Լուսանկարը՝ Սամվել Կարապետյանի (RAA archive)
Կարմրակուճ, Շենին աղբյուր
Հուշարձան
Տիպային անվանումը
Աղբյուր Հատուկ անունը
Շենին աղբյուր Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Աղբյուրը կառուցվել է 19-րդ դարում։ 20-րդ դարի սկզբին այն վերանորոգվել է և անխափան գործել։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախը բռնազավթվել և հայաթափվել է ադրբեջանական բանակի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։
Պահպանման միավորի անվանումը
Աղբյուր
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Մյուս Հաբանդ գավառ (հետագայում՝ Դիզակի մելիքություն)։ Մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Հադրութի շրջան, Կարմրակուճ։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 973 մ։ Ջրագրությունը
Գտնվում է Պարզագետ գետակի ձախ կողմում՝ Արևասար լեռան հարավային լանջին՝ Կարմրակուճ գյուղի արևելակողմ ձորակում: Նկարագրություն
Արցախի Դիզակ գավառի ուշ միջնադարյան և 19-րդ դարի աղբյուրները1 ժողովրդական ճարտարապետության նշանակալի նմուշներ են։ Արցախում աղբյուրների նկատմամբ ձևավորված յուրահատուկ վերաբերմունքով է պայմանավորված դրանց ճարտարապետական ու կոմպոզիցիոն առանձնահատկությունները։ Շատ բնակավայրերում աղբյուրները ոչ միայն ջրի մատակարարման կառույցներ էին, այլև գյուղի հատակագծային լուծման առանցքային տարրեր։ Աղբյուրների մոտ էին հատվում գյուղական նեղ ու ոլորուն փողոցները, ինչի հետևանքով ոչ թե եկեղեցին, այլ հենց աղբյուրն էր հաճախ դառնում գյուղի կառուցվածքային կենտրոնը։
Գյուղական աղբյուրները սովորաբար առանձնանում են իրենց խոշոր չափերով։ Դրանց կառուցվածքի ամենատեսանելի հատվածներում՝ հաճախ հենց ծորակի մոտ, տեղադրվում էին նվիրատվական բնույթի արձանագրություններով սալիկներ, որոնք ոչ միայն հաստատում էին աղբյուրի նվիրատվական նշանակությունը, այլև փոխանցում արժեքավոր վկայություններ համայնքի պատմական կյանքի, սոցիալական հարաբերությունների և կենցաղային իրականության վերաբերյալ։
Նման արձանագրությունները գյուղական միջավայրերում դառնում են հասարակական հիշողության կրողներ։ Դրանք հաղորդում են ոչ միայն տվյալ ժամանակաշրջանի բարերարների անունները, այլև բացահայտում համայնքի կոլեկտիվ արժեքները, նվիրատվության և փոխօգնության ավանդույթները։ Աղբյուրի շուրջ ստեղծված տարածքը դառնում է համայնքային հավաքների, առօրյա շփումների և սոցիալական հարաբերությունների ամրապնդման վայր։ Գյուղական աղբյուրի հատկանշական օրինակ է Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի աղբյուրը՝ կառուցված 19-րդ դարում։ Այն դասվում է «սուրբ» կոչվող աղբյուրների շարքին և առանձնանում թե՛ իր կառուցվածքային յուրահատկություններով, թե՛ միջավայրային, տարածական լուծումներով։
Աղբյուրը կառուցվել է անմիջապես ջրի ակունքի վրա և օրգանապես ձուլվել բնական միջավայրին՝ ներդաշնակորեն միավորվելով մոտակայքով հոսող գետակի և ավելի վեր բարձրացող գյուղական փողոցի միջև ձևավորված եռանկյունաձև հողակտորին։ Կառույցի հենքը բնական մեծ ժայռաբեկոր է, որի դիմաց ձգվում է աղբյուրի երկար քարե նովը։ Վերջինս թաղով բաժանվում է երկու մասի։ Ծորակը տեղադրված է ձախ կողմում և ծածկված է նեղ թաղով, որը հենված է նեցուկների դեր կատարող երկու լայն պատերին։ Հատկապես ուշագրավ է ճակատից աջ գտնվող հենապատը, որը բարձրանում է նովի լայնքով ձգվող հզոր բնական պատնեշի վրա՝ մեկ ամբողջականություն ստեղծելու նպատակով։
Ավանդական աղբյուրներին բնորոշ տարրերից բացի, ինչպիսիք են՝ քարե նովը և թաղակապ ծածկը, Կարմրակուճի աղբյուրի հորինվածքը ներառում է նաև մի յուրահատուկ կառուցվածքային բաղադրիչ․ դա կանոնավոր երիզվածքով, մասամբ սրբատաշ պատն է, որն արևելյան կողմում ավարտվում է կիսակլոր, խորանաձև հատվածով։ Սրբատաշ մասում՝ ակի հարևանությամբ, առկա է փոքրիկ ուղղանկյուն խորշ։
