Այգեստան, Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Աստվածածին Այլ անվանումներ
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Կառուցվել է 1839 թվականին: 1850 թվականին հիմնովին վերակառուցվել է և գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Խորհրդային տարիներին ունեցել է տնտեսական նշանակություն։ Արցախի անկախության շրջանում եկեղեցին բարեկարգվել և վերստին օծվել է։ 2023 թվականի սեպտեմբերից Այգեստան գյուղը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Այգեստան (Բալուջա) գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Այգեստան։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Այգեստան
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք։ Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Այգեստան գյուղի հին թաղամասի կենտրոնական մասում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 777 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Մեղրագետից 732 մ հյուսիս` գետի ձախափնյա հատվածում։ Նկարագրություն
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի1 հարավային կողմում՝ հին թաղամասի կենտրոնում։ Հյուսիսային պատին ագուցված արձանագիր բարավորի քարը, որն ըստ ամենայնի պահպանվել է նախորդ կառույցից, վկայում է, որ այն հիմնադրվել է 1839 թվականին․ «Թ(վին) 1839 | յիշատակ է | այս սրբ(ա)շեն եկեղեցի | Աստու(ա)ծածնի բարիբաշտ| հայոց հասարակութեան | Բալլուճի կեղի»։
Հին եկեղեցին հավանաբար փոքր է եղել գյուղի բնակչության համար։ 1850 թվականին նույն տեղում ավելի ընդարձակ տարբերակով վերակառուցվում է եկեղեցին՝ ուստա Գրիգոր Հակոբյանցի կողմից, ինչի մասին և վկայում է մուտքի բարավորի արձանագրությունը․ «Ի 1850 | թիւականին շինուվ|եց ս[ուր]բ Ա[ստուածա]ծին եկեղեցին՝ յիշատակ | Բալլուջու հասարակութենը, եւ | աշխա[տաւ]որ շիննութե[ա]ն՝ ուստա | Գրիգոր Յակօբեանց»։
Եկեղեցու մասին պատմական տվյալները շատ սուղ են։ Ուշագրավ է ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցի արձագանքը այս հոգևոր կառույցին․ «․․․․ եկեղեցին նորաշէն, Սուրբ Աստուածածին, համակ սրբատաշ կրաքարով շինուած հասարակութեան ծախքով կառուցեալ չորս սիւների վերայ, որ ունի մի կլոր գմբէթ ժողովրդեան աղօթած տեղից վերև, մի քարացեալ օձ ներքուստ հարաւային որմի վերայ երկու լուսամուտների մօտ, 20 մետր 10 սանթիմ երկարութիւն, 11 մետր 45 սանթիմ լայնութիւն․ քահան․ մի»2։
Ուղղանկյուն հատակագծով սրահը զույգ մույթերով բաժանված է երեք նավի։ Թաղածածկը հենված է մույթերի, որմնասյուների և կամարների վրա։ Ուշագրավ է գլխավոր նավի կենտրոնական հատվածում զանգակատան (ռոտոնդա) տակ իրականացված գոցվող թաղի գմբեթաձև լուծումը, որի շնորհիվ կառույցը ներքուստ գմբեթավոր եկեղեցու տպավորություն է թողնում։
Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է՝ կից ավանդատներով։ Բեմը բարձրադիր է, որի երկու կողմերից դեպի խորան է բարձրանում հինգական աստիճան։ Խորանի կողապատերին կան պատրհան-խորշեր։ Հատկանշական է, որ արևելյան մույթերից մինչև բեմառէջք երկու աստիճան բարձրությամբ առանձնացված է նախախորանը։ Եկեղեցու հյուսիսային պատին մկրտության ավազանն է, իսկ հանդիպակաց պատին նմանատիպ մեկ այլ խորշ է բացված։ Կառույցի միակ մուտքը գտնվում է հարավային պատի կենտրոնից փոքր-ինչ արևմուտք։ Ուշագրավ է սպիտակ քարով առանձնացող մուտքի ուղղանկյուն վերնամասը և արձանագիր բարավորը ներփակող կամարակապ շքամուտքի ալիքաձև եզրագոտին։
Եկեղեցին լուսավորվում է արևմտյան, արևելյան, հարավային և հյուսիսային ճակատներից բացված հինգ լուսամուտներով, որոնցից հարավային երկու և հյուսիսային մեկ լուսամուտներն առանձնանում են իրենց մեծ, կամարաձև բացվածքներով։ Երկթեք, թիթեղապատ տանիքի կենտրոնական հատվածում տեղադրված է զանգակատան նշանակությամբ մետաղական ռոտոնդան։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 19-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ եկեղեցու հիմնադրման և վերակառուցման արձանագրությունների
Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Հիմնադրվել է 1839 թվականին։ 1850 թվականին եկեղեցին հիմնովին վերակառուցվել է։ Եկեղեցին կրկին վերանորոգվել և վերաօծվել է Արցախի Հանրապետության տարիներին։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, եռանավ, թաղակապ սրահ է։
Շինանյութը (տեսակը, գույնը)
Սպիտակ կրաքար, ավազաքար, տրավերտին, կրաշաղախ
Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի մեկ մուտք հարավից։
Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի յոթ լուսամուտ, որոնցից երեքը բացվում են արևելքից, մեկը՝ հյուսիսից, մեկը՝ արևմուտքից, երկուսը՝ հարավից։ Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, թիթեղապատ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է միջին չափի քարերով և կրաշաղախով։ Ամբողջապես երեսպատված է սրբատաշ քարերով։
Հարդարանքը
Զուսպ Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
20 մ Չափերը` լայնությունը
11,5 մ Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Այգեստան գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Գյուղը նախապես կոչվել է Պալլուճա (Բալլուջա): Արցախի անկախության տարիներին վերանվանվել և դարձել է Այգեստան։
2 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 155։
...
.
Ա․Հ․, Ս․Դ․