբ արտաբերվում է Մարխաթուն։ Վերջինս նշանակում է Մայր տիրուհի և վերաբերում է Աստվածամորը։

2 Տե՛ս Աբրահամյան Ե․, 2009, էջ 33։

3 Լալայեան Ե․, 1897-1898, էջ 37։

Չափագրություններ
Մեծ Թաղեր, Մարխաթուն եկեղեցի
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն

Աբրահամյան Ե․, 2009 - Աբրահամյան Երվանդ, Մեծ Թաղեր, Ստեփանակերտ, 2009:
Բարխուտարեանց Մ., 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։
Լալայան Ե., 1988 - Լալայան Երվանդ, Երկեր (հինգ հատորով), հատոր 2․ Արցախ, Երևան, 1988։
Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։
.
Գ․Բ․