Պատարա, Օծկա վանքի գերեզմանոց
Հուշարձան
Տիպային անվանումը
Գերեզմանոց
Հատուկ անունը
Օծկա վանքի գերեզմանոց
Օգտագործումը՝ սկզբնական, հաջորդական և ժամանակակից
Գերեզմանոցը սկզբնավորվել է 12-13-րդ դարերում։ 2023 թվականի սեպտեմբերից Պատարա գյուղը բռնազավթված է Ադրբեջանի կողմից։ Հուշարձանի ներկայիս վիճակի մասին տեղեկություններ չկան։

Սկզբնական պատկանելությունը
Խաչենի իշխանություն, Պատարա (Պտրեցիք, Բադարա) գյուղ

Պահպանման միավորի անվանումը
Գերեզմանոց
Պահպանման միավորի առանձին վկայագրվող մասերը
Տապանաքարեր, խաչքարեր

Տեղագրական տեղեկանք
Շրջանը (գավառ), համայնքը
Մեծ Հայքի Արցախ աշխարհ, Հարճլանք գավառ։ Հետագայում ընդգրկվել է Խաչենի իշխանության և համանուն մելիքության կազմում։ 1991-2023 թթ․՝ Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա։

Հասցե
Արցախի Հանրապետություն, Ասկերանի շրջան, Պատարա

Տեղագրությունը
Գտնվում է Ասկերան քաղաքից 21 կմ արևմուտք՝ Օծկա վանքի արևմտյան և հյուսիսային կողմերում։

Հեռավորությունը և դիրքը բնակավայրից
Գտնվում է Պատարա գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք։

Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից
Բարձր է ծովի մակերևույթից 1415 մ։
Ջրագրությունը
Գտնվում է Պատարա գետի Պիծի վտակի ակունքամերձ Վարար ջուր և Լենջի ջուր վտակների միջև։
Նկարագրություն
Օծկա վանքը գտնվում է Ասկերանի շրջանի Պատարա գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք։ Վանքի հյուսիսային և արևմտյան կողմերում տարածվում է միջնադարյան գերեզմանոցը։ Այստեղ պահպանվել են երկու տասնյակից ավելի կանգուն և տապալված խաչքարեր ու տապանաքարեր։ Դրանց մեծ մասը արձանագիր է։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը 1984 թվականին հետազոտել է Օծկա վանքը և վանքի գերեզմանոցը, ընթերցել մի շարք վիմագրեր։ 2020 թվականին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից հուշարձանի տարածքում կատարված դաշտային ուսումնասիրությունների ժամանակ հողի տակից հայտնաբերվել են արձանագիր նոր խաչքարեր։

Գերեզմանոցի տարածքում հայտնաբերված արձանագիր խաչքարերի, դրանց հորինվածքային և պատկերագրական առանձնահատկությունների ուսումնասիրության արդյունքում բոլոր կոթողները թվագրվել են 12-13-րդ դարերով։ Քանի որ գերեզմանոցն ամբողջությամբ չի հետազոտվել և ուսումնասիրվել, հետևաբար դժվար է հստակ նշել վերջինիս սահմանները և այնտեղ առկա տապանաքարերի ու խաչքարերի քանակը։

Պատմական տեղեկանք
Մշակութային պատկանելությունը, դարաշրջանը, դարը (դարերը)
Խաչենի իշխանություն, Հայ Առաքելական Եկեղեցի, 12-13-րդ դարեր

Թվագրման հիմնավորում` ըստ վիմագրության
Ըստ Օծկա վանքի շինարարական արձանագրության

Թվագրման հիմնավորում՝ ըստ պատկերագրության
Ըստ խաչքարերի և տապանաքարերի պատկերագրական առանձնահատկությունների
Հուշարձանի ուսումնասիրման ժամանակագրական աղյուսակը (ժամանակը, հեղինակը, աշխատանքները)
Գերեզմանոցի տարածքը ուսումնասիրել և որոշ արձանագրություններ է ընթերցել Սամվել Կարապետյանը։
2020 թվականին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից հուշարձանի տարածքում կատարվել են դաշտային ուսումնասիրություններ։

Նկարագրական-բնութագրական տեղեկանք
Տիպը
Վանքի գերեզմանոց
Պահպանվածությունը`
Միջին
Արժևորումը
Կարևոր նշանակություն ունի Արցախի միջնադարյան պատմության, Խաչենի իշխանության, Օծկա վանքի պատմության և հոգևոր կյանքի ուսումնասիրման համար։
Լուսանկարներ
...
Հիմնական մատենագիտություն
Բարխուտարեանց Մ․, 1895 - Բարխուտարեանց Մակար, Արցախ, Բագու, 1895։

Մկրտչյան Շ․, 1985 - Մկրտչյան Շահեն, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Երևան, 1985։

Կարապետյան Ս․, 1984 - Կարապետյան Սամվել, «Պտրեցիք գետահովտի պատմաճարտարապետական հուշարձանները ըստ նորահայտ արձանագրությունների», Լրաբեր հասարակական գիտությունների, Երևան, 1984, № 8, էջ 75-86։

Կարապետյան Ս․, 2022 - Կարապետյան Սամվել, Արցախի մանրատեղանունները, Երևան, 2022։
.
Գ․Բ․