Աշան, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի
Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 17-րդ դարում, վերանորոգվել է 19-րդ դարում։ 20-րդ դարասկզբին Աշանի բնակչությունը տեղափոխվել է, գյուղն ամայացել է, իսկ եկեղեցին վերածվել է սրբատեղիի։ 2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումից և հայաթափումից հետո հուշարձանի վերաբերյալ տեղեկություններ հայտնի չեն։

Սկզբնական պատկանելությունը
Աշան գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մուխանք գավառ (հետագայում՝ Վարանդայի մելիքություն), մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Մարտունու շրջան, Աշան

Տեղագրությունը
Գտնվում է Մարտունի քաղաքից 10,5 կմ հյուսիս-արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Աշան գյուղից 1,7 կմ հարավ-արևմուտք՝ հին Աշան գյուղատեղիում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 804 մ։
Նկարագրություն
Մարտունու շրջանի Աշան գյուղից 1,7 կմ դեպի հարավ-արևմուտք՝ հին Աշան գյուղատեղիի տարածքում, կանգուն վիճակում պահպանվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Կառուցման հստակ թվականը հայտնի չէ, սակայն կառույցի ճարտարապետական ոճը, հորինվածքային առանձնահատկությունները և հատկապես հարավային կողմից բացված շքամուտքի ու մկրտարանի գեղազարդ հարդարանքը թույլ են տալիս եկեղեցին վերագրելու 17-18-րդ դարերին։ Շքամուտքի նույնատիպ հարդարանք ունեն հատկապես Արցախի հարավարևելան շրջաններում գտնվող Ծակուռիի, Հերհերի, Քյուրաթաղի, Թաղասեռի և այլ բնակավայրերի 17-18-րդ դարերի եկեղեցիները։

Եկեղեցին վերանորոգվել է 19-րդ դարում։ 1896 թվականին փոխվել է նաև սալահատակը, որի վերաբերյալ նորացված բարավորին փորագրվել է կրճատագիր արձանագրություն․ «Յ[իշատա]կ [է] զ[այ]ս եկ[ե]ղ[եցոյ]ն քարէ յադակն Նանսի տէր Աւաքից, 1896»1:

Ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ անդրադարձել է Աշան գյուղին և եկեղեցուն․ «ԱՇԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է գրեթէ Եմիշջան գիւղի արևմտեան կողմում, մի ձորի հարաւահայեաց լանջի վերայ. բնակչաց կէս մասն բնիկ, իսկ մնացեալ մասն տեղափոխուած է Ջրաբերդից. հողն մասամբ արքունի և մասամբ բէկական, տեղական բերքերն նոյն. պատուական օդն, կլիման և ջուրն. երկար կեանք 95 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, շինուած հասարակութեան ծախքով երեք կամարների վերայ. երկարութիւնն 17 մետր 95 սանթիմ, լայնութիւնն 8 մետր 85 սանթիմ։ Աւազանի վերայ. «Յիշատակ Դաստանց Թա.»։ «Յիշատակ Սահակ Աբրահամեան»։ Քահանայ մի։ Ծուխ 104. ար. 415 իգ. 270»2:

Միանավ, թաղակապ սրահ է։ Արևելյան կողմում ավարտվում է կիսաշրջան խորանով և զույգ ավանդատներով։ Խորանի հյուսիսային և հարավային պատերին կան փոքրաչափ պատրհաններ՝ նախատեսված եկեղեցական և ծիսական իրերի համար։ Թաղածածկը հենված է հարավային և հյուսիսային պատերի, որմնամույթերից սկիզբ առնող որմնակամարների, ինչպես նաև կենտրոնական զույգ որմնասյուներից բարձրացող կամարների վրա։ Երկթեք տանիքը նախապես եղել է կղմինդրածածկ, որը հետագայում փոխարինվել է մետաղյա թիթեղով։
Եկեղեցու միակ մուտքը բացվում է հարավից։ Լուսավորվում է փոքրաչափ, դեպի ներս լայնացող լուսամուտներով, որոնցից երեքը բացվում են արևելյան ճակատից, մեկ՝ արևմտյան, երկուսը՝ հարավային, երկուսը՝ հյուսիսային։
Հյուսիսային պատի արևելյան հատվածում՝ կամարակապ, գեղազարդ շրջանակի մեջ առնված խորշի մեջ, մկրտության ավազանն է։ Մկրտարանի ձախ կողմում կա մի փոքրիկ պատրհան։

Եկեղեցու հարդարանքը զուսպ է։ Գեղաքանդակ շրջանակներով են առանձնանում միայն շքամուտքը և մկրտարանը։ Պատերին ագուցված են 17-րդ դարին վերաբերող խաչաքանդակներ և զարդանախշեր։ Ուշագրավ է սակայն հարավային պատի արևմտյան եզրին ագուցված 12-13-րդ դարերին բնորոշ խաչքարը, որը հիմք է տալիս ենթադրելու, որ սրբատեղին գոյություն է ունեցել շատ ավելի հին ժամանակներից։

Սուրբ Աստվածածին եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել և բարեկարգվել է 2001 թվականին։ Փոխվել է մետաղական ծածկը և ավելացվել երկաթյա քառասյուն ռոտոնդան։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Վարանդայի մելիքություն, Հայ Առաքելական Եկեղեցի, 17-18-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Եկեղեցու ճարտարապետական հորինվածքը և կառուցվածքային մանրամասները, ինչպես նաև պատերին ագուցված արձանագիր և քանդակազարդ խաչքարերն ու ճարտարապետական դետալները, համեմատելով նույնատիպ հուշարձանների հետ, ենթադրել են տալիս, որ հուշարձանը կառուցվել է 17-18-րդ դարերում։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Աշանի Սուրբ Աստվածածին եկեղեցուն անդրադարձել է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցն իր «Արցախ» աշխատության մեջ։

Պատմական համառոտ տեղեկանք

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Միանավ սրահ

Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն ավազաքար, կրաքար, կրաշաղախ, սվաղ

Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավից։

Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի ութ լուսամուտ, որոնցից երեքը բացվում են դեպի արևելք, երկուսը՝ հարավ, երկուսը՝ հյուսիս, մեկը՝ արևմուտք։

Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ

Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, մետաղյա թիթեղ

Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Պատերը շարված են տեղական կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Ներսը սվաղված է։ Շքամուտքի և լուսամուտների եզրաքարերը, որմնասյուները, կամարները, բեմը և աստիճանները, Սուրբ Սեղանը կառուցված են սրբատաշ քարերով։

Հարդարանքը
Եկեղեցու շքամուտքն ու մկրտարանը զարդարված են երկրաչափական ու շթաքարային հորինվածքով գեղեցիկ զարդագոտիներով։

Տիպը
Գյուղական եկեղեցի, սրբատեղի
Չափերը` երկարությունը
17,95 մ
Չափերը` լայնությունը
8,85 մ
Պահպանվածությունը`
Լավ
Արժևորումը
Եկեղեցին կարևոր նշանակություն ունի Աշան գյուղի պատմական անցյալի ուսումնասիրության համար։ Շարունակելով տարիների ավանդույթները՝ այն աշանցիների համար հանդիսացել է գլխավոր աղոթատեղի, իսկ հետագայում նաև սրբատեղի՝ միավորելով համայնքին և պահպանելով նրա հոգևոր ժառանգությունը։

----------------------------
1 monumentwatch.org
2 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 121։

Լուսանկարներ