Խաչեն, Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Հուշարձան
Տիպային անվանումը
Եկեղեցի Հատուկ անունը
Սուրբ Ստեփանոս Այլ անվանումներ
Սուրբ Հովհաննես
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Եկեղեցու ներկայիս շինությունը, արձանագրության համաձայն, կառուցվել է 1901 թվականին և կոչվում է Սուրբ Ստեփանոս: Չի բացառվում, որ նոր եկեղեցին Ներսես Սարումյանցի կողմից կառուցվել կամ վերակառուցվել է ավելի վաղ շրջանում կառուցված եկեղեցու՝ Սուրբ Հովհաննեսի տեղում։ Խորհրդային տարիներին օգտագործվել է տնտեսական նշանակությամբ։ 2007 թվականին եկեղեցին վերանորոգվել և օծվել է։ Գործել է մինչև 2023 թվականի սեպտեմբերը։ Այնուհետև բնակավայրը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Սկզբնական պատկանելությունը
Խաչեն (Սեյդիշեն) գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Եկեղեցի Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Եկեղեցի, խաչքարեր Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խաչեն։
Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խաչեն Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 12 կմ հյուսիս-արևմուտք։
Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Խաչեն գյուղի կենտրոնական հատվածում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 956 մ։ Նկարագրություն
Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է Խաչեն գյուղի հին թաղի կենտրոնական հատվածում։ Համաձայն հարավային մուտքի բարավորի շինարարական արձանագրության՝ կառուցվել է 1901 թվականին։ Ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը 19-րդ դարի վերջերին հիշատակել է ավելի հին Սուրբ Հովհաննես եկեղեցու մասին, որը գտնվում էր անմխիթար և խարխուլ վիճակում․ «ՍԷՅՏԻ ՇԷՆ. Հիմնուած է Խնձիրստան գիւղի արևմտահիւսիս կողմում այն ճանապարհի վերայ, որ բանում է Շուշուց Գանձասար. բնակիչք բնիկ, հողն արքունի, անջրդի և նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման և ջուրն, երկար կեանք 90, եկեղեցին Սուրբ Յովհաննէս, քարուկիր, յիշատակ է Շուշեցի Մահտեսի Բալայ Զաքարեանցին, բայց վտանգաւոր կերպով վնասուած, քահանան գալիս է Խնձիրստանից։ Ծուխ 45. ար. 195. իգ. 175»1։
Հավանաբար ներկայիս եկեղեցին վերակառուցվել է հնի տեղում։
Ուղղանկյուն հատակագծով եռանավ սրահ է՝ արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանին կից ավանդատներով։ Հյուսիսային պատին՝ կամարակապ խորշի մեջ, մկրտության ավազանն է։ Թաղակապ ծածկը հենված է կենտրոնական զույգ սյուներից, ինչպես նաև հյուսիսային և հարավային պատերից առաջացող կամարների վրա։ Երկթեք տանիքը ծածկված է կղմինդրով։ Եկեղեցու հարդարանքը զուսպ է։ Պատերը շարված են փոքրաչափ, կոպտատաշ քարերով և կրաշաղախով։ Սրբատաշ կրաքարով և տրավերտինով են շարված կամարները և բացվածքների անկյունաքարերը։ Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան։ Սրահը լուսավորվում է վեց լայն և կիսակամար վերնամասով լուսամուտներով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 20-րդ դար
Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Համաձայն եկեղեցու հարավային մուտքի բարավորի ընդարձակ արձանագրության՝ ներկա շինությունը կառուցվել է 1901 թվականին․ «Տաճարս այս կառուցեալ է յընթացս 1900-1901 ամաց ի թագաւ|որու[(թ)(եան)ն կայսեր ամ[ենայն] ռուսաց Նիկողայոսի Բ եւ ի հայրապետու(թեան)ն Տ(եր) Տ(եր) Մկր|տչի Ա կաթուղիկոսի ամ[ենայն] հայոց, ծախիւք Կօլլեժսկի Ասսեսօր եւ | ասպետ Ներսէս Բէգի Սարումեանց, յանուն Ս(ուրբ) Ստեփաննոսի Նախա|վկային, ի յիշատակ բազմերախտ ծնողաց իւրոց Անդրէաս քահան|այի եւ Նանասիի Սարումեանց եւ վաղաթառամ քերց իւրոց՝ Աննայի | Ռէյհանի եւ Մարիամայ եւս, եւ ի յիշատակ իւր եւ կողակցի իւրոյ Ոսկիի | եւ համայն նախնեաց իւրոց։ Եւ օծեալ է ի 5 մայիսի 1902 ամի»։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Ճարտարապետական մաս՝ ճարտարապետական հորինվածքը
Ուղղանկյուն հատակագծով, եռանավ, թաղակապ սրահ է։Շինանյութը (տեսակը, գույնը)
Ավազաքար, կրաքար, տրավերտին, կրաշաղախ Բացվածքները` Մուտքերը (քանակը, կողմնորոշումը)
Ունի երկու մուտք՝ արևմուտքից և հարավից։Բացվածքները` Լուսամուտները (քանակը, կողմնորոշումը)
Ունի վեց լուսամուտ, որոնցից մեկական բացվում են արևմտյան և արևելյան կողմերում, երկուական՝ հարավային և հյուսիսային։ Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Տանիքը (նյութը, ձևը)
Երկթեք, կղմինդրածածկ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է փոքր և միջին չափի քարերով և կրաշաղախով։
Հարդարանքը
Զուսպ Տիպը
Գյուղական եկեղեցի Չափերը` երկարությունը
16,7 մ Չափերը` լայնությունը
10 մ Պահպանվածությունը`
Լավ Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Խաչեն գյուղի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Բարխուտարեանց Մ․, 1895, էջ 162։ ...
Հիմնական մատենագիտություն
Բարխուտարեանց Մ., 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։ .
Ա․Հ․