Պատարա, Օծկա վանք, խաչքար № 1
Հուշարձան
Տիպային անվանումը
Խաչքար
Հատուկ անունը
Գրիգորի խաչքար
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Խաչքարը կերտվել է 1229 թվականին և կանգնեցվել եկեղեցու հարևանությամբ։
2023 թվականի սեպտեմբերից Պատարա գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Խաչենի իշխանություն

Պահպանման միավորի անվանումը
Խաչքար
Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայք, Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ (հետագայում՝ Խաչեն)։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերանից 21 կմ արևմուտք։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Պատարայից 4 կմ հյուսիս-արևմուտք՝ Օծկա վանքի հարավարևմտյան կողմում։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1415 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Պատարա գետի Պիծի վտակի ակունքամերձ Վարար ջուր և Լենջի ջուր վտակների միջնամասում։
Նկարագրություն
Խաչքարը գտնվում է Օծկա վանքի հարավարևմտյան կողմում՝ թեքադիր լանջին խոնարհված։ Հայտնի չէ եկեղեցու մոտ խաչքարի նախնական տեղադրության ստույգ վայրը։ Կոթողը քառանկյունաձև է, կերտված է մոխրագույն ավազաքարից։ Ստորին հատվածում պահպանվել է պատվանդանի վրա կանգնեցնելու համար նախատեսված ելուստը։
Խաչքարի կենտրոնական հորինվածքը երեք կողմից շրջապատված է շքեղ զարդագոտի շրջանակով, որի կենտրոնում թևերի զույգ եռաբողբոջ վերջավորություններով ծաղկած հիմնախաչն է։ Ամբողջությամբ նախշազարդ և հյուսվածազարդ խաչի հիմքից դեպի աջ և ձախ գալարվելով տարածվում և վեր են բարձրանում ավանդական արմավաճյուղերը։ Խաչի հիմքում նշմարելի է խաչարմատի ծաղկանման փոքր վարդյակը։ Ուշագրավ է նաև խաչախորանի ներսում խաչը երիզող պարանահյուս, ժապավենաձև շրջանակը։ Խաչքարի ողջ մակերեսը մամռապատ է, որի պատճառով վերջինիս հարուստ հարդարանքի մանրամասները դժվարտեսանելի են։ Հատկապես հետաքրքրական է հուշարձանի ստորին հատվածում պահպանված արձանագրությունը․ «Ի թիւ ՈՁԸ (1229) Ես Խութլուբէկս որդի Ո…մանայ Հեջբին Զաքա|րեի կանգնեցի զխաչս իմ | տա|պանի եղբաւր իմոյ Գրիգ|որին: Որք երկիրպագանեք յաղաւթս յիշէք»1:
Արձանագրությունն առաջին անգամ 2005 թվականին կարդացել և վերծանել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության և ուսումնասիրության վարչության պետ Սլավա Սարգսյանը։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Հայ Առաքելական Եկեղեցի, 13-րդ դար

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ խաչքարի ստորին հատվածում գտնվող արձանագրության

Հուշարձանի ժամանակագրական աղյուսակը
Խաչքարը 2005 թվականին մանրամասն ուսումնասիրել և արձանագրությունը վերծանել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության և ուսումնասիրության վարչության պետ Սլավա Սարգսյանը։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Շինանյութը (տեսակը, գույնը)
Մոխրագույն ավազաքար

Տիպը
Խաչքար-հուշակոթող
Չափերը` երկարությունը
160 սմ
Չափերը` լայնությունը
64 սմ
Չափերը` խորությունը, հաստությունը
20 սմ
Պահպանվածությունը`
Միջին

Արժևորումը
Կարևոր է Պատարա գյուղի և Օծկա վանքի պատմության, մշակութային և հոգևոր ժառանգության, Արցախի միջնադարյան խաչքարարվեստի ուսումնասիրության համար։
----------------------------
1 Սարգսյան Ս․, Առաքելյան Յու․, 2006, էջ 16։

Լուսանկարներ
...
.
Գ․Բ․ , Ա․ Լ-Ե․