Լուսանկարը՝ Սլավա Սարգսյանի
Քարագլուխ գյուղատեղի, Կուճիր շալի գերեզմանոց, խաչքար № 2
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Չունի
Այլ անվանումներ
Չունի
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանային կոթող
Սկզբնական պատկանելությունը
Քարագլուխ գյուղ
Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Պատմական Մեծ Հայքի Արցախ աշխարհի Մեծ Առանք (հետագայում՝ Խաչեն) գավառ, մինչև 2020 թ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Խրամորթ գյուղ։ Քարագլուխ գյուղատեղին բռնազավթվել է ադրբեջանական բանակի կողմից 2022 թ․ մարտի 24-ին, ինչի հետևանքով հուշարձանի ճակատագիրն անհայտ է։ 
Հասցե
Խրամորթ գյուղ, Քարագլուխ գյուղատեղի
Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 6,5 կմ հյուսիս-արևմուտք՝ Քարագլուխ գյուղատեղիի Կուճիր շալ1 տեղամասում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Քարագլուխ գյուղատեղիից մոտ 0,5 կմ հարավ-արևելք՝ նորահայտ գերեզմանոցում։
Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1012 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Խաչենագետից 4,1 կմ հարավ՝ Շիկաքար լեռան արևելյան անտառապատ լանջին։
Նկարագրություն
Խաչքարը կանգուն է իր տեղում՝ ներքևի հատվածը հողի մեջ: Ունի փոքր չափեր և ուղղանկյունաձև վերնամաս։ Կերտված է սպիտակամոխրագույն կրաքարից։ 
Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
13-14-րդ դարեր
Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Ճարտարապետ Մանվել Սարգսյանը 1980-ական թթ․ նախնական ուսումնասիրման նպատակով այցելել և լուսանկարել է գերեզմանոցը, դաշտային հետագա ուսումնասիրությունները իրականացվել են 2021 թվականին՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։
Պատմական համառոտ տեղեկանք
Հուշարձանի մասին պատմական աղբյուրներում տեղեկություններ կամ տվյալներ չեն պահպանվել։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Կրաքար, բաց մոխրագույն
Պատկերագրությունը, բովանդակությունը (լուսանկարներ)
 
Լուսանկարը՝ Սլավա Սարգսյանի
Ոչ մեծ չափերի ուղղանկյուն կոթող է, որի ճակատի կենտրոնական մասում՝ կամարաձև խորանի մեջ, պատկերված է խորաքանդակ ծաղկած խաչը։ Վերջինիս լայնաթև ծայրերն ավարտվում են անվարժ հյուսված բողբոջաձև երեքտերևուկներով։ Խորանից վերև՝ աջ և ձախ անկյուններում, պատկերված են երկու փոքր խորաքանդակ խաչեր, որոնց թևերն ավարտվում են երկու կլոր նախշով։ Ստորին հատվածում առկա է ևս մեկ խորաքանդակ խաչ՝ կրկին երկթև, կլոր ելուստներով: Խորանից դուրս կոթողի ողջ ճակատային մակերեսը մշակված է հյուսկեն զարդագոտով։ Ուշագրավ է նաև կոթողի վերին քիվի վրա քանդակված երկու հավասարաթև հյուսածո խաչեր ներկայացնող գոտին։
Տիպը
Խաչքարն իր կառուցվածքով և գեղարվեստական հորինվածքով կարելի է թվագրել 13-14-րդ դարեր։
Չափերը` երկարությունը
60 սմ
Չափերը` լայնությունը
90 սմ
Չափերը` խորությունը, հաստությունը
30 սմ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Այս խաչքարը և նույն վայրում գտնվող մի քանի տասնյակի հասնող գերեզմանային կոթողները նորահայտ են և կարևոր պատմամշակութային նշանակություն ունեն ոչ միայն Քարագլուխ գյուղատեղիի և Արցախի, այլև հայկական միջնադարյան կոթողների ուսումնասիրման համար։
----------------------------
 1Կուճիր շալ, Արցախի բարբառով փոքր, հարթ տարածք։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Կուճիր շալի գերեզմանոցը մատենագրության մեջ հիշատակված չէ։
Հրապարակվում է առաջին անգամ։



Ա․Հ․