Այս ճարտարապետական լուծումն ունեցել է ոչ միայն գեղագիտական, այլև կիրառական նշանակություն։ Նշված պատի սրբատաշ հատվածը գործել է որպես յուրատեսակ «սուրբ խորան», որը, սակայն, զարմանալիորեն չի հետևում քրիստոնեական խորաններին բնորոշ արևելք-արևմուտք կողմնորոշմանը։ Խորշը ծառայել է մոմեր վառելու համար․ հնում այնտեղ ագուցված է եղել խաչքար, որը ցավոք չի պահպանվել։ Նմանատիպ խորշերը, որոնք լայնորեն տարածված էին աղբյուրների ճարտարապետության մեջ, կրել են երկակի գործառույթ՝ պաշտամունքային նշանակություն և գործնական կիրառություն, օրինակ՝ գիշերային ժամերին աղբյուրից օգտվելիս ճրագ տեղադրելու համար։
Հատակագծային լուծման մեջ պատի թեթևակի շեղումը քարե նովի ուղղահայաց գծից ևս վկայում է հորինվածքի յուրահատկության, ինչպես նաև տեղային մշակույթի և հստակ ավանդույթների առկայության մասին։
Պատի սրբատաշ հատվածի` «սուրբ խորանի» տեղադիրքի մասին հետաքրքիր է գյուղի ավագների մեկնաբանությունը, համաձայն որի՝ այն նայում է դեպի «սուրբ, կարմիր քարը»՝ գյուղից 1 կմ հեռավորության վրա գտնվող հսկա ժայռաբեկորը, որը տարածքի ամենահայտնի սրբավայրն է։
Աղբյուրի աջակողմյան պատը և կամարն ամբողջությամբ կառուցված են սրբատաշ կրաքարից, իսկ նովը` քարե խոշոր ուղղանկյուն բլոկներից։ Նույն վայրում` մի փոքր ավելի ներքև, պահպանվել է համեմատաբար վաղ շրջանի մեկ այլ, չափերով փոքր աղբյուր՝ քարե նովով: Երկու աղբյուրների միջև ընկած տարածքը սալարկված է լայն, անկանոն սալերով։ Երկու աղբյուրներն էլ ունեն ջրահեռացման նեղ անցքեր, որոնց միջոցով դուրս է թափվում ավելցուկը և կարգավորվում ջրի մշտական մակարդակը։
Աղբյուրն իր շրջակայքով ներկայացնում է մի ամբողջ համալիր, և միջնադարյան աղբյուրներին բնորոշ համաչափ լուծումը այստեղ բացակայում է։ 20-րդ դարի սկզբին՝ աղբյուրի վերակառուցման ժամանակ, ջրի սակավության պատճառով լրացուցիչ քանակությամբ ջուր է մատակարարվել խողովակներով։
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
19-րդ դար
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Կառուցվել է 19-րդ դարում։ 20-րդ դարի սկզբին աղբյուրը վերանորոգվել է։
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Կարմրակուճի աղբյուրը, որպես ժողովրդական ճարտարապետության օրինակ, ուսումնասիրվել է ճարտարապետ Մանվել Սարգսյանի կողմից (1986)2։
1980-ականներին հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ևս ուսումնասիրել է աղբյուրը, որի վերաբերյալ հակիրճ տեղեկությունը հետմահու հրապարակվել է իր հեղինակած «Հայկական աղբյուրներ» գիրք-ալբոմում3։
Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, ավազաքար, կրաշաղախ
Կոնստրուկցիաները (կրող, ծածկի)
Կամարակապ, թաղածածկ
Իրականացման տեխնիկան (շինանյութի մշակումը, շարվածքի չափը, շարվածքի տիպը, երեսպատումը)
Կառուցված է սրբատաշ և կոպտատաշ քարերի համադրմամբ։ Պատերն ամրացված են կրաշաղախով։
Տիպը
Գյուղական աղբյուր Չափերը` երկարությունը
8 մ Չափերը` լայնությունը
3,5 մ Չափերը` բարձրությունը
Պահպանված կամարի բարձրությունը՝ 2,65 մ Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Աղբյուրը կենսական նշանակություն ուներ գյուղի բնակչության համար։ Այն հայկական ուշ միջնադարյան աղբյուրաշինության յուրօրինակ նմուշներից է։
----------------------------
1 Ավելի վաղ օրինակներ առայժմ հայտնաբերված չեն։2 Սարգսյան Մ․, 1986, էջ 60-61։
3 Կարապետյան Ս․, 2023, էջ 46։
Չափագրություններ
Կարմրակուճ, Շենին աղբյուր
Չափագրությունը՝ Մանվել Սարգսյանի
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Սարգսյան Մ․ - Սարգսյան Մանվել, անձնական արխիվ։
.
Մ․Ս․, Ռ․Խ․