Պատարա, Օծկա վանք, խաչքար № 2
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը, որպես գերեզմանային կոթող, կերտվել և կանգնեցվել է 11-12-րդ դարերում։
2023 թվականի սեպտեմբերից Պատարա գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Խաչենի իշխանություն

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 21 կմ արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Պատարայից 4 կմ հյուսիս-արևմուտք՝ Օծկա վանքի հարավարևմտյան կողմում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1415 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Պատարա գետի Պիծի վտակի ակունքամերձ Վարար ջուր և Լենջի ջուր վտակների միջնամասում։
Նկարագրություն
Խաչքարը տեղադրված է Օծկա վանքի հյուսիսային կողմում գտնվող միջնադարյան գերեզմանոցի տարածքում։ Ամենայն հավանականությամբ այն կերտվել է 11-12-րդ դարերում՝ որպես գերեզմանային կոթող։ Խաչքարի ստորին հատվածում պահպանված ելուստը վկայում է, որ այն կանգնեցված է եղել պատվանդանին։ Հետագայում խաչքարը խոնարհվել է և ժամանակի ընթացքում ամբողջությամբ ծածկվել հողաշերտով։ 2020 թվականի օգոստոսին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից դաշտային ուսումնասիրությունների ժամանակ այն հայտնաբերվել, մաքրվել և չափագրվել է։

Ուղղանկյունաձև կոթողի կենտրոնում քանդակված է մեծածավալ խաչը, որը երիզված է խաչաձև խորք ունեցող ակոսաձև շրջանակով։ Խաչի չորս թևերը ավարտվում են զույգ շրջանաձև ելուստներով։ Ուղղահայաց խաչաթևերի ստորին կենտրոնական հատվածում տեսանելի է խաչարմատի ճյուղը, որի ներքևի հատվածում՝ շրջանակից դուրս, քանդակված է հասակով մեկ կանգնած լուսապսակ մի անձ։ Վերջինիս երկու կողմերում փորագրված է․ «Ես՝ Գրգոր, կանգնեցի զխաչս ի բարեխաւսութիւն հաւր իմու Հասանայ՝ Մխուդիհ որդու․․»1։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 11-12-րդ դարեր

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ ոճական և գեղարվեստական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Խաչքարը հայտնաբերվել է 2020 թվականին՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից դաշտային ուսումնասիրությունների ժամանակ։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն ավազաքար

Տիպը
Խաչքար-հուշակոթող
Չափերը` լայնությունը
76 սմ
Չափերը` բարձրությունը
150 սմ
Չափերը` խորությունը, հաստությունը
16 սմ
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր է Պատարա գյուղի և Օծկա վանքի պատմության, մշակութային և հոգևոր ժառանգության ուսումնասիրության համար։
----------------------------
1 Արձանագրությունը վերծանել է Արսեն Հարությունյանը։

Լուսանկարներ
...
.
Գ․ Բ․, Ա․ Լ-Ե․