Կարկաժան, Հին Կրկժան գյուղատեղիի գերեզմանոց
Հուշարձան
Տիպային անվանումը
Գերեզմանոց
Հատուկ անունը
Հին Կրկժան
Այլ անվանումներ
Գերեզմանոտ, հանգստարան

Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանոցը հիմնվել է առնվազն 12-13-րդ դարերում։ Պահպանված խաչքարերը և շիրմաքարերը փաստում են, որ այստեղ հուղարկավորություններ են կատարվել մինչև 20-րդ դարի սկիզբը։
2023 թվականի սեպտեմբերից Արցախը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակն անհայտ է։

Սկզբնական պատկանելությունը
Կարկաժան (Քրքջան, Հին Կրկժան)

Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց

Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Խաչքարեր, տապանաքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք (հետագայում՝ Վարանդա) գավառ։ 19-20-րդ դարերում Ելիզավետպոլի նահանգի Շուշվա գավառի մաս է կազմել։ 1991-1992 թթ․ Կարկաժանն ազատագրվել է, որից հետո միավորվել է Ստեփանակերտ քաղաքին։

Հասցե
Ստեփանակերտ, Կարկաժան (Հին Կրկժան)

Տեղագրությունը
Գտնվում է Ստեփանակերտի Կարկաժան թաղամասի հարավարևմտյան կողմում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Ստեփանակերտի Կարկաժան թաղամասից 200 մ հարավ-արևմուտք՝ մեղմաթեք սարահարթի արևելյան եզրին։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1054 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Վարարակն գետի ձախափնյա լեռնալանջին՝ ափից 1,3 կմ հեռավորության վրա։
Նկարագրություն
Ստեփանակերտի Կարկաժան թաղամասի հարավարևմտյան եզրին՝ մեղմաթեք սարահարթի արևելյան ծայրամասում, տարածվում է Հին Կրկժան գյուղատեղիի գերեզմանոցը։ Այստեղ հստակ տարբերակվում են թաղումների երկու ժամանակագրական շերտեր, որոնցից առաջինը թվագրվում է 12-15-րդ դարերով, իսկ երկրորդը՝ 18-20-րդ դարերով։ Հին հատվածն առանձնանում է հարթ, անմշակ, անարձանագիր սալատապաններով և գեղաքանդակ խաչքարերով։ Նոր հատվածի շիրմաքարերը հիմնականում ուղղանկյունաձև են, սրբատաշ և ունեն զարդաքանդակային պարզ տարրեր։ Հատկանշական է նաև այս շիրմաքարերի վրա փորագրված արձանագրությունների առատությունը, ինչպես նաև բավարար պահպանվածությունը։ Գերեզմանոցի նոր հատվածում ակնհայտորեն նկատելի է տեղադրված գերեզմանաքարերի մեծ խտությունը, որը 18-20-րդ դարերում տարածքի ժողովրդագրական պատկերի փաստացի ցուցիչ է։ 12-15-րդ դարերով թվագրվող հատվածի արևելյան կողմում պահպանվել են նաև ուղղանկյունաձև շինության՝ հավանաբար մատուռի քարաշեն հիմնապատերի մնացորդներ։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
12-20-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ գերեզմանոցում գտնվող խաչքարերի ոճական ու գեղարվեստական առանձնահատկությունների և տապանագրերի
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Հուշարձանը բավարար ուսումնասիրված չէ։ Պատմական տեղեկություններ կամ վկայություններ հայտնի չեն։ 2012-2013 թթ․ Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ, կազմվել է հուշարձանի վկայագիր։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Գերեզմանոց
Չափերը` տարածքի մակերեսը
3500 քմ
Պահպանվածությունը`
Միջին

Արժևորումը
Կրկժանի հին գերեզմանոցը կարևոր պատմամշակութային վկայություն է, որը ներկայացնում է Ստեփանակերտի տարածքում բազմադարյա հայկական ներկայության և ինքնությունը պահպանած բնակավայրերի, ինչպես նաև բնակիչների փաստացի պատմությունը։ Գերեզմանոցի տարածքը ձևավորվել է առնվազն միջնադարում։ Պահպանված գերեզմանակոթողների տարբեր ձևերը և տիպերը, ոճական առանձնահատկությունները և հարուստ արձանագրությունները վկայում են Կրկժանի հին գերեզմանոցի շարունակական օգտագործման մասին մինչև նոր ժամանակներ։

Լուսանկարներ
...
.
Ա․Հ․, Ս․Դ․