Լուսանկարը՝ Սամվել Կարապետյանի
Հակակու, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1621 թվականին, գործել մինչև 1920-ական թվականները։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նպատակներով, մասնավորապես՝ որպես հացահատիկի պահեստ։ Անկախությունից հետո Սուրբ Աստվածածին եկեղեցին գյուղի բնակչության համար դարձել է սրբատեղի։ 2020 թվականի հոկտեմբերից Հակակու գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Հակակու գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, գերեզմանոց, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ։ Հետագայում մաս է կազմել Դիզակի մելիքության։ 1991-2020 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Հակակու

Տեղագրությունը
Գտնվում է Հադրութ քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Հակակու գյուղի կենտրոնում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1063 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Իշխանագետի ավազանում՝ Հակակու գյուղի Տնջրու ջուր և Կյուփանեն ջուր առվակների միջակայքում։
Նկարագրություն
Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1621 թվականին1։ Այն գտնվում է Հակակու գյուղի կենտրոնում՝ Եղցուն տոռնը2 թաղամասում։ Շինարարական արձանագրությունը չի պահպանվել։ 
Եկեղեցին կանգուն է։ Այն ուղղանկյուն հատակագծով, եռանավ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանով և զույգ ավանդատներով։ Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես հացահատիկի պահեստ, ինչի հետևանքով քանդվել է բեմը, և կառուցվել են առանձին ամբարներ։ Վերջիններիս պատերի մնացորդները պահպանվել են մինչև 2020 թվականը։ Թաղակապ ծածկը հենված է կենտրոնական երկու ուղղանկյուն մույթերին կից և արևելյան ու արևմտյան պատկից զույգ որմնասյուներից բարձրացող կամարների վրա, իսկ կողային նավերինը` կենտրոնական զույգ մույթերին և հյուսիսային ու հարավային պատերին։ Հյուսիսային պատին՝ որմնախորշի մեջ, պահպանվել է մկտության ավազանը։ 
Կառույցի հիմնական շարվածքն իրականացված է տեղական անմշակ, կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ են միայն բացվածքների եզրաքարերը և կենտրոնական թաղակիր կամարը։
Եկեղեցին լուսավորվում է դեպի ներս լայնացող վեց փոքրիկ լուսամուտներով, որոնցից երեքը բացվում են արևելյան ճակատից, երկուսը՝ հարավային, մեկը՝ արևմտյան։ Միակ մուտքը բացված է հարավային պատի արևմտյան կողմում։ Կառույցի ներսը եղել է սվաղված։
19-րդ դարում եկեղեցու հարավային կողմում ձևավորվել է փոքրիկ տապանադաշտ, որտեղ պահպանվել են մի քանի ուղղանկյունաձև, արձանագիր տապանաքարեր։ 

Անկախության տարիներին տեղի բնակչության համար եկեղեցին դարձել է սրբատեղի։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 17-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ շինարարական արձանագրության

Թվագրման հիմնավորում՝ ըստ վկայության
Ըստ Շահեն Մկրտչյանի՝ շինարարական արձանագրությունը գտնվում էր մուտքի բարավորի վերին եզրաքարին, որը, ցավոք, չի պահպանվել։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանը մանրամասն նկարագրել է Էմմա Աբրահամյանը «Վարձք» հանդեսի «Հակակու» հոդվածում3։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, եռանավ, թաղակապ կառույց է։

Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաքար, կրաշաղախ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավային կողմից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի վեց լուսամուտ, որոնցից երեքը բացվում են արևելյան կողմից, երկուսը՝ հարավային, մեկը՝ արևմտյան։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
 Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք (ծածկասալերը չեն պահպանվել)

Հարդարանքը
Զուսպ

Տիպը
Գյուղական եկեղեցի
Չափերը` երկարությունը
13,30 մ
Չափերը` լայնությունը
9,50 մ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Հակակու գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։

----------------------------
1 Մկրտչյան Շ․, 1985, էջ 120։
2 Եղցուն տոռնը, Արցախի բարբառով՝ եկեղեցու դուռ։
3 Աբրահամյան Է․, 2024, էջ 21-30։

Չափագրություններ
Հակակու, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Չափագրությունը՝ Սամվել Կարապետյանի (RAA)
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն

Աբրահամյան Է․, 2021 - Աբրահամյան Էմմա, «Հակակու», «Վարձք», Երևան, № 15, 2021, էջ 21-30։


Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։

.
Գ․Բ․